Ե՞րբ է հայտնաբերվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | April 20, 2011 2:43

Հրատ (Մարս) մոլորակի երկու արբանյակների` Ֆոբոսի և Դեյմոսի (հայերեն բառացի թարգմանությամբ` Ահ և Սարսափ) հայտնաբերման պատիվը վերագրվում է ամերիկացի աստղագետ Ասաֆ Հոլլին:  Սակայն Հրատի արբանյակների «պաշտոնական» հայտնաբերումից (1877 թ.) մոտ 150 տարի առաջ այդ նույն հայտնագործության մասին հայտնում է անգլիացի գրող Ջոնաթան Սվիֆթը «Գուլիվերի ճանապարհորդությունը» արկածային վեպում. «[Նրանք] գտել են երկու նվազագույն աստղ կամ արբանյակ, որոնք պտտվում են Մարսի շուրջը, նրանցից ամենամոտիկը գտնվում է այդ մոլորակի կենտրոնից մի այնպիսի հեռավորության վրա, որը հավասար է նրա երեք տրամագծին, իսկ ամենահեռավորը` հինգ տրամագծի»: Փաստեր, որոնք տառացիորեն համընկնում են ժամանակակից գիտության  տվյալներին: Ի՞նչ է սա. անգլիացի գրողի հանճարեղ կանխագուշակո՞ւմ, պատահական զուգադիպությո՞ւն, թե՞ արդեն այլ աղբյուրից հայտնի փաստ: Անհայտ է:

Գիտության մեջ պաշտոնապես Ուրան մոլորակի հայտնաբերման պատիվը (1781 թ.) վերագրվում է անգլիացի աստղագետ Վ. Հերշելին, սակայն այդ մոլորակի գոյության մասին մ.թ.ա. հայտնի է եղել Միջագետքում, Հին Եգիպտոսում, ինչպես նաև մայաներին և այլոց: Իր «Աստղաչափական երկրաչափություն» աշխատությունում հայ մեծ գիտնական Անանիա Շիրակացին նույնպես հիշատակել է «երկնային 8-րդ գնդի» (իմա` Ուրանի) մասին:

Գիտության մեջ ընդունված է այն տեսակետը, որ Ավստրալիան 1606-ին հայտնաբերել է հոլանդացի ծովագնաց Վ. Յանսզոնը: Իսկ ինչպե՞ս բացատրել Ավստրալիայի հյուսիսային ափերի մոտ գտնվող Դարնչեյ կղզում մումիաների զմռսումը գրեթե նույն եղանակով, ինչ հին եգիպտացիները, մ.թ. մոտ 1000 տարի առաջ` 23-րդ հարստության (դինաստիայի) ժամանակաշրջանում: Պատահական զուգադիպությո՞ւն է, միգուցե, բայց 1964-ին Հորդանան գետի հովտում հայտնաբերվել է մ.թ.ա. X դ. մումիա, որի զմռսման ժամանակ օգտագործվել է էվկալիպտի (նիվենի) յուղ: Սակայն այդ ծառն աճել է միայն Ավստրալիայում և Նոր Գվինեա կղզում ու  առաջին անգամ այդ վայրերից բերվել է 1870-ին: 1965-ին ավստրալիացի Դուգ Սիթոնը Ավստրալիայի հյուսիսում գտնվող Քեյփ Յորք թերակղզու հարավարևմտյան մասում , Հերբերտոնի մոտակայքում` Արծաթե հովտի ժայռապատկերներին  հայտնաբերել է նեղոսյան պապիրուս հիշեցնող բույսեր, իսկ Ավստրալիայի Առնեմլենդ թերակղզում գտնվել է եգիպտացիների սրբազան կոյաբզեզի արձանիկ: Ավստրալիայի արևելյան ափին գտնվող Քեռնս քաղաքի մոտ հայտնաբերվել է մոտ 2000 տարի առաջ Եգիպտոսում դրամահատված Պտղոմեոս Դ-ի ժամանակների մետաղադրամ: 1964-ին Ավստրալիայի հյուսիս-արևելքում գտնվող Գաբո կղզու մոտ ջրից հանվել է XIV դ. իսպանական գինու սափոր, երբ այդ ժամանակներում Ավստրալիան դեռևս «հայտնաբերված» չէր, իսկ դեպի Ավստրալիա իսպանական ծովայիների ճանապարհորդությունների մասին ոչինչ հայտնի չէ:

