Անօթևանների ժամանակավոր կացարանը շատերի համար դարձել է մշտական

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | April 16, 2011 15:00

Երևանի անօթևանների ժամանակավոր կացարանը գտնվում է  թիվ 1 տուն ինտերնատի տարածքում: Երբ կացարանի նախկին բնակիչներից մեկի հետ ծերանոցի դարպասներից ներս մտանք, նա պահակին հայտնեց. «Բոմժանոց ենք գնում»: Վերջինս էլ, շատ հանգիստ ընդունելով այդ պատասխանը, մեզ ներս հրավիրեց:

Սկզբում խորթ ու տարօրինակ հնչող «բոմժանոց» անվանումը կամաց-կամաց սովորական դարձավ, երբ կացարանի բնակիչներից ավելի ու ավելի հաճախակի լսեցի այդ բառը:

34-ամյա Գարեգինը մոր հետ է ապրում «բոմժանոցում»: Նրանք այստեղ են հայտնվել, երբ պետությունը 30  հազար դոլար պարտքի դիմաց բռնագրավել է նրանց բնակարանը: Որոշ ժամանակ ապրելով բարեկամների տանը՝ ի վերջո ստիպված են եղել դիմել ժամանակավոր անօթևանների կացարան, մինչև իրենց խնդիրները կհարթվեն. «Ծննդյան վկայական, անձնագիր, ոչինչ չունեմ, կորել են, հիմա նորը պիտի հանեմ, բայց անընդհատ քաշքշուկների մեջ են գցում»,-ասում է Գարեգինը: Նա տիրապետում է 5 լեզվի, համակարգչային ծրագրերից էլ է հասկանում, սակայն աշխատանք չի կարողանում գտնել. «էստեղ ամեն ինչով օգնում եմ աշխատողներին՝ ճաշարանի հարցով, պահեստի հարցով: Ես հաճելի մարդ եմ, կարծում եմ՝ բոլորն էլ ցանկանում են ինձ հետ շփվել»:

Չնայած ժամանակավոր կացարանում ապրելու համար սահմանված է 60-օրյա ժամկետ` Գարեգինն ու մայրն այստեղ են արդեն մի տարի. «Եթե մարդը հանգիստ է, խնդիրներ չի առաջացնում, կարգուկանոնին հետևում է, երկար է մնում այստեղ. ճիշտ է, 2 ամիսը մեկ փաստացի դուրս գրվելով և կրկին ընդունվելով»,- ասում է կացարանի հոգեբան Աիդա Առաքելյանը:

Տիկին Ռիտան էլ է արդեն մի տարի այս կացարանում ապրում: Նա անօթևանի կարգավիճակում է հայտնվել ամուսնու մահից հետո, երբ վերջինիս երեխաները հրաժարվել են պահել հոր կնոջը: Սակայն, մինչ կացարան գալը նա մեկնել է Թուրքիայի Վան քաղաք, քանի որ անընդհատ երազներ է տեսել Վանի մասին: Գրեթե 2 տարի այնտեղ ապրելուց հետո վերադարձել է Հայաստան. «Էնտեղ ինձ դուր եկավ, շատ լավ էր, բայց քանի որ թուրքերեն չգիտեի, աշխատանքի հարցը դժվար էր լուծել, ստիպված վերադարձա»,-պատմում է նա:

Կացարանի նորանշանակ ղեկավար Հայկ Պողոսյանը վստահեցնում է, որ վերջին շրջանում կացարանում պայմանները բարելավվել են. «Լրիվ նոր բուժկետ ենք կառուցել, որը բյուջեով նախատեսված չի եղել, բարելավվել է սննդի որակը. առավոտյան նրբերշիկ են ուտում՝ «Միկոյանի», կեսօրին՝ տապակած միս, տոլմա, բարեկարգվել է նաև բակը»:

Պետք է փաստենք, որ այդ ամենը ճիշտ է, քանի որ մեր այցի ընթացքում համոզվեցինք, որ բնակիչներն այնտեղ իրենց լավ են զգում, հատկապես` սննդի առումով, սակայն գլխավոր խնդիրը, թե ինչու են մարդիկ հայտնվում անօթևանների ժամանակավոր կացարանում և որքան ժամանակ պետք է ապրեն այնտեղ, մնում է չլուծված: Ըստ օրենքի՝ մասնագետներն անհրաժեշտ աշխատանքներ պետք է տանեն անօթևաններին ընտանիքներ վերադարձնելու (եթե ունեն), աշխատանքի ընդունման, իսկ ծերերին՝ տուն-ինտերնատներ տեղավորելու ուղղությամբ: Ցավոք, հաջողվ ավարտով պատմությունները քիչ են: Այդ կացարանում հայտնված մարդկանց խնդիրները երբեմն անլուծելի են, երբեմն էլ՝ տարիներ են պահանջում:

Առանձին  հարց են հոգեկան խնդիրներ ունեցողները: «Մարդիկ գալիս են այստեղ հիմնականում հոգեպես սահմանային վիճակում, այսինքն` ոչ նորմալ վարքով,- ասում է կացարանի հոգեբանը,- և կան մարդիկ, որոնց ուղղակի այստեղ հնարավոր չէ պահել»: Նման մարդկանց տեղը հոգեբուժարանն է, սակայն այնտեղ նրանց դժվարանում են ընդունել, քանի որ նրանք «տեր չունեն», պետպատվերով են, կամ էլ նրանց պետք է խնամեն հոգեբուժարանի աշխատակիցները: Ուստի, նման մարդկանց  հոգեբուժարաններում լավագույն դեպքում պահում են երկու շաբաթ, որից հետո նրանք նորից հայտնվում են փողոցում: «Վերջերս մի կին ընդունեցինք,- պատմում է Աիդա Առաքելյանը,- նա կացարանի բոլոր բնակիչներին խանգարում էր, հոգեկան շեղումներ ուներ: Ստիպված հոգեբուժական խումբ կանչեցինք, որ նրան տեղափոխեն հոգեբուժարան: Չնայած շատ էինք կասկածում, բայց նրան ընդունեցին»:

Կացարանում բնակիչների միջև խնդիրներ են առաջանում հիմնականում սենյակի պատճառով. «Յուրաքանչյուր սենյակում ապրում է 4-7 մարդ,- ասում է հոգեբանը,- դե պատկերացրեք, թե ինչ է կատարվում, երբ մարդը նոր է գալիս: Մոտ 10 օր պետք է, որ նա  և սենյակի բնակիչները հարմարվեն իրար»:

Կացարանի ղեկավարի խոսքով, սակայն, առայժմ սենյակներ ավելացնելու համապատասխան միջոցներ չկան:

Անօթևանների կացարանն ունի իր օրենքները. նոր բնակիչներն, օրինակ, դուրսուներս անելու համար պետք է անցագիր ունենան, որպեսզի աշխատակիցները կարողանան վերահսկել, թե նրանք ինչով են զբաղված: Օրինակ` արգելվում է կացարանից դուրս գալ՝ մուրացկանությամբ զբաղվելու համար: Սակայն կան նաև մարդիկ, ովքեր կացարանից ամեն օր դուրս են գնում` աշխատանքի և  երեկոյան վերադառնում:

Անօթևանների ժամանակավոր կացարանը գործում է 2006-ից: Այն նախատեսված է 60 հոգու համար: Այստեղ բնակիչների քանակն ավելանում է հատկապես ձմռանը, երբ ցրտին դիմանալու համար փողոցներն ու պուրակները դառնում են անտանելի:

Դիտվել է 1862 անգամ:
Print Friendly

Leave a Reply