Հայաստանում այս տարի կարտադրվի շուրջ 3 հազար տոննա մեղր
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 15, 2009 13:53
Հայաստանում մեղվաբուծությամբ զբաղվող ավելի քան 200 հազար տնտեսություններ այս տարի կարտադրեն շուրջ 3 տոննա մեղր` 2008թ-ի շուրջ 2. 500 տոննայի փոխարեն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը «Արմենպրես»-ին ասել է, որ տարին նախորդի նման բարենպաստ է նաև մեղվաձագեր ստանալու համար, որի շնորհիվ մեղվաընտանիքների շարքը կհամալրվի ևս 25-30 տոկոսով:
Հովհաննիսյանը նշել է, որ շարունակում է չլուծված մնալ մեղրի արտահանման խնդիրը, որի ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում նաև օրենսդրական դաշտում փոփոխություններ մտցնելու միջոցով: «Մուլտի ագրո» գիտաարտադրական ընկերության կողմից ձեռք է բերվել լաբորատոր սարք, որի միջոցով պետք է տարբեր տնտեսվարողներից ընդունված մեղրը դարձվի միատարր զանգված, լցվի առանձին տարաներ, պիտակավորվի և համապատասխան փորձագիտական հետազոտությունից հետո ԵՄ երկրներ արտահանման թույլտվություն ստացվի:
Ըստ Հովհաննիսյանի` մեղրի արտահանման համար անհրաժեշտ է Եվրոպական առևտրի պալատին կից հանձնաժողովի կողմից ստանալ արտոնագիր: Այն ձեռք բերելու համար հայկական մեղրը պետք է պարտադիր համապատասխանի սահմանված հատուկ չափորոշիչներին` կապված պարունակվող շաքարի քանակի, թվայնության հետ:
Հայաստանում մեղվաբուծության համար առավել բարենպաստ են Վայոց Ձորի, Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզերը:






Facebook
Tweet This
Email This Post