Ավելի մեծ առեղծվածներով է շղարշված Ամերիկայի հայտնաբերումը: Դոկտոր Քլիֆորդ Էվանսը և նրա կին Մեգերսը համոզված են, որ Ամերիկան մոտ 5000 տարի առաջ հայտնաբերել են Ճապոնական կղզիների բնակիչները, իսկ փյունիկացիների և վիկինգների (նորմանների)   դեպի Ամերիկա կատարած ճամփորդությունների մասին բազմաթիվ գրավոր վկայություններ կան: Վերջիններիս է վերագրվում ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի ծովափնյա Հյուպորտյան քարե աշտարակի կառուցումը: Ըստ  Քրիստափոր Կոլումբոսի որդու վկայությունների` մինչև Ամերիկա նավարկելը Կոլումբոսին հայտնի է եղել Ամերիկա մայրցամաքի գոյությունը, և նա առաջնորդվել է ինչ-որ քարտեզներով:   1513-ին վերագրվող ծովակալ Պիրի Ռեյսի քարտեզում ոչ միայն պատկերված են Արևմտյան Աֆրիկան ու Հարավային Ամերիկան, այլև Անտարկտիդան: Այդ քարտեզի մասին նա հայտնել է, որ այն իրեն է տվել  գերի ընկած մի կապիտան, որն իբր մասնակցել է Կոլումբոսի ճանապարհորդությանը: Իբր գերի ընկած կապիտանը Կոլումբոսին տվել է մի քարտեզ, որով նա առաջնորդվել է դեպի Ամերիկա նավարկելիս: Գուցե խոսքը հենց այս քարտեզի մասին է: Ամերիկայում հայտնաբերվել են նաև մինչկոլումբոսյան ժամանակաշրջանին վերագրվող եվրոպական  իրեղեն ապացույցներ: Վենեսուելայում հայտնաբերվել է մ.թ. IV դ. հռոմեական մետաղադրամների կույտ, իսկ 1982-ին Բրազիլիայի ափերին գտնվող Գուսանաբարա ծովախորշում ամերիկացի հնագետ Ռ. Մարքսը հայտնաբերել է հին հռոմեական 2 սափոր և բազմաթիվ խեցիներ:

Պաշտոնապես գիտության մեջ ընդունված է, որ Անտարկտիդան 1820-ին հայտնաբերել են ռուսական կայսրության ծովագնացներ Ֆ. Բելինսհաուզենը և Մ. Լազարևը (հայազգի), սակայն ֆրանսիացի մաթեմատիկոս և աշխարհագրագետ Օրոնցիոս Պինեյին վերագրվող 1531 թ. քարտեզում մանրակրկիտ ներկայացված են Անտարկտիդայի տվյալները: Զարմանալին այն չէ, որ քարտեզի մանրամասները հայտնի դարձան միայն XX դարի երկրորդ կեսում, կամ այն, որ Անտարկտիդան հայտնաբերվել է միայն 1820-ին: Այլ այն, որ Անտարկտիդան այդպես կարելի էր տեսնել միայն երկնքից մինչ այն կծածկվեր սառույցի հաստ շերտով: Այդ քարտեզը 1960-ին գտնվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում: Ֆրանսիացի աշխարհագրագետ Ֆիլիպ Բաուշի 1737-ի քարտեզում Անտարկտիդան պատկերված է առանց սառույցների: Բնական է, վերագծելով Անտարկտիդան, Բաուշը չէր կարող իմանալ այդ աշխարհամասի սառցադաշտերի մասին, իսկ Անտարկտիդայի պաշտոնական հայտնաբերմանը դեռ մնում էր 81 տարի:  Տեղին է ենթադրել, որ այդ քարտեզը կազմվել է մինչպատմական ժամանակներում: Հետաքրքիրն այն է, որ այդ քարտեզ կազմողները պետք է զինված լինեին բարդագույն գործիքներով և կարողանային թռչել ինքնաթիռով: Ֆ. Բուաշի քարտեզը հիշեցնում է Անտարկտիդայի այն քարտեզը, որը մեզ հայտնի է դարձել միայն 1959-ին: Բայց քարտեզագիրներն ի՞նչ ճանապարհով են իմացել Անտարկտիդայի մասին մինչ սառցակալելը, որը տեղի է ունեցել միլիոնավոր տարիներ առաջ: Գրինվիչի ազգային ծովային թանգարանում պահվում է XV դ. ֆլորենտացի քարտեզագիր Ֆրանկ Ռոսսելի կազմած քարտեզը, որում նույնպես Անտարկտիդան պատկերված է առանց սառույցների:

1550 թ. վերագրվող Ահմադ Հաջիի քարտեզում նշված է Ամերիկան և այն երկիրը, որն ինչ-որ ժամանակ միմյանց է կապել Ամերիկան ու Եվրասիան` Բերինգիան. այն ջրի տակ է անցել մոտ 10,5 հազար տարի առաջ: Ամերիկյան աթապասկների ասքերում այդ մասին կան հեռավոր արձագանքներ. «Անձրևը թափվում էր օր օրի, հետո երկինքն անհետացավ և երկիրն անտեսանելի դարձավ: Չկար ցամաքի ոչ մի կտոր, օվկիանոսի ջրերը միացան: Անհետացան խոտերը, ծառերը, թռչունները, կենդանիները և ձկները: Իջավ խավար, չկար ո՛չ ամպ, ո՛չ արև»:

Բաշկորտոստանում գտնվել է մի քարե քարտեզ, որը միլիոն (՞՞) տարեկան է: Այն կազմողները տիրապետել են բարձրագույն տեխնոլոգիաների և կարողացել են թռչել:

Հին հնդկական «Ռամայանա» էպոսում ասվում է, որ Ադամի կամուրջը (Հնդկաստանը Շրի Լանկային միացնող ծանծաղուտների և կորալյան կղզիների շղթա) կառուցել է Ռաման: 2003-ին ՆԱՍԱ-ի արբանյակները գրանցեցին Հնդկաստանը Շրի Լանկային միացնող 18 մղոն երկարությամբ մի փլված կառույցի հետք: Տիեզերքից կատարած նկարահանումների և հին հնդկական էպոսի տվյալները համընկան: Այս փաստերի առնչությամբ Չարլզ Հեպգուդն օգնության համար դիմեց ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի քարտեզագիրներին: Նրանք փորձեր կատարեցին և եկան այն եզրակացության, որ այդ քարտեզները կազմվել են (բացառությամբ վերջին երկուսի) 8 սկզբնաղբյուրների օգնությամբ և տարբերվում են այն ճշտությամբ, ինչին  կարելի է հասնել ժամանակակից տեխնիկական  միջոցների օգնությամբ, թեկուզև հայտնի է, որ առաջին պարզագույն սարքը, որով հնարավոր է դարձել որոշել աշխարհագրական լայնությունները , 1761-ին հայտնագործել է անգլիացի Ջոն Հարիսոնը: Հեպգուդը, շարունակելով որոնումները, գտավ 1137-ի քարտեզագրական մի փաստաթուղթ, որում կիրառվել է գնդային եռանկյունաչափություն և կոորդինատային ցանց:

1487-ին Պորտոլանո իբն բեն Զարայի քարտեզում Շվեդիան պատկերված է սառցածածկ, որն արդեն հազար տարի առաջ ազատվել էր սառցադաշտերից, իսկ Միջերկրական ծովն իր մակարդակից բավականին ցածր է պատկերված, որում նշված շատ կղզիներ այսօր արդեն չկան:

Գիտնականները ենթադրում են, որ գոյություն ունի առայժմ չգտնված այդ քարտեզների սկզբնաղբյուր: Պրոֆեսոր Չարլզ Հեպգուդի կարծիքով` ֆլամանդացի քարտեզագիր Գ. Մերկատորն իր քարտեզները կազմելիս օգտվել է հին փաստաթղթերից: Ժամանակակիցներին զարմացնում է այն, որ Գ. Մերկատորի քարտեզներում զարմանալիորեն ճիշտ են նշված աշխարհագրական երկարություններն  ու լայնությունները:

Գտնվել են հնագույն քարտեզներ, մասնավորապես` «ծովերի հին արքաների» անունով հայտնի քարտեզը, որը կազմվել է 10 հազար տարի առաջ: Գիտությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ «հանկարծակի» հայտնված փաստերն անելանելի վիճակի մեջ են դրել հետազոտողներին և բուռն վեճերի տեղիք տվել: Սպասենք…

Գագիկ ԱՐԾՐՈւՆԻ (ՍԱՀԱԿՅԱՆ)

Դիտվել է 3724 անգամ:
Print Friendly

Leave a Reply