Առաջին ստրիպտիզ դպրոցը Հայաստանում
Շաբաթվա լուր | Անի Շաբոյան | August 15, 2009 15:41
24-ամյա Լյուդմիլան ասում է, որ, ի տարբերություն սովորական ստրիպտիզի, ստրիպ-պլաստիկայի դեպքում ավանդական ձողի շուրջ աղջիկները պարելու են հագնված:
Ուկրաինացի պարուհի Լյուդմիլա Սիդորովան այսուհետ հայ աղջիկներին ստրիպտիզ պարել է սովորեցնելու, ինչպես ինքն է ասում` ստրիպ պլաստիկա, այսինքն, պլաստիկ և ճկուն պար:
Ստրիպ պլաստիկան ստրիպտիզի ուղղություններից մեկն է համարվում: Ի տարբերություն սովորական ստրիպտիզի` ստրիպ պլաստիկայի դեպքում ավանդական ձողի շուրջ աղջիկները պարելու են հագնված: 24-ամյա Լյուդմիլան հատուկ է ընտրել հենց այս ուղղությունը` հաշվի առնելով հայկական պահպանողական մտածելակերպը:
Այսուհանդերձ պլաստիկ պարին տիրապետելով` եթե պարուհին ցանկանա մերկապար պարել, ապա նրա համար մեծ դժվարություն չի լինի հանվելը:
Իսկ ինչու՞ է երիտասարդ պարուհին որոշել հենց Հայաստանում բացել նման դպրոց. «Ես ստրիպտիզ դպրոց ունեի Կիևում, հետագայում ստեղծեցի նաև իմ շոու բալետը, որի հետ շոու ծրագրերով հանդես էինք գալիս տարբեր երկրներում ու նաև Հայաստանում, -ասում է Սիդորովան, – առաջին անգամ, երբ եկանք այստեղ, շատ զարմացանք, որովհետև մեզ ճիշտ չընդունեցին. մեզ նայում էին ուրիշ աչքով (որպես մատչելի կանանց), իսկ տղաների բախտն ընդհանրապես չբերեց, որովհետև կարծում էին, թե նրանք ունեն այլ կողմնորոշում: Այնուհետև իմ խումբը ցրվեց, իսկ ես որոշեցի գալ այստեղ, որովհետև ինձ շատ դուր եկավ Հայաստանը, և փորձել նաև այստեղ բացել իմ դպրոցը»:
Ստրիպտիզ բառն առաջացել է անգլերեն strip բառից, թարգմանվում է շորերը հանել, մերկանալ: Երաժշտության ներքո պարելով` մերկացել են դեռ Հին Արևելքում: Ասորեստանում և Բաբելոնում կար սովորույթ, որի համաձայն տաճարում ծառայող քրմերը տոներին պետք է հատուկ էրոտիկ պար ներկայացնեին` դանդաղ և գեղեցիկ հանվելով երաժշտության ներքո:
Ստրիպտիզն արդեն` որպես էրոտիկ պար, մասսայական դարձավ 19-20-րդ դարերում, սկզբում Արևմուտքում:
Առաջին ստրիպտիզ դպրոցը հիմնվել է Ամստերդամում 2000թ.: Այժմ աշխարհի ամենատարբեր երկրներում գոյություն ունեն նման դպրոցներ, որտեղ սովորեցնում են մերկապար պարել:
Ինչպես Լյուդմիլան է ասում, միայն Կիևում 150 ստրիպտիզ դպրոց է գործում: Նա ասում է, որ մինչև ստրիպտիզի դպրոցներ ստեղծվելը ստրիպտիզ ակումբներում պարուսույցն էր դասընթաց անցնում պարուհիների հետ. «Այդպես պարել եմ սովորել նաև ես: Պարուսույցը 3 շաբաթ անվճար դասեր էր տալիս, եթե պարողը կարողանում էր այդ ընթացքում լիովին տիրապետել պարին, ապա անցնում էր աշխատանքի, եթե ոչ, պարուսույցը շարունակում էր պարապել, բայց արդեն վճարովի»:
Հայաստանի ստրիպտիզ ակումբներում պարուհիները հիմնականում ինքնուս են: Իսկ նրանց աշխատանքի ընդունողները դա կարևոր չեն համարում, և պարտադիր չէ, որ պարուհին ունենա պարային կրթություն:
