Արցախյան գոյամարտի ապրիլյան տարեգրությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | April 15, 2011 15:16
1992 թ. ապրիլի 12-ին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղը թշնամու կողմից հրի ու սրի քաշվեց: Իսկ մի տարի անց` 1993 թ. մարտի 25-ին ԼՂՀ պաշտպանական բանակի մարտական գործողություններով սկսվեց պատմական Քարվաճառի ազատագրման գործողությունը և արդեն ապրիլի 5-ին ազատագրվեց այն: Մեկ տարի անց` 1994 թ. ապրիլի 12-ին, ազատագրվեց Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղը:
Այն ինչ տեղի ունեցավ 1992 թ. ապրիլի 10-ին 700 ընտանիք ունեցող Մարաղա գյուղում, ողբերգությամբ ու դաժանությամբ Մեծ եղեռնի և Սումգայիթի շարունակությունն էր: Միայն թե այդ մասին, չգիտես ինչու, քիչ ենք խոսում:
Իրականում ի՞նչ կատարվեց այդ գյուղում 19 տարի առաջ: Մինչև ատամները զինված ադրբեջանցիները լուսաբացին գյուղ մտան: Այդ օրը շատերն էին հասցրել դուրս գալ գյուղից, իսկ ովքեր ուշացել էին, գազան կտրած թշնամու զոհը դարձան: 51 խաղաղ բնակիչների իրենց տներում, թաքստոցներում ու մարագներում գազանաբար սպանում, խոշտանգում, տանջամահ են անում: Ավելի քան 50 խաղաղ բնակիչների, այդ թվում նաև երեխաների, պատանդ են վերցնում:
Ջրային տնտեսության ինժեներ Բորիկ Վարդանյանին ադրբեջանցիները լավ էին ճանաչում: Նրա խոշտանգված մարմինը թողել էին ակումբի բակում ու վրան մի երկտող թողել.« Ջուրը բաշխելիս դու արդարության էիր ձգտում, դե ստացիր քո բաժին արդարությունը»: Իսկ գլուխը իրենց հետ տարել էին: Տարել էին նաև նրա մորն ու կնոջը:
Սա ընդամենը մի կարճ դրվագ է այդ մեծ ողբերգությունից, բայց մինչ օրս ըստ արժանվույն ո՛չ դատապարտվել է, ո՛չ էլ լուսաբանվել:
Թեև հաջորդ օրը գյուղն ազատագրվեց, բայց մի քանի ժամվա ընթացքում թշնամին իր սև գործն արդեն արել էր: Թշնամին էլ, սակայն, անպատիժ չմնաց: 2 կմ միմյանցից հեռու գտնվող Մարաղայի և Միրբաշիրի միջև տեղի ունեցած մարտում թշմանին 160 դիակ թողեց:
«Մարաղացուց շատ իր հողն ու հայրենիքը սիրող քիչ մարդ կա: Որպես հրամանատար` ուզում եմ ասել, որ ոչ մի մարաղացի իր մի մետր հողը չի թողել թշնամուն: Մինչև վերջին պահը կռվել է հերոսաբար: Մարաղացիները հերոս ժողովուրդ են և ապրիլի 10-ն էլ հերոսամարտ է»,- ասաց գյուղի հրամանատար Ռոմա Կարապետյանն ու մաքրեց ճակատի քրտինքը: Ասես նրա ուսերից մի մեծ բեռ ընկավ…
Իսկ ամիսներ անց, ավելի ստույգ` հունիսի 16-ին, երբ դատարկվեցին Այգեստանն (Չայլու) ու Մատաղիսը, Մարաղան կրկին հայտնվեց մահվան օղակում, նրա բնակիչները ստիպված եղան նորից թողնել այդքան պաշտպանած հարազատ գյուղը` չկարծելով , որ դա արդեն անվերադարձ է…
Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղը Արցախի խոշոր գյուղերից է թե՛ իր տարածքով և թե՛ տնտեսությամբ: Այն Շահումյանի շրջանի ամենամոտ գյուղն էր և մինչև 1921 թ. մտել է այդ շրջանի մեջ: Իսկ երբ շրջանը ԼՂԻՄ-ի կազմից դուրս հանվեց, Թալիշը մնաց մարզի մեջ: Գյուղը գտնվում է Մարտակերտի շրջանի ծայր հյուսիսում: Հոռեկ անունով հին պատմություն ունեցող գյուղ է եղել, որի բնակիչները հետագայում այլ վայր են տեղափոխվել, վերադարձել 10 տարի անց` 1808 թ. և վերակենդանացրել իրենց հայրենի գյուղը, սակայն արդեն Նոր Թալիշ անվամբ:
Գորբաչովյան ձնհալից հետո թալիշցին էլ կանգնեց իր հին ու նոր պատմության մեծագույն փորձության առջև: Վճռականորեն արձագանքեց Արցախյան շարժման առաջամարտիկների կոչերին: 1991 թ. գյուղում ստեղծվեց ռազմական շտաբ: Պատմական այս գյուղը, սահմանակից լինելով ադրբեջանական երեք շրջաններին, անխնա հրետակոծվել Է: Գյուղի գրավմամբ թշնամին մի հեռահար նպատակ ուներ նաև` Շահումյանի շրջանը կտրել ԼՂԻՄ-ի տարածքից: Գյուղն անգամ «Երկիր-օդ» տիպի զենիթային հրթիռ է տեսել, բայց չի ընկրկել: Թշնամուն շարունակ արժանի հակահարված են տվել: Սակայն 1992 թ. հունիսի 13-ին, երբ ընկավ Շահումյանը, և թշնամին ընդհուպ մոտեցել էր գյուղին, ռազմական խորհուրդը հունիսի 14-ին բնակիչներին տեղափոխելու որոշում կայացրեց: Գյուղի ինքնապաշտպանների տրամադրության տակ ընդամենը մեկ ինքնաշեն «Գրադ» կայանք էր և մեկ ԲՄՊ: Եղածով բնակիչներին պահելը մեծ ռիսկ էր: Սակայն վտանգի սպառնալիքին չհավատացողներ էլ եղան, որոնք մնալով վայրի գազանի զոհը դարձան: 1992 թ. հունիսի 16-ի կեսօրին գյուղն ընկավ:
ԼՂՀ ինքնապաշտպանական ջոկատները, բազմաթիվ մեծ ու փոքր ճակատամարտեր, կորուստներ տալով, 1993 թ. փետրվարից մինչև հունիսի 27-ը կարողացան ազատագրել Մարտակերտի մի շարք գյուղեր: Պատվախնդիր թալիշցիները քուն ու դադար չունեցան, մինչև որ այլ ուժերի օգնությամբ ազատագրեցին իրենց հայրենի գյուղը: Իսկ դա 1994 թ. ապրիլի 14-ին էր:
Ադրբեջանցիները հեռանալուց առաջ հիմնովին ավերել էին գյուղը` այդ կերպ փորձելով վրեժ լուծել հերոս թալիշցիներից: Բայց միևնույն է, թալիշցիների երջանկությունն անափ էր: Նման ուրախություն վաղուց չէր տեսել հնամենի լեռնաստանը: Տխուր մնացին շահումյանցիները, գետաշենցիները, այգեստանցիները, մարաղացիները: Նրանց շեներն ազատագրելու հերթը չհասավ: Առայժմ չհասավ:
Թալիշի կորստից խուճապահար Ալիևը «քառատրոփ» Մոսկվա հասավ, և 1994 թ. մայիսի 14-ին մեզ հրադադարի պայմանագիր պարտադրվեց: Նժարի վրա դրվեցին Ադրբեջանի նավթային շահերը: Այլապես մեր ազատամարտիկները ոչ միայն կազատագրեին Մարաղան և գերի մնացած մյուս գյուղերը, քանի որ ազատամարտիկների ոգին գագաթնակետին էր հասել, այլև Միբաշիր կհասնեին: Այդ պարագայում մենք զիջելու բան կունենայինք: Այնպես որ` մենք մեր փոխզիջումն արդեն արել ենք:
Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
