ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 16, 2011 15:22

Ոստիկանության հարգելի´ աշխատա­կիցներ և վետերաններ,

Պարոնա´յք գեներալներ, սպաներ, ենթասպաներ, շարքայիններ,

Շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակ­ցու­թյամբ:

Անցած երկու տասնամյակները Հայաս­տանի ոստիկանության կայաց­ման ու ամրա­պնդման կարևոր շրջան էին, որի ընթացքում դուք իրականացրել եք ձեր առաքելությունը: Ե´վ Արցախյան ազատամարտում, և´ հան­ցա­վորու­թյան դեմ պայքարում մեր ոստի­կան­ներից շատերը դրսևորեցին մասնագի­տա­կան բարձր որակներ ու հերոսական կեցվածք: Ոմանք ընկան այդ կռվում, բայց նրանց հիշատակը և նկարագիրը` արդար և ուժեղ ոստիկանի կերպարը, մնացին և պետք է մնան որպես չափանիշ, որպես ձեր աշխատանքի ու ծառայու­թյան ուղեցույց:

Հայաստանի ոստիկանությունն այս ընթաց­քում անցավ վերափոխում­ների բարդ շրջադարձերի միջով, և այսօր էլ բարեփո­խումներն ու արդիակա­նա­ցումը համակարգում շարունակվում են: Ժամանակակից պահանջներին համապատասխանող օրենք­ների ընդունումը և օրենսդրական փոփոխու­թյուն­ների ողջ փաթեթը, իհարկե, անհրա­ժեշտ էին, բայց ակնհայտ է, որ դրանք բավա­րար չեն: Ցավոք, մեզ դեռ չի հաջողվել ձևավորել քաղաքացիոստիկան, հասարա­կությունոստիկանություն հարաբերություն­ների նոր մշակույթ, նոր ավանդույթ: Երբեմն չափն անցնում է ոստիկանը, երբեմն` քաղա­քացին: Այս իրողությունը մեծապես խոչըն­դոտում է ընդհանուր զարգաց­մանը: Դրանից հավասարապես տուժում և հավասարապես դժգոհ են թե´ քաղաքացին, թե´ ոստիկանը: Մեր խնդիրն է ձևավորել այդ նոր ավան­դույ­թը, և այստեղ առաջին դերը կրկին պատկա­նում է ձեզ, որովհետև դուք ներկայաց­նում եք պետական կառույց և հիմնականում կայա­ցած կառույց: Ձեզնից ակնկալվում են բացա­ռիկ սառնասրտություն ու զսպվածություն և մյուս կողմից `վճռականություն: Այո´, սա բարդ խնդիր է, որովհետև հաճախ դժվար է որոշել սահմանը, բայց դա ձեր մասնագիտությունն է, ձեր առաքելությունն է և պարտականությունը:

Քաղաքացիների իրավունքների և ունեց­վածքի պաշտպանությունը, ինչպես նաև պայքարը հանցավորության դեմ մեր ոստի­կա­նությունն իրականացնում է հիմնակա­նում արդյունավետ կերպով: Սա փաստ է: Մենք միշտ հպարտորեն նշում ենք, որ Երևա­նը աշխարհի ամենաապահով մայրա­քաղաքներից է: Սա առաջին հերթին բխում է մեր ժողովրդի և հասարակության նկարագ­րից, բայց սա նաև մեր ոստիկանության արժանիքն է, որ պետք չէ ուրանալ:

Տոնական օրերին այնքան էլ ընդունված չէ խոսել խնդիրների և բացթողումների մասին, բայց, կարծում եմ, որ դուք, հարգելի´ ոստիկաններ, արդեն սովոր եք զգոնության և զգաստության կոչերին: Փաստ է նաև այն, որ օրինականության պահպանման հարցերում մենք ձեզ հետ միասին դեռ լուրջ անելիքներ ունենք: Վստահեցնում եմ, որ մեր քաղաքա­ցիներն իսկապես ուզում են ապրել օրենքով: Ձեզնից ակնկալվում է, որ դուք հստակ ձևակերպեք ձեր պահանջներն ու խնդիր­ները, ինչպես նաև բացառեք խտրականու­թյունը: Օրենքի առջև հավասարության սկզբունքի խախտումը, նույնիսկ մեկ խախ­տումը, վարկաբեկում և փլուզում է ողջ հա­մա­կարգը: Հենց այդ համակարգն է կոչված ձևավորելու նոր` բոլորիս կողմից ընդունելի ավանդույթը, քաղաքացու և ոստիկանի փոխհարաբերության ավան­դույթը: Կրկնում եմ` մեր խնդիրն է ձևավորել նոր մշակույթ, այլ ո´չ քայքայել այն դեռևս սաղմնային վիճակում: Ընդունում եմ, կյանքը շատ ավելի հարուստ է ու բազմաշերտ, քան թղթի վրա գրված օրենքները, և դուք ամեն օր, ձեր գոր­ծի բերումով, բախվում եք ամենատարբեր իրավիճակների: Լինում են արտակարգ դեպ­քեր ու բացառություններ, բայց մեր խնդիրն է նվազագույնի հասցնել բացառությունները:

Խնդրում եմ հիշել, որ մեր երկրի քաղա­քացի­ներն ու հյուրերը ոչ մի պաշտոնյայի այնքան հաճախ չեն հանդիպում, որքան ձեզ` փողոցից սկսած: Նրանց համար առաջին հերթին դուք եք ներկայացնում մեր պետու­թյու­նը` Հայաստանի Հանրապետությունը, որ կարող է նրանց աչքում բարձրանալ կամ հակառակը` վարկաբեկվել հինգ րոպեում: Նման պատասխանատվությունը ծանր է, բայց պատվաբեր, և հենց այդ պատճառով մենք բարձր ենք գնահատում ձեր աշխատանքը և պատրաստ ենք ամենայն աջակցության:

Հարգելի´ ոստիկաններ,

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիք­ներին քաջառողջություն, հաջողություններ ձեր ծառայության մեջ: Նոր Հայաստանի կերպարը ձևավորվում է բազմաթիվ բաղադրիչներից, որոնց մեջ ամենակարևոր­ներից է նաև ոստիկանի կերպարը: Մաղթում եմ, որ այդ կերպարը համապատասխանի մեր հասարակության պահանջներին և իդեալներին: Մեր երկրի ներկան ու ապա­գան պայմանավորված են բազմաթիվ գոր­ծոններով, որոնցից յուրաքանչյուրն անկրկնե­լի և անփոխարինելի է: Այդ առանց­քային գործոններից մեկը դուք եք, հարգելի´ ոստիկաններ: Եվ ես մաղթում եմ ձեզ արժանի լինել ձեր բարձր կոչմանը:

Շնորհավորում եմ:

Դիտվել է 1704 անգամ:
Print Friendly

Leave a Reply