Մասնավորապես այդպես է «Օմեգա» գիշերային ակումբում, որտեղ արդեն 10 տարի պարուհի ընդունելու հիմնական պայմանն է, որ նա հայ չլինի. «Մենք ուշադրություն չենք դարձնում պարային կրթությանը, -ասում է ակումբի մենեջեր Սամվել Գալստյանը, – ակումբի ստեղծման հենց առաջին օրերից մենք որոշել էինք, որ մեզ մոտ պարելու են միայն ռուս, բելառուս, ուկրաինացի ստրիպտիզ պարուհիները: Նրանց մենք գտնում ենք ինտերնետով, առաջարկում ենք մեր պայմանները, և նրանք գալիս են»:
Թեև ակումբում պարել են ցանկացել նաև հայուհիներ, բայց մերժում են ստացել: Գալստյանը չի պատճառաբանում, թե ինչու հայ աղջիկներ չեն վերցնում:
Լյուդմիլան առաջինն է, ով հիմնելով ստրիպտիզ դպրոց, ուզում է փոխել հայերի պատկերացումը ստրիպտիզի մասին. «Շատերը, ստրիպտիզ ասելով, պատկերացնում են ակումբ և մերկ աղջիկ, -ասում է նա, – իրականում ստրիպտիզը պահանջում է պլաստիկա, ճկունություն, որը շատ օգտակար է կնոջ կազմվածքի համար, որովհետև հենց ձողի միջոցով ձգվում են կրծքի, փորի, կոնքերի մկանները: Եվ ստրիպտիզն իսկապես շատ գեղեցիկ, էրոտիկ պար է: Ստրիպտիզն արվեստ է, չնայած Հայաստանում այդպես չեն կարծում»:

Լյուդմիլան առաջինն է, ով, հիմնելով ստրիպտիզի դպրոց Հայաստանում, ուզում է փոխել հայերի պատկերացումը ստրիպտիզի մասին:
Հայաստանի ակումբներում Լյուդմիլան ստրիպտիզ դեռ չի պարել, սակայն անպայման ցանկանում է պարել, իսկ թե որտեղ, դեռ չգիտի: Համոզված է, որ դպրոցը նաև իր գովազդը կապահովի, և կլինեն առաջարկություններ:
5 տարեկանից պարող Լյուդմիլան փորձել է իրեն պարի ամենատարբեր ոճերում` սկզբում ժողովրդական, այնուհետև բալետ, լատինաամերիկյան, ապա ստրիպտիզ: Բացի ստրիպտիզից, այլ լատինաամերիկյան, դասական, արաբական և այլ ժանրերի պարեր էլ կդասավանդվեն «Step by step» (քայլ առ քայլ) անունը կրող դպրոցում: Դպրոցում կարող են սովորել միայն աղջիկները, քանի որ հայ տղաները, ինչպես Լյուդմիլան է ասում, լուրջ չեն ընդունում պարը և հիմնականում կուզեն գալ, որ պարող աղջիկներին նայեն:
Սակայն եթե հետագայում իսկապես լինեն ստրիպտիզ պարել ցանկացող տղաներ, ապա նրանց հետ կպարապի տղամարդ մասնագետը: «Ես պարապելու եմ 18 տարեկան և բարձր աղջիկների հետ, բայց եթե լինեն նաև ավելի ցածր տարիքի ցանկացողներ, ապա կոլեգա-պարուսույց կհրավիրեմ Ռուսաստանից, -ասում է Լյուդմիլան, – յուրաքանչյուր աշակերտ հաճախելու է շաբաթական երեք անգամ: Ամեն մի պարապմունքը տևելու է 2 ժամ և կարժենա 3000 դրամ»:
Նրանք, ովքեր իսկապես կցանկանան լրջորեն տիրապետել պարերին, կկնքեն աշխատանքային պայմանագիր, համաձայն որի` մեկ տարի ուսուցումից հետո կստանան սերտիֆիկատ և կունենան աշխատանք. «Պարողները կապահովվեն նաև աշխատանքով, այսինքն, ընդգրկվելով իմ շոու բալետում, հանդես կգան շոու ծրագրերով ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում և այլ երկրներում»:
Այժմ դպրոցում նոր է ավարտվել վերանորոգումը, և Լյուդմիլան զբաղվում է աշակերտների հավաքագրման աշխատանքներով: Գալիս են ինչպես նոր պարել ցանկացողները, այնպես էլ արդեն ակումբներում ստրիպտիզ պարողները: Դպրոցն արդեն գրանցված է և պաշտոնապես կբացվի սեպտեմբերի սկզբին: Լյուդմիլան հետագայում նպատակ ունի «քայլ առ քայլ» իր դպրոցը վերածել կանանց ակումբի, որտեղ կլինեն նաև գուշակի սրահ, սոլյարի, և աստիճանաբար կավելանան նաև այլ ծառայություններ:






Facebook
Tweet This
Email This Post
