Նպատակն է ունենալ ազգային խնդիրներին և ՏՏ-ներին տիրապետող լրագրողներ

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 15, 2011 13:22

Ունենալ  ազգային խնդիրներին տիրապետող լրագրողներ,  որոնք չեն դառնա  ադրբեջանական և թուրքական տեղեկատվական հնարքների  զոհը և չեն տարածի  նրանց տեղեկությունները, կհասկանան, թե ինչ է քարոզչությունը և  ինչպես վերաբերվել դրան. այսպիսին է «Միտք» վերլուծական կենտրոնի կազմակերպած մեկամսյա  երեկոյան դպրոցի նպատակը:

Արդեն երկրորդ անգամ կազմակերպված դպրոցում ուսանում են 20 երիտասարդ ուսանողներ, հիմնականում` լրագրողներ:

Դպրոցն ունի երկու հիմնական ուղղվածություն. ՏՏ ոլորտին և ազգային հարցերին վերաբերող դասեր:

Ապագա լրագրողներն այստեղ սովորում են բլոգինգ, աշխատանք սոցիալական ցանցերում, տեխնիկական անվտանգություն, տեղեկատվական պատերազմների մեխանիզմներ: «Այդ ամենը լրագրողին շատ պետք է, քանի որ ժուռնալիստիկան տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապ ունեցող մասնագիտություն է:  ՏՏ-ներն անընդհատ զարգանում են, և համընթաց չքայլելու դեպքում լրագրողները հետ կմնան»,- ասում է  դպրոցի կազմակերպիչ Վահրամ Միրաքյանը:

Երկրորդը ազգային հարցերն են.  ՀՀ-ին և ԼՂՀ-ին վերաբերող որոշ թեմաների կողքով լրագրողներն անտարբեր են անցնում կամ սխալ տերմիններ են օգտագործում:  Նման սխալներից խուսափելու համար  ապագա լրագրողներն այստեղ ուսումնասիրել են  Արցախյան խնդրի ներկայիս վիճակը, տեղեկացել  հարևանների` Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի,  նաև տարածաշրջանային խնդիրների մասին:

«Որպես լրագրողների հետ շփվող անձ` նկատել եմ, որ կան ոլորտներ, որտեղ լրագրողների մասնագիտական մոտեցումը պետք եղած մակարդակը չունի: Խնդիրը կա`  սկսած հայոց պատմությունից մինչև ժամանակակից տեխնոլոգիաները»,- ասում է Միրաքյանը` հավելելով, որ ըստ այդմ էլ որոշվել են ուսումնասիրվող առարկաները:

Միրաքյանն ասում է, որ նաև վերլուծական միտքը շարադրելու խնդիր կա, հաճախ վերլուծությունը համեմվում է էմոցիաներով, ինչն անթույլատրելի է: Այդ իսկ պատճառով դասեր են հատկացրել նաև վերլուծական միտքը զարգացնելու համար:

Դպրոցի ուսանողներից 19-ամյա Մերի Մամյանը դպրոցը համարում է գիտելիքների այլընտրանքային աղբյուր. «XXI դարում, երբ ամեն ինչ շատ արագ է զարգանում, մրցակցությունը շատ ավելի մեծ է, մարտահրավերները` նույնպես, համալսարանական գիտելիքը չի բավարարում»:  Դպրոցում ստացած գիտելիքները նպաստում են աշխարհայացքի ձևավորմանը. «Ստանում ենք այն, ինչ անհրաժեշտ է լրագրողին, որպեսզի ճիշտ ընկալի իր երկիրը և մարտահրավերները, որ կան դրսից և ներսում: Նախ` ազգի պատմությունը. որտեղից ենք գալիս և ուր ենք գնում, և դու` որպես լրագրող, ինչ պետք է անես»:

Մերին նշում է, որ այդ  գիտելիքները պետք են ոչ միայն լրագրողներին: Իսկ դպրոցը լրագրողների համար է, քանի որ հենց լրագրողներն են, որ պետք է հասարակությանը հասցնեն այդ տեղեկատվությունը. «Սա դպրոց էր, որտեղ ոչ միայն գիտելիք ստացա, այլև կոփվեցի»:

Դպրոցի մեկ այլ ուսանող և ապագա լրագրող Սուրեն Ստեփանյանի կարծիքով էլ դպրոցում ստացած գիտելիքներն անհրաժեշտ ու կիրառելի են նաև առօրյա կյանքում:

Որպես մասնագիտացում ռազմական ժուռնալիստիկան ընտրած Նաիրա Համբարձումյանն էլ ստացած գիտելիքները կարևոր է համարում թե՛  մասնագետի, թե՛ առհասարակ հայ մարդու համար. «Անգամ պատմության դասագրքերում հաճախ հատկապես նորագույն պատմությունը թերի կամ խեղաթյուրված է ներկայացվում: Նման պայմաններում այսպիսի դասընթացները շատ կարևոր են, որտեղ կարող ես իմանալ Արցախյան ազատամարտի  իրական պատմությունը, քաղաքական, ռազմական շարժառիթների մասին: Փխրուն հրադադարի պայմաններում ենք ապրում և շատ կարևոր է ճանաչել հարևաններին ու տարածաշրջանային խնդիրները»:

Երեկոյան դպրոցի դասերն այս շաբաթ ավարտվում են: Միրաքյանն ասում է, որ նպատակ ունեն առաջիկայում էլի ընդունելություն կազմակերպել:

Դիտվել է 1282 անգամ:
Print Friendly

Leave a Reply