Իէն Գիլան.«Երբեք չեմ մոռանա դժոխքի պատկերները»

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 18, 2011 12:24

Մայիսի 6-ին գերմանական Edel-ը կթողարկի Who Cares խմբի սինգլը, որը Իէն Գիլանը (Deep Purple) եւ Թոնի Այոմին (Black Sabbath, Heaven and Hell) ստեղծել են Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման նպատակով:

Սինգլի թողարկման նախաշեմին Իէն Գիլանը պատասխանել է Մեդիամաքսի հարցերին:

– WhoCares-ը դարձավ Թոնի Այոմիի հետ ձեր համատեղ աշխատանքի առաջին փորձը 1983 թվականից հետո, երբ դուք մեկ տարով Black Sabbath-ի անդամ դարձաք: Ինչպիսի՞ն էր այս նոր համագործակցությունը եւ արդյո՞ք զուգահեռներ անցկացրել եք առաջին եւ երկրորդ փորձերի միջեւ:

– Հիանալի էր կրկին աշխատել Թոնիի հետ: Նրա հետ շատ հեշտ է ստեղծագործել, եւ լինելով երգիչ, ես հստակ գիտեմ, թե նա ինչ է ուզում: Մեր համատեղ աշխատանքը ընկերական էր եւ պրոֆեսիոնալ:

Մենք հույս ունենք կրկին ինչ-որ համատեղ բան ստեղծել ոչ շատ հեռու ապագայում:

Չեմ կարծում, որ կարելի է համեմատություններ անել Black Sabbath-ի հետ իմ նախորդ փորձի հետ. այն ժամանակ խումբ էր եւ մի ամբողջ ալբոմ, ինչն արմատապես տարբերվում է նրանից, ինչ արեցինք այս անգամ:

Դուք գրեցիք «Out of My Mind» երգն անմիջապես 2009 թվականի հոկտեմբերին Հայաստանից վերադառնալուց հետո: Ինչպե՞ս էր դա տեղի ունենում:

– Սովորաբար երաժիշտներն, ովքեր աշխատում են խմբերում, գրում են այն մասերը, որոնք հենց իրենք էլ կատարում են: «Out of My Mind»-ի դեպքում Թոնին ներկայացրեց ողջ երաժշտական գաղափարը, իսկ ես գրեցի բառերը եւ երգեցի:

Սինգլի երկրորդ երգի` «Holy Water»-ի դեպքում, իրավիճակն մի փոքր այլ է, քանի որ ես այն գրել եմ Սթիվ Մորիսի հետ, իսկ Թոնին մեծահոգաբար համաձայնվեց կատարել կիթառի մասը:

– 1990
թվականին Սպիտակ այցելելուց հետո դուք գրեցիք «Pictures of Hell» երգը: Մենք նկատեցինք, որ այն ձայնակցում է նոր` «Out of My Mind» երգի հետ: Դա իրոք այդպե՞ս է:

– Ես ընտրել էի անվանումը բացառապես որպես մեթոդ` այն սարսափելի պատկերները վերակենդանացնելու համար, որոնք ես տեսա Հայաստան կատարած իմ առաջին այցի ընթացքում: Պետք է կրկին ասեմ, որ ես երբեք չեմ մոռանա դժոխքի պատկերները:

Դիտվել է 1017 անգամ:
Print Friendly

Leave a Reply