Ճի՞շտ էր Թուրքիա չգնալը
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | April 17, 2011 7:00
Մեկնարկել են Հայաստանի ուսանողական մարզական խաղերը, որոնք, ամենայն հավանականությամբ, քիչ բանով կտարբերվեն նախորդներից: Այսինքն` Հայաստանի շուրջ հարյուր բուհերից կմասնակցի միայն մեկուկես տասնյակը: Փաստն այն է, որ Երևանի տնտեսագիտական համալսարանում առաջինը կազմակերպված վոլեյբոլիստուհիների մրցաշարում միայն 13 բուհերի թիմեր էին խաղահրապարակ դուրս եկել: Ընդ որում, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանն այս թիվը ռեկորդային համարեց: Իսկ վոլեյբոլիստուհիների մրցաշարում դրականն այն էր, որ նախորդ տարվա 9 թիմի փոխարեն, այս անգամ 4-ով ավելացել էր պայքարի ոլորտ ներգրավողների թիվը:
Ի դեպ, նախկինում խաղեր են եղել, երբ վոլեյբոլիստուհիների մրցաշարին միայն 4 թիմ է մասնակցել: Ինչևէ, առաջին երեք տեղերը գրավեցին Արցախի համալսարանի, Երևանի պետական համալսարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ներկայացուցիչները:
Դժվար է ասել, թե որ մրցաձևում քանի մասնակից կլինի, քանի որ հայտեր կարող են ներկայացնել անգամ մեկնարկի նախօրյակին: Խաղերի ծրագրում են նաև սեղանի թենիսը, շախմատը, վոլեյբոլը, լողը, աթլետիկան, կրոսավազքը, բասկետբոլը, մինի ֆուտբոլը, հանդբոլը: Խաղերը կավարտվեն նոյեմբերին: Եթե նախորդ տարի նորություն էր հանդբոլի մրցաշարի անցկացումը, ապա այս տարի խաղերի ծրագրում ավելացել է մինի ֆուտբոլը:
Այդուհանդերձ, Հայաստանի բուհերում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դրվածքը մնում է խայտառակ վիճակում: Ընդ որում, ուսումնական հաստատությունների ղեկավարները մեկը մյուսի ետևից վերացնում են ֆիզիկական դաստիարակության ամբիոնները, և դրա համար ոչ մի պատասխանատվություն չեն կրում: Վերջին նորությունն այն է, որ Երևանի մանկավարժական համալսարանում են ցանկանում ամբիոնը վերացնել: Հետաքրքվեցինք, թե այդ մասին տեղյա՞կ է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահը (ի դեպ, այդ կազմակերպության նախագահը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է): Ստեփանյանը տեղեկացրեց, որ Հայաստանի բուհերի ղեկավարների մի մասը կողմ է, որ կիրառվի եվրոպական երկրների փորձը, այսինքն` աշխատանքները կազմակերպելու համար ստեղծվեն տարբեր մարզաձևերի խմբեր, ակումբներ:
«Ինքս էլ կողմնակից եմ այդ տարբերակին: Բայց հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանի բուհերը մարզաբազաների առումով սահմանափակ հնարավորություններ ունեն, նույնիսկ ֆիզիկական կուլտուրայի դասերի անցկացման համար համապատասխան դահլիճներ և խաղահրապարակներ չկան: Այդ է պատճառը, որ առայժմ ակումբային տարբերակն արդյունավետ չի կարող լինել: Երբ այդ լուրը տարածվեց, ՀՀ ԿԳ նախարարության մարզական աշխատանքները համակարգող վարչության պետը, բացասաբար տրամադրված նման քայլին, առաջարկեց քննարկել հարցը: Ի վերջո, մեր առանձնազրույցից հետո այն եզրակացությանը հանգեցինք, որ այդ խնդիրը պետք է լրջորեն ներկայացվի նախարարին: Մի բան անհրաժեշտ է, որ արվի: Ճիշտ է, ներկայումս բուհերի ներկայացուցիչներին հնարավորություն է տրված ինքնուրույն որոշումներ կայացնել, ծրագրել անելիքը, բայց պետք է արդյունավետ որևէ ձև ընտրել, որպեսզի ֆիզիկական դաստիարակության աշխատանքների կազմակերպման համար գոնե նվազագույնը կատարվի: Փաստորեն, ներկայումս ֆիզիկական կուլտուրան դասավանդվում է Երևանի ագրարային համալսարանում, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, Երևանի տնտեսագիտական համալսարանում, ԵՊՀ-ում, Երևանի ճարտարագիտական համալսարանում: Ընդ որում, վերջինում դա արվում է ոչ լրիվ»,- ասաց Ստեփանյանը:
Այս հարցում մտահոգությունն անհիմն չէ: Եթե որևէ նոր բան է ծրագրվում, ապա չպետք է լիովին քանդել եղածը, այլ մտածել, թե ինչպես կարելի է սահուն անցում կատարել: Ֆեդերացիայի փոխնախագահն այն կարծիքին է, որ եղածը քանդելուց հետո շատ դժվար է լինելու լուծել կադրային հարցը, նաև` վերսկսել աշխատանքները: «Ներկայումս Հայաստանի ֆինանսատնտեսական վիճակն այնպիսին չէ, որ բուհերի համար համապատասխան մարզաբազաներ կառուցվեն: Օրինակ` եթե բուհն ունենա երեք լողավազան կամ էլ մի քանի մարզասրահ և մարզադաշտ, ապա որևէ կասկած չի առաջանա, որ ուսանողները կզրկվեն ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու հնարավորությունից»,- պարզաբանեց Ստեփանյանը:
Այս հարցերը էական են նաև այն առումով, որ անցկացվում են համաշխարհային ձմեռային և ամառային օլիմպիական խաղեր: Շատ կարևոր է, որ խոշորամասշտաբ այդ ստուգատեսներում Հայաստանը պատվիրակներ ունենա: Սակայն միշտ չէ, որ ցանկությունները և հնարավորությունները համընկնում են: Եվ քանի որ Թուրքիայի էրզրում քաղաքում վերջերս կայացած ձմեռային համաշխարհային ուսանողական խաղերը Հայաստանի ներկայացուցիչները բաց են թողել, խնդրեցինք պարզաբանել, թե ինչքանով է արդարացված այդպիսի քայլը, առավել ևս, որ խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ցուցադրվել են այնպիսի դեկորներ, որոնք Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված երևանյան հուշարձանն են հիշեցնում, և կատարվածից առաջին հերթին զարմացած էին մնացել Թուրքիայի ներկայացուցիչները, մինչդեռ Հայաստանից ոչ ոք ներկա չէր:
Ստեփանյանն այն կարծիքը հայտնեց, որ իմաստ չկար Հայաստանից պատվիրակներ գործուղել այդ ստուգատեսին: «Ներկայումս ձմեռային մարզաձևերի Հայաստանի ներկայացուցիչները փայլուն արդյունքներ չունեն: Իսկ ցածր մարզական մակարդակն այնտեղ ցուցադրելը կարող էր վնասել ազգային արժանապատվությունը: Եթե Հայաստանի ձմեռային մարզաձևերի ներկայացուցիչները նպատակահարմար էին գտնում, ապա կարող էին պատվիրակներ գործուղել: Ինչ վերաբերում է ուսանողան մարզական միջազգային ֆեդերացիայի համաժողովում Հայաստանից ներկայացուցիչ չունենալուն, ապա, եթե մարզիկներ չէինք գործուղել, ապա իմաստ չուներ նաև այդ միջոցառմանը մասնակցելը»,- ասաց Ստեփանյանը:
Ինչ խոսք, տարբեր պատճառաբանություններ կարելի է բերել, թե ինչու Հայաստանը չի մասնակցել այդ ստուգատեսին, սակայն քաղաքական նշանակություն կարող էր ունենալ այն, որ մեր եռագույն դրոշն էլ փողփողար Թուրքիայում պատվիրակներ ունեցած երկրների կողքին:
Իսկ առջևում ամառային ուսանողական համաշխարհային խաղերն են, որոնք անցկացվելու են Չինաստանի Շենժեն քաղաքում: Հայաստանը սահմանափակ թվով մասնակիցներ կունենա: Պետությունն այդ նպատակով 23 մլն դրամ է հատկացրել: Եվ նպատակ կա պատվիրակության կազմում հիմնականում ընդգրկել այնպիսի մարզաձևերի ներկայացուցիչների, որոնք կարող են մեդալների հույս ներշնչել: Հույսն այն է, որ հաջող հանդես կգան մեր ծանրամարտիկները, թհեքվանդոյիստները, ձյուդոյիստները և շախմատիստները: Չի բացառվում, որ Հայաստանից մասնակցեն աթլետներ, սեղանի թենիսիստներ, թենիսիստներ: Ստեփանյանը հայտնեց, որ տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների հետ համագործակցում են, և եթե երաշխիքներ տրվեն, ապա հույսեր ներշնչող մարզիկներին կընդգրկեն պատվիրակության կազմում: Դեր կխաղա նաև այն հանգամանքը, թե որքանով են տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներն ի վիճակի համագործակցելու ֆինանսական հարցերում:
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահը նշեց, որ վառելանյութերի թանկացման հետ կապված` վերջերս ինքնաթիռների տոմսերը 40 տոկոսով թանկացել են: Եվ դա թելադրում է, որ միայն լավագույն մարզիկներն ընտրվեն: «Ի դեպ, առաջիկա խաղերի կազմակերպիչները ծանրամարտը և շախմատը մտցրել են ստուգատեսի ծրագրում: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ չինացիներին այդ մարզաձևերը հոգեհարազատ են, և նրանք բարձրակարգ մարզիկներ ունեն: Սակայն հուրախություն Հայաստանի, մենք էլ այդ մարզաձևերում ուժեղ ենք: Ընդ որում, 2013-ի խաղերի ծրագիրը, որոնք կայանալու են Ռուսաստանի Կազան քաղաքում, մեր համար էլ ավելի ձեռնտու է, քանի որ այս երկու մարզաձևերից բացի, ավելանալու են սամբոն, բռնցքամարտը, ըմբշամարտը: Իսկ դա Հայաստանի ներկայացուցիչներին ավելի լուրջ սպասելիքներ ունենալու հնարավորություն կտա»,- պարզաբանեց Ստեփանյանը:
Հավելենք, որ նախորդ` 25-րդ ամառային ուսանողական համաշխարհային խաղերն անցկացվել են Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, և Հայաստանի ներկայացուցիչները տիրացել են մեկ արծաթե (ձյուդո), 2 բրոնզե (թհեքվանդո, ձյուդո) մեդալի:






Facebook
Tweet This
Email This Post
