ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը հիմնանորոգում է Չարենցավան քաղաքի բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքը
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 14, 2011 16:18

ՙ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը հիմնանորոգում է Չարենցավան քաղաքի բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքը: 2010-ի աշնանը մեկնարկած ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի Հոլանդիայի տեղական մարմնի, հայաստանցի նվիրատուների եւ հիվանդանոցի տնօրինության համաֆինանսավորմամբ:
Հիմնանորոգման արդյունքում նախկին մեկ ծնարանի փոխարեն կգործի երկուսը, ինչը ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի բուժսպասարկումը ժամանակին եւ արդյունավետ իրականացնելու համար: Տանիքն ու ներքին հարդարանքը ամբողջությամբ կփոխարինվեն նորով, շենքը կունենա կենտրոնական ջեռուցում:
ՙՀայ մայրերի քնքշանքն ու հոգածությունն իրենց զավակների նկատմամբ բավարար չէ, որպեսզի նրանք մեծանան առողջ ու կենսունակ: Բարեկարգ եւ արդիական բուժհաստատությունների առկայությունը խիստ կարեւոր է նրանց կյանքի բոլոր փուլերում: Սա է պատճառը, որ Հիմնադրամը մեծ ուշադրություն է դարձնում բուժհաստատությունների եւ մասնավորապես ծննդատների վերակառուցմանը՚,- ասում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
1967 թվականին կառուցված եռահարկ հիվանդանոցը Չարենցավան քաղաքից բացի սպասարկում է նաեւ մոտակա համայնքների բնակիչներին` ընդհանուր առմամբ ավելի քան 35 հազար մարդ: Կենտրոնում գործում են վիրաբուժական, թերապեւտիկ, ինֆեկցիոն, մանկաբարձական բաժանմունքներ եւ պոլիկլինիկա: Հիվանդանոցի բուժանձնակազմը 72 հոգի է, այդ թվում` 18 բժիշկ:
Մեզ հետ զրույցում բուժհաստատության տնօրեն Գառնիկ Սահակյանը տեղեկացրեց, որ տարեկան մոտ 370 ծնունդ է ընդունվում հիվանդանոցում: Տարեսկզբից մինչ այսօր այստեղ արդեն 91 երեխա է ծնվել: Քանի դեռ շարունակվում են շինարարական աշխատանքները, ծնունդները կընդունվեն ժամանակավորապես հարմարեցված ծնարաններում:
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամ
Դիտվել է 1767 անգամ: