Երիտասարդ գիտնականներն աջակցություն կստանան բնակարանների ձեռքբերման հարցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 15, 2011 15:14

Առաջին անգամ երիտասարդ գիտնականներն աջակցություն կստանան բնակարանների ձեռքբերման հարցում: Ինչպես այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում նշեց ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, հիպոթեքային վարկավորմամբ երիտասարդ գիտնականների համար կառուցվում է 200 բնակարանից բաղկացած բնակելի շենք:

«Սա շատ կարեւոր ծրագիր է: Այս բոլոր նախաձեռնությունները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանինն են, ինչի համար նրան մեր բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում»,-ասաց Ռ. Մարտիրոսյանը: Հաջորդ ամիս կանցկացվի վիճակահանություն նախապես գրանցվածների շրջանում: Վիճակահանությամբ կորոշվի գիտնականներին տրվելիք բնակարանները: Ռ. Մարտիրոսյանը նշեց, որ ակադեմիան ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական խնդիրները: Դրանցում, ըստ նրա, կարեւոր տեղ է զբաղեցնում աշխատանքային պայմանների բարելավումը:

ԳԱԱ-ի նախագահը նշեց, որ նախորդ տարի այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվել են, սակայն դրանք էական համարել ճիշտ չէ: «Միջոցները շատ սուղ են: Ամեն տարի այդ նպատակով հատկացված գումարները հիմնականում ծախսվում են հրատապ խնդիրների լուծման համար»,-ասաց Ռ. Մարտիրոսյանը:

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply