Ազգային Ժողովի նախկին փոխնախագահը լքեց Հայ ազգային կոնգրեսը

ՄԱՐԴԻԿ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 15, 2011 20:03

Հայաստանի Ազգային Ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի շարքերը լքելու մասին: Նրա տարածած հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է.

«Սույն հայտարարությունը հրապարակելու պահից դադարեցնում եմ իմ անդամությունը Հայ ազգային կոնգրեսին: Քաղբանտարկյալների հանդեպ իմ բարոյական պարտավորվածությունը, որը մինչ այս հետ էր պահում ինձ այս քայլից, շարունակելու է խայթել խիղճս: Բայց, մյուս կողմից, շուրջս ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, մոլեռանդ շարքերի թշնամանքը, զրպարտելու, պիտակավորելու սկիզբ առած արշավը, այլեւս անհնարին ու իմաստազուրկ են դարձնում այդ վերջին կամրջի պահպանումը:

Կոնգրեսից իմ դուրս գալու հանգամանքը ոչ մի կերպ չի նվազեցնում իմ անկեղծ հիացմունքը` հանուն ժողովրդավարական Հայաստանի Հանրապետության երկարամյա պայքարի իմ ընկերների վճռականության ու նվիրվածության հանդեպ: Եվ, ինչ խոսք, ասավածը առաջին հերթին վերաբերում է իրենց համոզմունքների համար բանտերում հայտնված մեր ընկերներին: Չի նվազեցնում նաեւ իմ վճռականությունը` նույնպիսի նվիրումով, որպես Հայաստանի շարքային քաղաքացի, շարունակելու այդ պայքարը:

Հայաստանում ձեւավորված ներկայիս մարդատյաց, հակազգային, հանցավոր ռեժիմը  հանդուրժելը հանցագործություն է մեր երկրի ու սերունդների նկատմամբ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ անհատ, որը չի հաշտվում այս ռեժիմի հետ ու պայքարում է, իմ դաշնակիցն ու պայքարի ընկերն է:
Ազատություն քաղբանտարկյալներին: Կորչի երկիրը կործանող քրեաօլիգարխիկ ռեժիմը»:

Դիտվել է 1523 անգամ:
Print Friendly

Leave a Reply