Առեղծվածային մահ. ինքնասպանությո՞ւն, թե՞…
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | Աննա Մուրադյան | August 15, 2009 15:22
Ժենյա Խալաֆյանի հայրը՝ Ժորա Խալաֆյանը, չի հավատում, որ իր աղջիկն ինքնասպան է եղել.«Աղջիկս էլ հետ չի գա, բայց գոնե կիմանամ, թե ով է մեղավորը»...
«Երեխուս գողացան տարան, մեռած հետ տվին: Հարսի շորերով ենք թաղել, որ իմ բալեն ըտենց էլ չհագավ», -լացը կոկորդին՝ պատմում էր մահացած ծովագյուղցի Ժենյա Խալաֆյանի մայրը՝ Անահիտ Նավասարդյանը:
20-ամյա Ժենյան Սևանի իր ամուսնու տանը գլխիվայր ընկել էր երկրորդ հարկից, երկու ձեռքերի դաստակներն էլ երեքական տեղից ածելիով մինչև ոսկորը կտրվածքներով, փորի ձախակողմյան մասում խորը կտրվածքով:
2008թ. նոյեմբերի 8-ի առավոտյան 07.30-ի մոտ նրան այդպես հայտնաբերում է սկեսրայրը՝ Համլետ Մխիթարյանը: Այդ ժամանակ տանն իրենից բացի ուրիշ մարդ չկար: Ժենյայի ամուսինն ու սկեսուրը գիշերը 04.30 տանից դուրս են եկել ու գործերով գնացել Երևան:
Գեղարքունիքի մարզի Սևանի քննչական բաժանմունքում մահվան կապակցությամբ քրեական գործ չի հարուցվել: Նախաքննությունը, ուսումնասիրելով մահվան հանգամանքները, որակել է ինքնասպանություն:
Ժենյայի ծնողները չեն հավատում, թե աղջիկը ինքնասպան է եղել. «Մենք տանը նստած սպասում էինք արդար վճռի, արդարադատության կայացմանը, մեկ էլ հանկարծ իմանում ենք, որ փետրվարին գործը փակվել է հանցակազմի բացակայության պատճառով», – ասում է Ժենյայի հայրը` Ժորա Խալաֆյանը:
Խալաֆյանների փաստաբաններ Արմեն Սողոմոնյանը ու Գուրգեն Մարտիրոսյանը գործին ծանոթանալուց հետո դիմում են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` գործը վերաբացելու խնդրանքով:
Ժենյան ընդամենը 20 օրվա հարս էր: Նա սպիտակամորթ, միջահասակ, փոքրամարմին, սիրունատես ու ժպտադեմ աղջիկ էր: Սովորում էր Գյուղակադեմիայի 4-րդ կուրսում: Մի քանի ուսանող ընկերուհիների հետ վարձով ապրում էր Ավանում:
Նրա ամուսինը` 28-ամյա Մուշեղը, նույնպես միջահասակ, ամրակազմ, դուրեկան արտաքինով երիտասարդ է: Նա «Անկախին» ոչ մի բան չցանկացավ ասել, միայն մի նախադասություն. «Մինչև էդ ուրիշին չեմ սիրել»:
Իսկ փաստաբաններին պատմել է, որ Ժենյային բերելու օրը տունը զարդարել է փուչիկներով: Իսկ մինչ այդ՝ սիրահետելու ընթացքում, փափուկ խաղալիքներ է նվիրել ու առանձնահատուկ ուշադրությամբ փորձել գրավել ապագա կնոջ սիրտը: «Տղայական տարիքի սեր ա էղել Մուշեղի մեջ», – եզրակացնում է փաստաբան Մարտիրոսյանը:
«Իրան շատ հավանողներ ուներ, մի տեղ որ գնայինք, կասեին` էս ինչ սիրուն աղջիկ ա, ուզենք մեր տղին», – պատմում է Ժենյայի մայրը: Ժենյայենց հարևաններն էլ ասում են, որ նա շատ ուզողներ է ունեցել:
Այդպիսի մի հավանող էլ եղել է Ժենյայի ապագա սկեսուրը՝ Ռիտա Գրիգորյանը, որ Ժենյային մոր հետ տեսել է իրենց «Դեղին տերև» տրիկոտաժի խանութում հաճախ առևտուր անելիս:
Մուշեղն ու Ժենյան ծանոթ են եղել 1, 5 տարի, սակայն ընկերություն են արել վերջին 4 ամիսները: Հոկտեմբերի 11-ին տղայի ծնողները պիտի գնային աղջկան ուզելու, բայց նախօրեին հանկարծ մահանում է Ժենյայի մորաքույրը: Հոկտեմբերի 14-ին Ժենյան տուն չի գալիս, նրա ծնողներին զանգում ու ասում են, որ աղջկան փախցրել են: «Ամբողջ գիշեր ընտանիքով չքնեցինք, ուզում էի աղջկաս հետ խոսել, – ասում է Ժորա Խալաֆյանը, – նոր հաջորդ օրը Ժենյան զանգեց ասեց` պապ, իմ կամքով եմ գնացել, ուզում եմ Մուշեղին»:
