Հայաստանում կույր է բնակչության 0.7 տոկոսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 15, 2011 10:58
Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում Աչքի շարժական հիվանդանոցը մայիսին կլինի Տավուշի, հունիս-հուլիսին` Լոռու, օգոստոս-սեպտեմբերին` Շիրակի, հոկտեմբեր-նոյեմբերին` Արագածոտնի մարզերում:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀԱՆ-ի հանրային կապերի եւ կրթության գծով մենեջեր Մինաս Համբարձումյանը, ավանդական ակնային զննումներին, լազերային բուժումներին եւ վիրահատություններին զուգահեռ, կշարունակվի նաեւ մարզային ակնաբույժների եւ ընտանեկան բժիշկների վերապատրաստումը:
«Այսպիսով՝ Հայկական ակնաբուժության նախագիծը նպատակ ունի մոտ ապագայում բնակչության ակնային զննումները հանձնել բացառապես տեղի բուժաշխատողներին, ովքեր սեփական ուժերով կկարողանան հետազոտել մարդկանց»,-ասաց Մ. Համբարձումյանը: ՀԱՆ-ի տրամադրած տեղեկությունների համաձայն` ՀՀ բնակչության շրջանում առավել տարածված ակնային հիվանդություններն են կատարակտը`8.4տոկոս, եւ ակնահատակի հիվանդությունները` 7.9տոկոս:
ՀԱՆ-ի տվյալների համաձայն` կույր է ՀՀ բնակչության 0.7, իսկ թույլ տեսողություն ունի` 4.1 տոկոսը: Կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն (գլաուկոմա, կատարակտ, եղջերաթաղանթի հիվանդություններ, դիաբետիկ ռետինոպաթիա եւ մակուլյար դեգեներացիա) ունի բնակչության 13.3%, եւ դրանցից ամենատարածվածը կատարակտն է:
Միեւնույն ժամանակ, երկու աչքում կատարակտ ունեցողների ընդամենը շուրջ 24տոկոսն է, որ առնվազն մեկ աչքում վիրահատել է կատարակտը` այդպիսով փրկվելով կուրությունից: ՀԱՆ-ը շարունակում է նաեւ Անհասության ռետինոպաթիայի (ԱՌ) ակնային զննումների եւ բուժման ծրագիրը Երեւանում: Այն մեկնարկել է 2010 թ. ամռանը: ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան կարգադրությամբ՝ այսուհետ պարբերական ակնային զննումներ են իրականացվում նորածինների վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի Երեւանի բոլոր բաժանմունքներում:
Արդեն հետազոտվել է 230-ից ավելի անհաս նորածին (ընդհանուր առմամբ` 1000-ից ավելի հետազոտություն), որոնցից 30-ն անցել է լազերային վիրահատություն: Շարունակվում է նաեւ ՀԱՆ-ի կողմից համակարգվող հեռաբժշկության ծրագիրը: Այս նախաձեռնութան շնորհիվ հայ եւ ամերիկացի մասնագետները գտնվում են մշտական կապի մեջ եւ խորհրդակցում են Հայաստանում հանդիպող ԱՌ բոլոր դեպքերին:






Facebook
Tweet This
Email This Post
