Ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը կդիտվի Լիրիդների ասուպային հոսքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 18, 2011 13:36
Մոտենում է Լիրիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը, որը կդիտվի ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերվա երկրորդ կեսին Քնարի (Լիրայի) համաստեղության ուղղությամբ (Կարապի համաստեղության հարեւանությամբ)` երկնքի ամենապայծառ աստղերից մեկի` Վեգայի մոտ: Այդ տիրույթում է գտնվում ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ռադիանտ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկներության համանախագահ, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանը, «ընկնող աստղերի»` Լիրիդների հոսքն արդեն սկսվել է եւ ընդհանուր առմամբ տեւում է 10 օր` ապրիլի 16-26-ը: Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրն Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով հանդիպում է երկնաքարերի խմբի, եւ վերջիններս` թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են եւ «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում:
Սովորաբար երկնաքարերի չափերը շատ փոքր են, եւ նրանք ամբողջովին այրվում են` չհասնելով Երկրի մակերեւույթին: Միայն հազվագյուտ դեպքերում է որեւէ երկնաքար ընկնում Երկրի վրա, ինչը կարող է տեղական աղետ առաջացնել: Երկրի ճանապարհին հանդիպող երկնաքարերի խմբերը սովորաբար նույնացվում են որեւէ գիսավորի հետ, որոնց նյութից դրանք առաջանում են: Օրինակ` Լիրիդների հոսքի սկզբնաղբյուրը Թետչերի գիսավորն է: Ընդհանրապես ասուպներ կարող են դիտվել ամեն օր, սակայն ասուպային հոսքերի օրերին դրանց թիվը կտրուկ ավելանում է, ինչպես նաեւ հոսքի բոլոր ասուպները` որպես կանոն, «ելնում» են երկնքի որոշակի տիրույթից (ռադիանտից): Երբեմն դիտվում են առանձնահատուկ ինտենսիվ հոսքեր, որոնք կոչվում են ասուպային (աստղային) անձրեւներ, ասուպային բռնկումներ, ասուպային փոթորիկներ կամ «աստղաթափեր», երբ 1 ժամում կարող են դիտվել 1000-ից ավելի ասուպներ:
Տարվա ընթացքում դիտվում է շուրջ 20 ասուպային հոսք, որոնցից հատկապես ինտենսիվ են Քվադրանտիդները, Պերսեիդները, Լեոնիդները եւ Գեմինիդները






Facebook
Tweet This
Email This Post