Նրանք Ժենյային այլևս երբեք չեն տեսնում:
«Մենք էդ տղուն սկի աղջիկ չէինք էլ ուզում տայինք, – ասում է տիկին Անահիտը, – ինքը կրթություն չուներ, ձկնավաճառ, սաղ օրը փողոցներում տղա էր»:
Փախցնելուց հետո Ժենյան ծնողների հետ չի տեսնվել: Այդ ընթացքում ծանր հիվանդանում է նրա հորեղբոր որդին, ու նրանց տանը մորաքրոջ մահվանից ու իր փախնելուց հետո խառնաշփոթ էր:
Ժենյայի մահվան հաջորդ օրը իր եղբոր` Բաբկենի ծննդյան օրն էր, Մխիթարյանների ընտանիքը պիտի գնար Խալաֆյանների տուն` բարիշելու:
Խալաֆյանների ընտանիքը անասուն էր մորթել, պատրաստություն տեսել: Ժենյան այդ երեկո 3-4 անգամ զանգել է տուն, մոր հետ խոսել տարբեր կենցաղային թեմաներով, անհանգստացել, թե արդյոք լա՞վ պատրաստություն են տեսել:
«Աղջիկս ինձ ասաց, որ նոր հագուստ է պատրաստել մեր տուն գալու համար, – ասում է տիկին Անահիտը, – Խի ինքնասպանության մասին մտածող մարդը էդքան կանհանգստանա՞ր էդ մասին»:
Տիկին Անահիտն ասում է, որ խնամիները կարմիր խնձոր չէին բերել. «Ես ներքուստ սպասում էի ու թաքուն նվերներ էի պատրաստել կարմիր խնձորի սինու համար (հայկական ադաթով սինին դատարկ չեն ուղարկում)»:
Իսկ Ժենյայի կուսությունը հավաստող սավանը Մասիսից (Ժենյան ծնողներին հեռախոսով ասել էր, որ իրեն փախցրել են Մասիս, ինչ-որ բարեկամի տուն են տարել) բերվել է Սևան: Դա հաստատել է նաև Մուշեղը փաստաբաններ Սողոմոնյանին ու Մարտիրոսյանին:
Ժենյան մահացել է հիվանդանոցում, որտեղ տարել են շտապ օգնության աշխատակիցները հարևանուհու զանգից հետո: Ավելի ուշ իմաց են տվել աղջկա ծնողներին:
«Երանի մեջս ուժ գտած լինեի, մտնեի աղջկաս էդ վիճակի մեջ տեսած լինեի», – ասում է տիկին Անահիտը, ում խորհուրդ չեն տվել մտնել հիվանդասենյակ:
2-րդ հարկի լոգարանի տռապին գտնվել է սկեսրայրի «ռապիռա» ածելին, սակայն փորձագետը չի նշել, թե այն ինչ գործ ուներ հատակին և արդյոք այդ ածելիով են կտրված աղջկա երակները: Լոգարանում նաև գտնվել են կղանքի հետքեր, արյունոտ կանացի ներքնազգեստ: Աղջկա արյունոտ ոտնահետքերը լոգարանից գնում են դեպի պատշգամբ, սակայն Ժենյան ընկել է ննջարանի պատուհանից, բայց պատշգամբից դեպի ննջարան տանող արյունոտ ոտնահետքեր չկան:
«Անասունի նման իրան մորթել էր, – «Անկախին» ասաց Ժենյայի սկեսայրը` Համլետ Մխիթարյանը, – ես կուխնիում նստած կոֆե էի խմում, մեկ էլ թմփոցի ձեն լսեցի: Վազեցի դուրս տենամ ի՞նչ. տակը տկլոր, վերևը մի հատ մայկատիպ մի բան հագին՝ արնաշաղախ ընկած է՝ դեռ կենդանի: Գոռացի. բայց ինչո՞ւ, ինչի՞ համար, նայեց աչքերիս մեջ, բայց ոչ մի բառ չկարեցավ ասել»:
Սկեսրայրն ասում է, որ շատ ուշադիր է եղել հարսի հանդեպ ու առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել. «Ամեն օր իրա համար Սնիկերս ու նատուրալնի սոկ էի բերում, ճակատն էլ պաչում էի»:
Սկեսրայրից բացի ոչ ոք չի կարող ասել, թե Ժենյան բառ ասե՞լ է մեռնելուց առաջ, կամ եթե ասել է, ապա ի՞նչ: Դատաքիմիական փորձագետի եզրակացությամբ՝ Ժենյայի 10 եղունգների արանքներում, ինչպես նաև ննջասենյակի անկողնու սավանի ու ծրարի վրա հայտնաբերվել են սկեսրոջ` Համլետ Մխիթարյանի հագուստի մանրաթելերը:
Դիակի սեռական օրգաններում սերմնահեղուկ չի հայտնաբերված, մինչդեռ նրա ամուսինը փաստաբանների հետ բանավոր զրույցում ասել է, որ այդ գիշեր տնից դուրս գալուց առաջ առանց պաշտպանվելու սեռական հարաբերություն է ունեցել կնոջ հետ:
Փաստաբան Սողոմոնյանին տարօրինակ է թվացել այն հանգամանքը, որ ձեռքերի խորը կտրվածքներով միջահասակ աղջիկը կարող էր ձգվել, ուժ գործադրել ու բացել ննջասենյակի պատուհանի վերևի ֆորտչկան: Դա սովետական նեղ լուսամուտ է, որի ներքևի հատվածը բացելու համար նախ պետք է բացել վերևի փոքր մասը: Դրա համար կամ շատ բոյով պիտի լինես կամ կանգնես լուսամուտագոգին: «Ես առողջ տղամարդ լինելով հանդերձ դժվարությամբ բացեցի, – ասում է Սողոմոնյանը, – բացի այդ` լուսամուտի և դրա շրջակայքում ոչ մի մատնահետք կամ ոտնահետք չկա»:
Ժենյայի մահվանից հետո Սևանում խոսակցություններ են պտտվում, որ նա հոգեկան հիվանդ է եղել և դրա պատճառով ինքնասպան եղել: Աղջիկը, որի կյանքում հոգեկան հիվանդության ոչ մի դրսևորում չի նկատվել, մեռնելուց հետո ինչպե՞ս հանկարծ հոգեկան դարձավ:
Այդպես Գավառում ընտանեկան անհամաձայնության հետևանքով մի կին ինքնասպան էր եղել, որից հետո ամունսու շրջապատը տարածել էր, թե նա հոգեկան հիվանդ է: Այս գործը փակվեց, քանի որ ամուսինն էլ կնոջ մահից հետո ինքնասպան էր եղել:
Տիկին Անահիտն ասում է, որ իր աղջկա հոգեկան լինելու մասին խոսակցությունները տղայի ընտանիքն է տարածել, որ թաքցնեն, թե իրականում ինչ է եղել:
Իսկ Ծովագյուղի Ժենյայենց հարևաններն ասում են, որ իրենք հոգեկան հիվանդի ոչ մի նշաններ չեն նկատել աղջկա մոտ: Փաստաբան Մարտիրոսյանն ասում է, որ հոգեկան հիվանդ լինելու մասին որևէ փաստ չկա. «Իսկ նորմալ մարդն ինքնասպան լինելու լուրջ պատճառ պիտի ունենար, որն այս դեպքում բացակայում է, – ասում է Մարտիրոսյանը, – հետևաբար, մեռնելու հարցում նրան օգնել են»:
Երթուղայինում, որով «Անկախի» թղթակիցներս գնացինք Սևան, կողքիս նստած ուղևորին ընդամենը հարցրի, թե Սևանում որտեղ է գտնվում «Դեղին տերևը», ու անմիջապես խոսակցություն ծավալվեց «վերջը պարզվեց ի՞նչ պատմություն էր էն աղջկա հետ» թեմայով:
Ահա այդպես Ժենյայի մահվան լուրը հենց դեպքի օրը բերանից բերան, խոսքից խոսք տարածվել է ողջ Սևան քաղաքով ու հարակից գյուղերով մեկ, մտնելով ամեն տուն՝ դառնալով սուրճի սեղանի խոսակցության թեմա, ամեն տեղ հարստանալով նոր էլեմենտներով ու տարբեր վարկածների նյութ դառնալով:
Մեկ ուրիշ վարկածի հեղինակներն էլ ասում են, որ 45000 դոլարով գործը փակել են ու մատնանշում են այն փաստը, որ Ժենյայի մահվանից հետո Ռուսաստանից հանկարծ Սևան է գալիս Մուշեղի քեռին, ով, ասում են, մեծահարուստ է: Նաև պնդում են, թե սպանել են Ժենյային, և թե ով է սպանել (անմեղության կանխավարկածը հարգելով` «Անկախը» չի նշում թե ում անունն է շրջանառվում):
Այժմ նախաքննություն է տարվում Կոտայքի մարզի քննչական բաժնում:
«Աղջիկս էլ հետ չի գա, բայց գոնե կիմանանք, թե ով ա մեղավորը», – ասում է Ժորա Խալաֆյանը:
Ինքնասպանությունը հայկական ավանդական միջավայրում ամոթալի հարված է ընտանիքի անդամներին, նույնքան ամոթալի է հոգեկան խանգարումը. «Ես ուզում եմ, որ անմեղ աղջկաս անունի վրայից էդ բիծը մաքրվի», -հեծկլտալով ասաց տիկին Անահիտը:






Facebook
Tweet This
Email This Post
