Ադրբեջանը հայտ է ներկայացրել`մասնակցելու Երևանում կայանալիք ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 15, 2009 14:40

Ձյուդոյի Ադրբեջանի ֆեդերացիան հայտ է ուղարկել ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիային և տեղեկացրել, որ Ադրբեջանի ներկայացուցիչները մասնակցելու են սեպտեմբերի 11-13-ը Երևանում կայանալիք այս մարզաձևի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

ԼՂՀ հակամարտությունից հետո սա առաջին դեպքն է, որ Ադրբեջանի մարզիկները մրցումների մասնակցելու նպատակով ժամանում են Հայաստան: Իսկ Հայաստանի ներկայացուցիչները 2007-ին մասնակցել են Ադրբեջանում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությանը: Այդ ստուգատեսում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, գերծանրքաշային Յուրի Պատրիկեևը դարձել էր բրոնզե մեդալակիր: Բաքու ժամանած Հայաստանի հավաքականին  հատկացրել էին մի հյուրանոց, որտեղ նրանցից բացի, որևէ այլ այցելու չի եղել:

Թե ինչպես են ընդունելու Ադրբեջանի հավաքականին Հայաստանում, դեռ պարզ չէ:
Ձյուդոյի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանն «Անկախ»-ին տեղեկացրեց, որ սահմանակից երկրի ներկայացուցիչները  ներկայանալու են 14 մարզիկով: Ավետիսյանը պարզաբանեց, որ Ադրբեջանի ներկայացուցիչները նախկինում դարձել են օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների չեմպիոն և մրցանակակիր, հետևաբար մրցակցությունը մեծ է լինելու:

Կարելի է սպասել, որ Ադրբեջանի հավաքականը Երևան կժամանի ուժեղ կազմով:

Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահը նշեց, որ մեր երկրում կայանալիք ստուգատեսին սպասվում է, որ կմասնակցեն ռեկորդային թվով հավաքականներ` թվով 41: Նախորդ տարի Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած մինչև 23 տարեկան ձյուդոյիստների Եվրոպայի առաջնությունում հանդես են եկել 40 երկրների ներկայացուցիչներ:

Դիտվել է 1996 անգամ:
Print Friendly

Leave a Reply