«Օդանավակայանը կառուցվում է և պիտի շահագործվի». Գ. Սահակյան
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | Անի Գասպարյան | April 15, 2011 14:38
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որով նրանք մտահոգություն են հայտնել Ստեփանակերտի օդանավակայանի բացման կապակցությամբ՝ նշելով, թե այն կարող է լարվածության հետագա աճի հանգեցնել:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն ասել է. «Երբ անհեթեթ, ծիծաղելի ու անուժ են դառնում բոլոր այդ սպառնալիքները, կարող է նաև ադրբեջանական ղեկավարությունն ուղղակիորեն պարտավորված լինի ավելի մեծ սադրանքների գնալու,մինչև իսկ պատերազմական գործողությունների համարժեք սադրանքների, որպեսզի կարողանա արդարացնել իրեն և դուրս գալ այդ իրավիճակից, որի մեջ ինքն իրեն դրել է»:
Շահբազյանի կարծիքով, Ադրբեջանի այսօրվա ղեկավարությունը պարտավոր է իր երկրում դրսևորել որոշակի քայլեր բանակցությունների հետ կապված, քանի որ «մեկ բան ստորագրվում է, մեկ բան բանակցությունների ժամանակ խոսվում և այլ բան կատարվում, երբ նա վերադառնում է իր երկիր»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով համանախագահների հայտարարության մեջ որևէ բեկումնային բան չկար, իսկ Ստեփանակերտում օդանավակայան բացել-չբացելու խնդիրը դուրս է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լիազորությունների և քննարկման շրջանակներից.
«Օդանավակայանը կառուցվում է և պիտի շահագործվի»,-ասել է նա:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը կարծիք է հայտնել, թե օդանավակայանն անպայման պիտի բացվի, և իրենք պաշտպանում են կառավարության այդ դիրքորոշումը:






Facebook
Tweet This
Email This Post
