Հույսը վերջինն է մեռնում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | April 21, 2011 7:00

Լողն աշխարհում, նաև Հայաստանում սիրված մարզաձև է: Սակայն, ինչքան էլ տարօրինակ է, մեր երկրում չկա լողի թեկուզ մեկ մարզադպրոց, այսինքն` այնպիսի կենտրոն, որում պատանիները և աղջիկները կանոնավոր մարզումներ անցկացնեն, բարձրացնեն իրենց վարպետության մակարդակը: Կարելի է ասել, որ մեր երկրում չկա 50 մ երկարություն ունեցող լողավազան, որում հիմնականում անցկացվում են խոշորամասշտաբ ստուգատեսների մեկնարկները, օլիմպիական վարկանիշային մրցումները, ի վերջո, օլիմպիական խաղերը:

Այսուհանդերձ, լողի մեր երկրի ֆեդերացիայի նախագահ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի լողի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Իգոր Սաֆարյանը վստահեցրեց, որ լողի Հայաստանի հավաքականի թեկնածու 25 լողորդ  կանոնավոր պարապմունքներ է անցկացնում: Իսկ նպատակն է իրավունք նվաճել մասնակցելու 2012-ին Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին: Ի դեպ, առաջիկա օլիմպիական խաղերին մասնակցելու համար պայմաններն ավելի բարդացել են: Արդեն մի քանի ամիս է, որ Լողի միջազգային ֆեդերացիան նոր որոշում է կայացրել: Նախկինում օլիմպիական խաղերին մասնակցելու համար, եթե վարկանիշային մեկնարկներում որևէ երկրի ներկայացուցիչները ուղեգրեր նվաճած չէին լինում, ապա հրավեր էին ուղարկում նման երկրի մեկական մարզիկի և մարզուհու: Սակայն այժմ  այդպիսի բան չի արվելու, ուստի ոչ բոլոր  երկրները մասնակիցներ կունենան:

Սաֆարյանը տեղեկացրեց, որ նախապատվությունը տրվելու է այն մարզիկ-մարզուհիներին, ովքեր բարձր արդյունքներ ցույց կտան 2011-ին և մինչև 2012-ի մայիսը կազմակերպվելիք օլիմպիական վարկանիշային մեկնարկներում: Եթե նախկինում օլիմպիական խաղերի լողի մրցաշարում հանդես էր գալիս 1000-ից ավելի մարզիկ-մարզուհի, ապա այժմ այդ թիվը նվազեցվել մինչև 900: Ըստ Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահի` փորձը ցույց է տալիս, որ նրանցից 800-ը լրացնում են համապատասխան վարկանիշները: Ուրեմն ստացվում է, որ հրավերով մասնակցելու է միայն 100 մարզիկ-մարզուհի: Այդ պատվին են արժանանալու նրանք, ովքեր թեև վարկանիշային մրցումներում ուղեգրերի չեն արժանացել, սակայն բարձր ցուցանիշներ ունեն:

Իրականությունն այն է, որ Հայաստանի ներկայացուցիչներն  ի վիճակի չեն լինելու պայքարել օլիմպիական խաղերի վարկանիշ լրացնելու  համար: Փաստորեն, մեր երկրում  դա անհնարին է, քանի որ Հայաստանում բոլոր մրցումները, այդ թվում նաև ազգային առաջնությունը, անցկացվում են 25 մ-ոց լողավազանում: Մնում են դրսում կազմակերպվելիք միջազգային վարկանիշային ստուգատեսները: Մասնավորապես` հուլիսի 15-30-ը Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվելու է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության լողի մրցաշարը: Հայաստանին իրավունք է վերապահվել ներկայացնելու 3 մարզիկ: Իսկ 2 տարի առաջ կազմակերպված նույն ստուգատեսում Հայաստանը 7 մասնակցի տեղ ուներ: Այժմ ամեն ինչ բարդացել է: Սակայն հույսը վերջինն է մեռնում:

Առաջիկայում նախատեսվում է անցկացնել լողի Հայաստանի առաջնությունը, մրցումների արդյունքով ընտրել լավագույններին:  Ակնկալվում է, որ մեր երկրի ներկայացուցիչներից երկուսը կկարողանան այնպիսի արդյունքներ ցույց տալ, որ օլիմպիական խաղերին մասնակցելու հրավեր ստանան: «Խոսքը Միքայել Քոլոյանի և Խաչիկ Փլավչյանի մասին է: Ի դեպ, վերջինս վարպետությունը կատարելագործում է ԱՄՆ-ում: Միքայելը վստահ է հանդես գալիս ազատ ոճով լողի մրցումներում, իսկ Խաչիկը` թիկնալողի մրցումներում: Լողորդուհիներից էլ հույսեր են ներշնչում Անահիտ Բարսեղյանը և Մոնիկա Վասիլյանը:  Մերոնք իրենց կարողությունները կփորձեն մայիսի սկզբին Թբիլիսիում կայանալիք միջազգային մրցաշարում, ապա պարապմունքները կշարունակեն Ծաղկաձորում, որից հետո էլ կմասնակցեն աշխարհի առաջնությանը»,-ասաց  Սաֆարյանը:

Դիտվել է 1015 անգամ:
Print Friendly

Leave a Reply