ՏՄՊՊՀ-ն կպարզի որքանով են հիմնավոր սուրճի եւ բանանի շուկաներում արձանագրված թանկացումները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 15, 2011 13:50

Բանանի եւ հատիկավոր սուրճի շուկաներում նկատված գնային փոփոխությունների առնչությամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսում է ուսումնասիրություն վերոնշյալ շուկաներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնաժողովից, ՏՄՊՊՀ-ի պահանջով այս դաշտում գործող առավել խոշոր տնտեսվարողները 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնեն տեղեկատվություն` ներկրման եւ իրացման ծավալների, ինչպես նաեւ հիմնավորումներ` շուկայում նկատված գնային փոփոխությունների վերաբերյալ: Հանձնաժողովի մոնիթորինգի խումբն արձանագրել է, որ մանրածախ առեւտրի կետերում մարտ ամսին 1 կիլոգրամ բանանի գինը հասել է մինչեւ 1120 դրամի, այն դեպքում, երբ այս ապրանքատեսակը հունվարին վաճառվել է միջինը 840 դրամով:

Ինչ վերաբերում է հատիկավոր սուրճին, ապա, հանձնաժողովի փորձագետների դիտարկմամբ, սուրճի միջազգային գինը բարձրացել է: Ուսումնասիրությունները կպարզեն, թե որքանով է տեղական շուկայի գնաճը համահունչ միջազգային թանկացումներին: Տեղեկացնենք նաեւ, որ հանձնաժողովի նախորդ ուսումնասիրությունների համաձայն` բանանի շուկայում գերիշխող դիրք ունի «Քեթրին գրուպ» ընկերությունը` 51% մասնաբաժնով:

Հատիկավոր սուրճի շուկայում գերիշխող է «Կաֆե դյու բրազիլ» ընկերությունը, որն իրացման ծավալներով գրավում է շուկայի 1/3-ից ավելին: Շուկայում այս ընկերության մասնաբաժինը կազմում է 35,2 %: Հնարավոր է նաեւ, որ հանձնաժողովի կողմից կատարվող ուսումնասիությունների արդյունքում վերոնշյալ շուկաներում ի հայտ գան նոր գերիշխողներ:

Դիտվել է 1046 անգամ:
Print Friendly

Leave a Reply