Հիշողության կորուստ, սխալներ, նյարդայնություն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 15, 2011 12:04

Հաճախ պատահում են այնպիսի իրավիճակներ, որ  առաջադրված աշխատանքը դժվարանում եք կատարել, մինչդեռ, ժամանակը սուղ է, իսկ չգիտես ինչու, հնարավոր չէ կենտրոնանալ: Մինչ այդ բազմիցս կատարած առաջադրանքը թվում է , թե ուղեղն այլևս ունակ չէ ընկալել:  Նկարագրված վիճակից դուրս գալու համար նախ պետք է իմանալ, թե ինչ է այդ: Գերհոգնածություն. ախտանշաններ են` հիշողության խանգարումը, աշխատանքում սխալներն ու վրիպակները, կենտրոնացման, քնի խանգարումը, ախորժակի կորուստը, նյարդայնությունը, գրգռվածությունը, ապատիան ու վատ տրամադրությունը: Եթե թվարկված վիճակներից մի քանիսը ձեզ ծանոթ են, ապա պետք է մտածել դրանց պատճառների մասին:

Քունը կարևորագույն գործոն է աշխատունակության ու առողջության իմաստով: Որպեսզի ուղեղն արդյունավետ ու լավ  աշխատի, ուրեմն անհրաժեշտ է քնել  օրական 7-8 ժամ: Պետք չէ անհանգստանալ, թե գործերը չեք հասցրել լրիվ կատարել: Լիարժեք հանգստից հետո դուք կկարողանաք ավելի արդյունավետ աշխատել: Նոյնիսկ օրվա ընթացքում “հաջողեցրած” 20-30 րոպեանոց քունը կարող է վերականգնել ձեր ուժերը:  Մտավոր գերհոգնածությունից խուսափելու նպատակով պետք է այն  ընդմիջել ֆիզիկական աշխատանքով:  Մտավոր աշխատանքի դեպքում գերազանց է ժամը մեկ տասրոպեանոց ընդմիջում անել, բայց նույնիսկ 5-րոպեանոց վարժությունն էլ օրվա ընթացքում կօգնի օրգանիզմին` մտավոր աշխատանք կատարել: Հաճախ նորաձև սննդակարգերին հետևելով կամ էլ պարզապես աշխատանքի մեջ խորասուզվելով չենք կարողանում լիարժեք սնվել, ինչը նույնպես կարևոր է. սպիտակուցները, ածխաջրերը, վիտամիններն ու միկրոտարրերը ազդում են  նյարդային համակարգի  գործունեության վրա: Նշանակում է` աշխատունակությունը բարձրացնելու նպատակով լիարժեք սնունդ է հարկավոր:

Ներզատիչ համակարգի խանգարումները ևս կարող են բացասական հետևանք ունենալ մտավոր աշխատանքի վրա, ինչպիսին է շաքարային դիաբետը կամ էլ վահանագեղձի ֆունկցիայի խանգարումը:Բացասական ազդեցություն են ունենում դեպրեսիվ կամ էլ նյարդային խանգարումներն ու հյուծող քրոնիկ հիվանդությունները: Այդ դեպքում պետք է հիմնական պատճառը վերացնել:  Ուղեղին արյան կանոնավոր մատակարարումը կարևորագույն պայման է, որպեսզի մտավոր արդյունավետ աշխատանք կատարեք: Քրոնիկ անբավարարության հետևանքով էլ տեղի է ունենում հիշողության կորուստ, ուշադրության շեղում ու աշխատունակության խանգարում:

Դիտվել է 4107 անգամ:
Print Friendly

Leave a Reply