Ընդդիմության դաշտում շարունակվում են փոխադարձ մեղադրանքները
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | April 15, 2011 0:00
Ապրիլի 8-ի հանրահավաքում ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանության հետ վերջնագրային լեզվով խոսելու հարցը հետաձգեց և կրկին ժամանակ տվեց իշխանություններին մինչև ապրիլի 28-ը կատարելու «հանուն երկխոսության» իր երեք պահանջները` ելույթում քննադատության հիմնական թիրախ դարձնելով դաշտում առկա մյուս ընդդիմադիր ուժերին: Ընդդիմության դաշտում մենատիրական դիրքեր հաստատելու իրենց հաջողված փորձերը նա պայմանավորեց մյուս ընդդիմադիր ուժերի «ապաշնորհությամբ» և շատ խիստ արտահայտվեց Հայաստանում հնարավոր երրորդ ուժի ստեղծման փորձերի մասին` մասնավորապես նշելով, որ «երրորդ ուժ կոչվածը վերջին պահին միշտ էլ անցել է ոչ թե ընդդիմության կողմը, այլ լծվել է իշխանությունը բռնազավթողների կառքին», և ակնարկեց, որ հենց այդ երրորդ ուժի ներկայացուցիչներին ձեռտու չէ իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը, քանի որ այդ երկխոսության արդյունքը կարող են լինել արտահերթ ընտրությունները, որոնց դեպքում այդ ուժերին հետաքրքրելու են «պաշտոնների ու պատգամավորական մանդատների շուրջ պայմանավորվածությունները, ուստի նրանք համաձայն կլինեն, որ քաղբանտարկյալները հավերժ մնան բանտերում, որ Ազատության հրապարակը երբեք չվերադարձվի ժողովրդին, որ մարտի 1-ի սպանությունները չբացահայտվեն, միայն թե երկխոսությունը տեղի չունենա»: «Եթե այդպես չեն էլ մտածում, ապա իրենց գործողություններով նպաստում են կարևորագույն այդ խնդիրների լուծման վիժեցմանը կամ հետաձգմանը», -ասաց է նա:
Մոտավորապես հայտնի է ընդդիմադիր ուժերի այն շրջանակը, որոնք փորձում են դառնալ ՀԱԿ-ին հակակշիռ երրորդ ուժ: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը ապրիլի 11-ի իր ասուլիսում հայտարարեց, որ արդեն տևական ժամանակ է` «Ժառանգության» և մի շարք քաղաքական ուժերի միջև բանակցություններ են սկսվել նոր քաղաքական դաշինք ձևավորելու շուրջ: Նա չնշեց, թե ինչ քաղաքական ուժերի մասին է խոսքը, սակայն դրանից մի քանի օր առաջ «Ժամանակ» թերթը գրել էր «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի «ուշագրավ» հանդիպման մասին: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նույնպես խոսել է երրորդ ուժի ստեղծմանն աջակցելու պատրաստակամության մասին: Շոշափվում են նաև «Սարդարապատ» շարժման և Տիգրան Կարապետյանի անունները: Հետևաբար, Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններն էլ շատ արագ պատասխան ստացան, մասնավորապես` «Ժառանգություն» կուսակցությունից, որի հետ արդեն վաղուց է շարունակվում ՀԱԿ-ի քաղաքական առճակատումը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, թե ապրիլի 8-ի իր ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ից դուրս գոյություն ունեցող ուժերի դեմ իրականացվող արշավի պատասխանատվություն ստանձնեց: Ըստ նրա` Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնվել է շատ վտանգավոր դիրքում, որը ոչ մի լավ բան չի խոստանում. «Լևոն Տեր-Պետրոսյանը մի օր կտեսնի, որ շրջապատված է թշնամիներով, ովքեր պատրաստ են քարերով խփել իրեն, քանի որ ինքն է առաջին հերթին բոլորին խփելու ռազմավարություն մշակել: Հիմա նա փչացրել է ՀԱԿ-ից դուրս բոլոր ուժերի հետ իր հարաբերությունները, սակայն չմոռանանք, որ հենց ՀԱԿ-ն էր հայտարարում` եթե մյուս քաղաքական ուժերը չմիավորվեն, ինքը միայնակ ի զորու չի լինի իշխանափոխություն իրականացնելու։ Սա Լևոն Տեր-Պետրոսյանի որակումն էր, ով ստիպված է լինելու վերադառնալ իր նախկին հայտարարություններին»,- նկատեց Ստեփան Սաֆարյանը:
