Աղվան Հովսեփյանը նամակով դիմել է ՌԴ գլխավոր դատախազին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 15, 2011 15:24

2010 թվականի նոյեմբերի 4-ին ադրբեջանական կողմը Հայաստանին  հանձնեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանի դին, ով, ադրբեջանական  պաշտոնական հայտարարությունների համաձայն, մահացել է 2010 թվականի հոկտեմբերի 5-ին՝ խեղդամահության հետեւանքով:

ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով՝  Մանվել Սարիբեկյանի մահվան փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 13-րդ կետերով (սպանություն առանձին դաժանությամբ և  ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) ՀՀ ոստիկանությունում հարուցվեց քրեական գործ, որի նախաքննությունը  այնուհետև հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությանը:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Մ. Սարիբեկյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը եւ լրիվությունն ապահովելու համար 2010 թ. դեկտեմբերին նամակով դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զ. Գարալովին` քրեական գործի քննությանն աջակցելու համար, այն է` մասնավորապես տեղեկացնել, թե Ադրբեջանի քննչական մարմինների կողմից կատարվում է արդյոք քննություն Մ.Սարիբեկյանի բռնի մահվան դեպքի առթիվ, եթե՝ այո, ապա ուղարկել քրեական գործը կամ քրեական գործի նյութերը: ՀՀ Գլխավոր դատախազությունը երաշխավորել է նաեւ, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից ստացված նյութերը կամ փաստաթղթերը օգտագործվելու են միայն քննության նպատակներով:

ՀՀ գլխավոր դատախազի նամակի` ադրբեջանական կողմի արձագանքի բացակայության, քրեական գործի քննությանը չաջակցելու, ճմարտության բացահայտմանը շահագրգիռ չլինելու հանգամանքներից ելնելով, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2011 թվականի ապրիլի 5-ին նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային.

«Քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը եւ լրիվությունն ապահովելու համար, առաջնորդվելով 22.01.1993թ. կնքված «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության մասին» Մինսկի կոնվենցիայով՝ ՀՀ Գլխավոր դատախազը 2010թ. դեկտեմբերի 14-ի գրությամբ դիմել է Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ պարոն Զակիր Գարալովին` վերը նշված քրեական գործի քննությանն աջակցելու խնդրանքով, մասնավորապես խնդրել է հայտնել, թե Ադրբեջանի քննչական մարմինների կողմից կատարվում է արդյոք քննություն Մ. Մ. Սարիբեկյանի բռնի մահվան դեպքի առթիվ, եթե՝ այո, ապա ուղարկել քրեական գործը կամ քրեական գործի նյութերը: ՀՀ Գլխավոր դատախազությունը երաշխավորել է նաեւ, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից ստացված նյութերը կամ փաստաթղթերը օգտագործվելու են միայն քննության նպատակներով:

Հաշվի առնելով, որ վերը նշված գործողությունների կատարումը նշանակություն ունի քրեական գործով վերջնական որոշում կայացնելու համար` խնդրում եմ Ձեզ աջակցել մեր գրությանը պատասխան ստանալուն»:

Դիտվել է 1191 անգամ:
Print Friendly

Leave a Reply