Ռումբ է պայթել Քաբուլում` ՆԱՏՕ-ի գրասենյակի մոտ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 15, 2009 14:11

qabulՔաբուլում` ՆԱՏՕ-ի գրասենյակի մուտքի մոտ, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ռումբը տեղադրված է եղել մահապարտի կողմից ղեկավարվող մեքենայի մեջ: Նախնական տվյալներով` 7 մարդ զոհվել է, ևս 70-ը` վնասվածքներ ստացել:

Պայթյունի էպիկենտրոնում այրվում են մեքենաներ, վայր են ընկել մի քանի ծառեր: Տարածքը, որտեղ ՆԱՏՕ-ի գրասենյակից բացի տեղակայված են նաև մի քանի դեսպանություններ, ահաբեկչությունից հետո շրջափակվել է ՆԱՏՕ-ի զինվորների կողմից: Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության մի քանի մեքենաներ:

Պայթյունի համար պատասխանատվություն է վերցրել «Թալիբան» շարժումը: «Vesti.ru»-ն հաղորդում է, որ ահաբեկչության թիրախը եղել է ոչ թե ՆԱՏՕ-ի գրասենյակը, այլ մոտակայքում գտնվող ԱՄՆ դեսպանատունը:

Այս գիշեր քաղաքը նաև ենթարկվել է հրանոթային կրակահերթի: Մի քանի արկ պայթել է Քաբուլի օդանավակայանի մոտակայքում: Հրանոթային կրակի համար ևս պատասխանատվությունը ստանձնել են թալիբները:

Գրոհայիններն օրըստօրե ակտիվանում են, քանի որ օգոստոսի 20-ին երկրում տեղի են ունենալու նախագահական, ինչպես նաև տեղական խորհրդարանների պատգամավորական ընտրություններ: Աֆղանական թալիբներն ամեն կերպ փորձում են ահաբեկել բնակչությանը, որպեսզի ընտրությունների օրն ընտրատեղամասեր չգնան:

Քվեարկությունը, որին իրավունք ունեն մասնակցել 18-ից բարձր տարիքի մարդիկ, տեղի կունենա օգոստոսի 20-ին` առավոտյան 7-ից մինչ ժամը 16:00-ն:

Դիտվել է 1061 անգամ:
Print Friendly

Leave a Reply