Ռ.Մելքոնյան. «Կուսակցու-թյունների նախընտրական ցուցակներում հայեր ընդգրկելով Թուրքիան փորձում էր դիվիդենտներ շահել»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 15, 2011 10:54
«Կուսակցությունների նախընտրական ցուցակներում հայեր ընդգրկելով Թուրքիան փորձում էր դիվիդենտներ շահել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված կուսակցությունների վերջնական ցուցակներում բացակայում են այն հայերի անունները, որոնք նշվում էին նախնական ցուցակներում:
Նրա խոսքով` դատելով անուններից` բացակայում են նաեւ այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, սակայն չի կարելի բացառել նաեւ, որ շատ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ փոխում են իրենց անունները: Փորձագետի ներկայացմամբ` Թուրքիան հասկացավ, որ հայ թեկնածուների շուրջ բարձրացված աղմուկն այլեւս անարդյունավետ է, այդ պատճառով էլ նրանք չընդգրկվեցին վերջնական ցուցակներում:
«Իշխող կուսակցությունը գնաց սառը հաշվարկի. այն տեսավ, որ ազգայնական շրջանակներում իր վարկանիշն ընկնում է, ուստի եւ հրաժարվեց նրանցից»,- շեշտեց Ռ.Մելքոնյանը` գոհունակություն հայտնելով այդ փաստի առթիվ, քանի որ, նրա խոսքով, դա իր մեջ թաքնված վտանգ էր պարունակում: «Դա կարող էր դառնալ ներհամայնքային պայքարի պատճառ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ Թուրքիայի հայ համայնքի առանց այն էլ ոչ այնքան բարենպաստ վիճակին»,- ընդգծեց թուրքագետը:






Facebook
Tweet This
Email This Post