Իսկ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն էլ «ցինիզմի բացառիկ դրսևորում» որակեց Լևոն Տեր Պետրոսյանի խոսքերն այն մասին, որ ընդդիմադիր որոշ ուժեր խոչընդոտում են երկխոսությունը: Ըստ նրա` Լևոն Տեր-Պետրոսյանը մանիպուլյացիաների միջոցով ուզում է ցույց տալ, որ իշխանություններն իր ճնշման տակ գնում են զիջումների: Սակայն Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ քաղաքական առումով որոշ պայմանավորվածություն կա ՀԱԿ-ի ու իշխանությունների միջև արտահերթ ընտրություններ անցկացնելու համար. դա շահեկան է երկու կողմերի համար էլ. «ՀԱԿ-ի համար շահեկան է, այդ միավորումը զիջել է արմատական ընդդիմության նշաձողը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում կունենա իր ուզած թիվը պառլամենտում: Եթե լինեն հերթական ընտրություններ, ՀԱԿ-ից կմնա կամուֆլյաժ, որովհետև 17-ից հետո ապրիլի 8-ի հանրահավաքում պակասեց մարդկանց թիվը»,-ասել է նա:
Պատասխանելով Ռուբեն Հակոբյանի հայտարարություններին` «Ազատություն» ռ/կ-ին ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, որ իրենց քննադատության թիրախը իշխանությունն է. «Իշխանական կոալիցիայից դուրս որևէ քաղաքական ուժի հետ մենք բանավեճի մեջ չենք ներքաշվելու: Եվ իրենց ընդդիմադիր հորջորջող բոլոր ուժերին նույն խորհուրդը կտայինք»:
Ի դեպ, նոր զարգացումներ են ստացել նաև Ժիրայր Սեֆիլյան-Լևոն Տեր-Պետրոսյան հարաբերությունները: Հեղափոխական ոչ խաղաղ միջոցներով իշխանափոխությանը կողմ և «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը արձագանքել է հանրահավաքի ժամանակ «Լևոն նախագահ» վանկարկումների վերաբերյալ Լևոն Տեր- Պետրոսյանի հայտարարությանը, թե մի վանկարկեք, Ժիրայր Սեֆիլյանը դեմ է դրան, որից հետո ժողովուրդը սկսել է ավելի բարձր վանկարկել. «Մենք ականատեսն ենք եղել, թե ինչպես հանրահավաքների ժամանակ բեմահարթակից տարբեր գործիչներ, ներառյալ Տեր-Պետրոսյանը, ժողովրդի կողմից ինքնաբուխ հնչեցված «ՀԻՄԱ» բացականչությունների նկատմամբ ճնշում են կիրառել, լռեցնելու փորձեր արել, որոնք պսակվել են հաջողությամբ: Կարծում եմ «Լևոն Նախագահ» ինքնաբուխ բացականչությունը նույնպես հանգիստ կարելի էր լռեցնել հենց Տեր-Պետրոսյանի կողմից` խնդրելով ժողովրդին, որ քանի դեռ չի վերացել բռնապետությունը, հանուն դիմադրական ընդհանուր գործին ավելի լայն զանգվածների համախմբման ու ներգրավման, լավ կլինի չհնչեցնել այս կարգախոսը»: Նա անընդունելի է համարել ընդդիմության հրապարակային մեղադրանքներն իրար նկատմամբ և խիստ պարտվողական գնահատել Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը:
Իսկ իշխանական դաշտից Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին ի պատասխան հիշեցրել են, որ իշխող կուսակցությունը և նախագահ Սերժ Սարգսյանը միշտ էլ ասել են, որ բաց են երկխոսության համար:
Աստղիկ Խաչատրյան






Facebook
Tweet This
Email This Post
