Ովքե՞ր են ազատվում դատարան դիմելու համար վճարվող պետական տուրքից

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | April 19, 2011 7:10

Քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության հարցով կարող են դիմել դատարան: Քիչ չեն այն դեպքերը, երբ հայցվորը կամ դիմողն ի վիճակի չէ վճարելու պետական տուրքը, առավել ևս, երբ պատասխանողից որոշակի չափով գումար պետք է բռնագանձվի կամ երբ քաղաքացին պատկանում է սոցիալական այն խմբին, ով, համաձայն  օրենքի, ազատված է պետտուրք վճարելուց կամ էլ հնարավոր է այն նվազեցնել, կամ ժամկետը հետաձգել: Նախքան հարցին կոնկրետ պատասխանելուց, կարծում ենք` պետք է պարզաբանել, թե ինչ ասել է պետական տուրք, ինչ իրավական ակտերով են կարգավորվում դրան վերաբերող հարաբերությունները և այլն:

Պետական տուրքին վերաբերող հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերով, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է»:

Պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները.

ա) պետական տուրքի վճարումից ազատում.

բ) պետական տուրքի նվազեցում.

գ) պետական տուրքի դրույքաչափի նվազեցում.

դ) պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում.

ե) պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:

Պետական տուրքից ազատելու դեպքերը սահմանված են հիշյալ օրենքի 22-րդ հոդվածով, որոնք մեկ տասնյակից ավելի են: Ըստ  այդմ` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են.

  • հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով,
  • հայցվորները` ալիմենտի գանձման վերաբերյալ հայցերով,
  • հայցվորները` խեղման կամ առողջության այլ վնասման, ինչպես նաև կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով,
  • սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության մարմինները` տուժողին կամ նրա ընտանիքի անդամներին վճարված թոշակի և նպաստի գումարները վնաս պատճառողից գանձելու վերաբերյալ ռեգրեսիվ հայցերով,
  • հայցվորները` հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով,
  • հայցվորները` օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց` օրենքով պաշտպանվող իրավունքների և շահերի պաշտպանության հարցերով դատարան տրվող դիմումների գծով,
  • ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք`
    • գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով,
    • երևան եկած նոր հանգամանքների հետևանքով դատարանի վճիռը կամ որոշումը վերանայելու վերաբերյալ գանգատներով,
    • դատարանների վճիռներով նշանակված տուգանքների զիջման կամ նվազեցման վերաբերյալ հայցերով,
    • դատարանների վճիռների կատարումը շրջադարձելու դիմումներով, բաց թողնված ժամկետները վերականգնելու, ինչպես նաև հարկադիր կատարողների գործողությունները գանգատարկելու վերաբերյալ դիմումներով,
    • տուգանքների զիջումը կամ նվազեցումը մերժելու մասին դատարանների որոշումների դեմ գանգատներով, դատարանների որոշումների դեմ մյուս գանգատներով,
    • վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ գանգատներով,
    • մշակութային արժեքները ապօրինի տիրապետողից հետ պահանջելու մասին հայց ներկայացնելիս,
  • դատախազության մարմինները` պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով.
  • վճռաբեկ գանգատ տվող անձի կողմից դատավարության ընթացքում հանդես եկած դատավարության մասնակիցները և երրորդ անձինք` գանգատին միանալու վերաբերյալ հայցերով,
  • դիմողները` ընտրելու և (կամ) ընտրվելու իրենց իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներով,
  • դիմողները՝ քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումներով,
  • փախստականի կարգավիճակ հայցողները՝ փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի մերժումը բողոքարկելու վերաբերյալ հայցերով և բողոքներով,
  • փախստականի կարգավիճակ ունեցող անձինք՝ իրենց խախտված բնակարանային իրավունքները վերականգնելու վերաբերյալ հայցերով և բողոքներով,
  • հոգեբուժական հաստատությունները՝ քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումներով,
  • դատական ակտերի հարկադիր կատարողները`
    • կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի վերանայման վերաբերյալ դիմումներով,
    • օրենքով սահմանված դեպքերում պարտապանին անվճարունակ (սնանկ) ճանաչելու վերաբերյալ հայցադիմումներով,
  • ժամանակավոր ադմինիստրացիայի (վարչակազմի) ղեկավարը և լուծարային կառավարիչը` «Բանկերի սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց խնդիրներն իրագործելու նպատակով ներկայացվող հայցերով,
  • պարտապանը` սեփական անվճարունակությունը (սնանկությունը) ճանաչելու համար ներկայացվող հայցադիմումներով,
  • սնանկության կառավարիչները` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար,
  • դիմողները` վճարման կարգադրություններ արձակելու մասին դիմումներով,
  • մարդու իրավունքների պաշտպանը` իր կողմից ներկայացվող հայցերով,
  • հայցվորները` պետական նպաստների, այդ թվում` նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման, գումարների բռնագանձման վերաբերյալ հայցերով:

Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցի համար պետական տուրք չի գանձվում:

Ավետիք Հարությունյան

Դիտվել է 3040 անգամ:
Print Friendly

Leave a Reply