Կառավարությունը նվազագույն զամբյուղի արժեքը բարձրացնելու միտք չունի
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | Անի Գասպարյան | April 14, 2011 15:15
Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի հերթական քառօրյայի ժամանակ ընդունվեցին մի շարք օրենքների նախագծեր,մի քանիսն էլ հետաձգվեցին՝ թերությունները շտկելու և վերամշակումներ կատարելու նպատակով:
ՀՅԴ խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված և արտահերթ «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունը15 օրով հետաձգվեց:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ելույթ ունեցավ՝ նշելով, որ օրինագծի ընդունումն այս պահին ՀՀԿ-ն իրատեսական չի համարում, ուստի իրենք քվեարկությանը չեն մասնակցելու: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նույնպես տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. «Ես հասկացա, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն սկզբունքային առումով դեմ չեն մեր օրինագծին, ժամանակի խնդիրն է միայն դիտարկվում, եթե այդպես է, եկեք հետաձգենք օրենքի քվեարկությունը և այն, որ նախարարներն ասում էին, թե փող չկա, մենք այդ ընթացքում կապացուցենք, որ փող կա»:
Նախորդ օրը ծավալված քննարկման ժամանակ ՀՅԴ-ի խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը օրինագիծը ներկայացնելիս նշել էր, որ ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ կենսաապահովման նվազագույն զամբյուղի արժեքը, ըստ իրենց հաշվարկների, կազմում է 61 000 դրամ, այնինչ նվազագույն աշխատավարձը սահմանված է 32 500 դրամ:
ՀՀ ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ սոցիալական հարցերի նախարարներն իրենց ելույթներում պարզաբանել էին, որ կառավարությունն այս պահին աննպատակահարմար է համարում հարցի քննարկումը:
Քառօրյայի ընթացքում պարզ դարձավ նաև, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և ՀՅԴ խմբակցության միջև համաձայնություն է եղել հանձնաժողովի շրջանակներում ստեղծել աշխատանքային խումբ` ուսումնասիրելու գազամատակարարման համակարգի գործունեությունը:
Վահան Հովհաննիսյանն առաջարկեց այդ խմբի ղեկավարությունը հանձնել իրենց՝ խոստանալով «լավ աշխատել» այդ ուղղությամբ: Հաշվի առնելով ձեռք բերված համաձայնությունը` քառօրյայից հանվեց ՀՅԴ խմբակցության պատգամավորների ներկայացրած «ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» հարցը:
Քառօրյայի ընթացքում ԱԺ պատգամավորներն ընդունեցին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Փաստաթուղթը ենթադրում է խստացնել մենաշնորհի դեմ պայքարի մեխանիզմները և կառավարությանը իրավունք վերապահել ինքնուրույն գին որոշել այս կամ այն ապրանքի համար 90 օրվա ընթացքում, եթե այդ ապրանքի գինը աճում է 30 տոկոսով: «Եթե գերիշխող կամ մենաշնորհային դիրք ունեցող սուբյեկտը, չարաշահելով իր այդ կարգավիճակը, վնաս է պատճառում հարյուրհազարավոր սպառողների, հատկապես` մեր պետության մեջ, որտեղ բյուջեն չունի վերաբաշխման իր արդյունավետ ֆունկցիան, ինչքան ուզում եք տուգանեք ու պատասխանատվության ենթարկեք, դրանից սովորական սպառողը չի շահելու»,-իր ելույթում նշեց պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նրա մեկնաբանությանը, թե տնտեսական մրցակցության ապահովման խնդիրները չեն կարող դիտվել մեկ մարմնի գործառույթների շրջանակներում, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Եթե մենք այդ տարբերակով գնանք, ապա կունենանք անթիվ-անհամար ստուգումների շարք. տնտեսվարողի գլխին 8 հազար ստուգող պետք չէ»:
Նախագծի քվեարկությունը հետաձգվեց մինչև հաջորդ քառօրյա` հնարավորություն տալով շահագրգիռ պատգամավորներին առավել մանրամասն ծանոթանալու նախագծին, իսկ գլխադասային հանձնաժողովին` հանդես գալու նոր օրենսդրական փոփոխություններով:
Խորհրդարանը վավերացրեց նաև ՀՀ և ՌԴ միջև 1995 թ. մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագիրը, որը ստորագրվել է 2010 թ. օգոստոսի 20-ին, Երևանում:
Ինչպես նշեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, այդ արձանագրությամբ ՀՀ տարածքում գտնվելու ընթացքում ռուսաստանյան ռազմակայանը բացի ՌԴ շահերի պաշտպանության գործառույթներից, ՀՀ զինված ուժերի հետ համատեղ ապահովելու է նաև ՀՀ անվտանգությունը:
Խորհրդարանն ընդունեց նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ու կից օրենքների փաթեթը:
Անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը հայտարարեց, որ այս օրենսդրական նախաձեռնությունը նոր սահմանափակումներ է մտցնում օրենքում: «Սա վտանգավոր է և լուրջ խնդիրներ է առաջացնելու թե՛ խորհրդարանական և թե՛ նախագահական ընտրությունների ժամանակ»,-ասաց նա:
Դաշնակցությունն այդ օրինագծի քվեարկությանը չմասնակցեց:
Քննարկվեց նաև ՀՀ կառավարության ներկայացրած «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրինագիծը: ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Բալասանյանի կարծիքով` ներկայացված օրինագծի ընդունումը լուրջ խթան կդառնա աղետի գոտում տնտեսության զարգացման և ներդրումների համար, ինչը կնվազեցնի գործազրկության մակարդակը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը, սակայն, համամիտ չէր այդ կարծիքին և հայտարարեց, որ միանշանակ չեն այն օգուտները, որ սպասվում են այս նախագծից: Իսկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանի կարծիքով` այս օրինագծում անորոշությունների մի ամբողջ գամմա կա, որի պարագայում ցանկացած, մինչև անգամ մեծ համարձակություն ունեցող տնտեսվարող սուբյեկտը կարող է չօգտվել արտոնություններից. «Օրինագծով կառավարությունն ուզում է մի երկուսին լավություն անել»,-մեկնաբանեց նա:
Քննարկվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է նոյեմբերի 10-ը սահմանել Տեղական ինքնակառավարման մարմինների օր:
Քննարկվեցին նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի լրամշակված նախագիծը, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և այլ նախագծեր:






Facebook
Tweet This
Email This Post
