Համաձայնագրերը քննարկվեցին հանձնաժողովում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 15, 2011 14:58

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել է արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված միջազգային հինգ ֆինանսական համաձայնագրերը:

Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև ստորագրված «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր» համաձայնագրով կտրամադրվի 8 մլն 900 հազար փոխառության հատուկ իրավունքին (ՓՀԻ) համարժեք գումար, որը կազմում է շուրջ 13 մլն դոլար` արտոնյալ պայմաններով:    Ծրագրով նախատեսվում է  Հայաստանին տրամադրել նաեւ 330 հազար ՓՀԻ դրամաշնորհ: Ամրագրված են  երեք բաղադրիչներ` պտղի եւ ընկուզեղենի արտադրություն, գյուղական ենթակառուցվածքների զարգացում եւ ծրագրի կառավարում:

Պետությունը մասնակցություն կունենա ենթակառուցվածքները համաֆինանսավորելով և այս նպատակով կտարամդրի 3 մլն 300 հազար դոլար: Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի ներկայացմամբ` կառավարությունը նախատեսում է ստեղծել «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերությունը, որը կաջակցի աղքատ մանրածավալ ատադրողներին` կարողություններն եւ եկամուտներն ավելացնելու համար:

Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված համաձայնագիրը` «Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագրի» մասին,  ունի սոցիալական նշանակություն եւ նախատեսում է 13 մլն 400 հազար ՓՀԻ հատկացնել այս ոլորտում ծախսեր իրականացնելու համար:

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ նույնանուն ծրագրի արժեքը 4 մլն դոլար է: Այն, ֆինանսների փոխնախարարի տեղեկացմամբ, կուղղվի աղքատության կրճատմանը: Վարկային միջոցները երկարաժամկետ են, բանախոսը դրանք գնահատեց որպես արտոնյալ:

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ կնքված «Առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում APL-2» վարկային համաձայնագիրը նախատեսում է 19 մլն դոլարի չափով վարկավորել առողջապահության ոլորտի որոշ ծառայություններ: Գումարները, առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի ներկայացմամբ, կծախսվեն ընտանեկան բժշկության համակարգն ընդլայնելու եւ ընտրված մարզերում առողջապահական ենթակառուցվածնքերը արդիականացնելու համար:

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման  և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված հաջորդ` «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի» արժեքը 24 մլն դոլար է: Այն նախատեսում է զարգացնել «էլեկտրոնային հասարակության»  ենթակառուվածքները, վերացնել ձեռնարկությունների  նորարարությունները խոչընդոտող սահմանափակումները: Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիլյանը ներկայացրեց այն բոլոր ուղղությունները, որոնք  ընդգրկված են ծրագրի մեջ:

Խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկված հինգ համաձայնագրերը երաշխավորեց դրական եզրակացությամբ ընդգրկել արտահերթ նիստի օրակարգում:

Դիտվել է 834 անգամ:
Print Friendly

Leave a Reply