Մասնագետները պնդում են, որ Հայաստանում գազի գինը թանկ չէ

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | April 14, 2011 15:22

Մարտի 31-ին կառավարությունը որոշում ընդունեց  ապրիլի 1-ից մինչև 2012 թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազ սպառող անապահով ընտանիքներից մինչև  300 խմ բնական գազի քանակության յուրաքանչյուր խորանարդի համար գանձել 100 դրամ՝ հաստատված 132 դրամ սակագնի փոխարեն:

Այս որոշումը տարածվում է Հայաստանում խոցելի խավ համարվող 60 հազար ընտանիքի վրա, իսկ 300 քմ շեմը սահմանվել է այն նկատառումով, որ դրանից ավելի սպառողն անապահով խավ չի համարվում:

Մինչ այս լուրեր տարածվեցին, թե այս տարի ապրիլի 1-ին գազը կրկին թանկանալու է, ինչպես անցյալ տարի, սակայն փետրվարի 25-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո  նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարեց, որ այս տարվա ընթացքում գազի գինը չի բարձրանա, իսկ խոցելի խավերի համար` նույնիսկ կնվազի:

Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցությունն առաջարկեց  ստեղծել գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով, սակայն ընթացող զարգացումների համատեքստում այդ հարցն օրակարգից հանվեց, և որոշվեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի շրջանակներում ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի հենց  համակարգի գործունեության ուսումնասիրությամբ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասաց, որ աշխատանքային խումբը կուսումնասիրի առկա խնդրահարույց հարցերը` մենաշնորհ ծառայություններ, ներտնային սպասարկումը, անվտանգության ապահովում, կալորիականության ապահովում և այլն: «Գազը պետք է ունենա 7900 կվտԺ կալորիականություն, բայց սա հաշվարկվում է  իրավաբանական անձանց դեպքում,- ասաց նա,- բնակչության դեպքում չի վերահաշվարկվում»:

Այսօր  Հայաստանում ունենք  մոտ 350 հազար գազի սպառողներ, իսկ խորհրդային ժամանակներում, 1980-ականների տվյալներով, այդ թիվը եղել է  75 000, այսինքն` գազի սպառողների թիվն ութ անգամ ավելացել է:

Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը, ուսումնասիրելով գազի գինը Հայաստանում և այլուր, ասում է, որ մեզ մոտ այն բարձր չէ:

Հայաստանում գազը ներկրվում է հազար խմ-ը 187 դոլար գնով, վաճառվում է 283 դոլարով: ԱԱՀ-ն կազմում է 47.3 դոլար, կորուստները` 11 դոլար: «Իսկ մնացած 45 դոլարը համարվում է նորմալ մարժա,- ասում է Թավադյանը,- նույն  Մոլդովայում,  որը գազի տարանցման գոտի է, գազի հազար խորանարդ մետրը շուրջ 300 եվրո է»:

Վարդան Այվազյանի համոզմամբ՝  գազի գնի ձևավորումը  հստակ է ու պատճառաբանված, իսկ  45 դոլար մարժան մեծ չէ, «այնտեղ մտնում են ամորտիզացիոն և այլ ծախսեր»: «Այնպես չէ,  որ Ռուսաստանը, բարի կամքի դրսևորումներից ելնելով, կասի` Հայաստան, սա էլ քեզ էժան,- ասում է նա,- ուրիշ է հարցը  Պարսկաստան-Հայաստան գազամատակարարման դեպքում, որտեղ ֆիքսված գին չկա, կա այսքան գազ, այսքան էլեկտրաէներգիա»:

Թավադյանի կարծիքով`  խնդիրն ուրիշ հարթությունում է: Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն տարվա կտրվածքով կազմում է 283 դոլար, որը շատ ցածր է: Նույնն է վիճակը նվազագույն սպառողական զամբյուղի դեպքում. 45 հազար դրամ, իսկ միջին թոշակը՝ 28  հազար դրամ: «Պետք է մտածել ոչ թե գազի գինը նվազեցնելու, այլ այն մասին, թե ինչպես թույլ չտալ, որ այն ավելի բարձրանա,- ասում է նա,- սոցիալական խմբերի համար առանձին գին նշանակելը հարցի լուծում չէ»: Թավադյանն առաջարկում է ինդեքսավորել աշխատավարձերն ու թոշակները, որպեսզի գազի գինը մարդկանց բարձր չթվա:

Այվազյանը համաձայն է, որ  ՀՆԱ աճն ու գազի գինը պետք է համահունչ լինեն:  «Սակայն հանձնաժողովը չի կարող սոցիալական հետևանքները հաշվի առնել,- ասում է նա,-  մեր գազն իրականում շատ ավելի էժան է, քան այլ երկրներում: Գազի գինը չի բարձրանում, քանի որ կա թե՛ քաղաքական գործոնը, թե՛ այլընտրանքային` Հայաստան-Իրան գազատարը»: Իսկ բնակչության շրջանում տարածված այն խոսակցությունների առնչությամբ, թե գազին օդ են խառնում, Այվազյանն ասում է, որ տեխնիկապես դա անհնար է:

Դա հաստատում է  նաև Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը` ասելով, որ եթե ինչ-որ մեկը ցանկություն ունի դա ստուգելու, կարող է դիմել իրենց միություն. «Մենք կդիմենք Հայռուսգազարդ ընկերություն և չափումներ կանենք»: Ի դեպ, Պողոսյանը հաշվարկել է, որ Հայաստանում  սննդի վրա ծախսվում է ընտանեկան զամբյուղի 57 տոկոսը, 28 տոկոսը` ծառայությունների վրա. «Սա եվրոպական չափանիշներով ծայրահեղ աղքատության  ցուցանիշ է»,- ասում է նա: Ըստ  նրա՝ այլ ծախսերի, մասնավորապես` թատրոն կամ կինոթատրոն հաճախելու համար քաղաքացիների մեծ մասի եկամուտները չեն բավականացնում. «Բայց մարդը ծնվել է հոգևոր կյանքով ապրելու համար»,- եզրափակում է նա:

Դիտվել է 2009 անգամ:
Print Friendly

Leave a Reply