Ոչ թե իշխանափոխություն, այլ հեղափոխություն քաղաքական համակարգում. արաբական սցենարը կիրառելի չէ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | ankakh | April 15, 2011 7:06
Այս տարվա սկզբից արաբական երկրներում թափ առած հեղափոխական շարժումները շատ արագ արձագանք գտան նաև Հայաստանի քաղաքական դաշտում: Հայկական մամուլում շարունակվում են քննարկումներն այն հարցի շուրջ, թե հնարավոր է, որ արաբական համախտանիշը շղթայական ռեակցիայով հասնի Հայաստան: Անգամ որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչներ իրենց ելույթներում Հայաստանի ներքաղաքական զարգացումների շուրջ կանխատեսումներում մշտապես հղում են անում արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին:
Նկատենք, որ Հայաստանում հնարավոր հեղափոխությունների մասին խոսակցությունները միշտ էլ ակտիվացել են, երբ աշխարհի որևէ ծայրում հեղափոխական ալիք է բարձրացել: Բայց հատկապես Հայաստանի ներքին իրավիճակի ու մահմեդական երկրներում տեղի ունեցող իրադարձությունների միջև համեմատություններ անելիս հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել մի շարք շոշափելի տարբերությունների վրա, առանց որոնց հնարավոր չէ իրավիճակը ճիշտ գնահատել:
Իհարկե, անիմաստ է հերքել, որ ինչպես արաբական երկրներում, Հայաստանում ևս առկա են կոռուպցիայի, աղքատության, սոցիալական բևեռվածության, գործազրկության, մարդու իրավունքների խախտումների, իշխանական ավտոկրատական վարչակարգի հետ կապված սուր և արդեն խոր արմատներ գցած խնդիրներ (համեմատություններ անելիս հենց այս նմանություններն են շեշտադրվում): Սակայն արաբական սցենարը հասկանալու համար օբյեկտիվորեն հեղափոխության անհրաժեշտության մասին հուշող այս շատ ընդհանուր ձևակերպումներն ամենևին բավարար չեն: Առաջնային պետք է դիտել նախ այն հարցը, թե ինչու անսպասելի հեղափոխությունները թափ առան քաղաքականապես խիստ պասիվ բնակչությամբ և առաջնորդին ենթարկվելու մշակույթով երկար տարիներ գործառնող մահմեդական երկրներում, այն էլ այն պարագայում, երբ չկային բնակչության վստահությունը վայելող կայացած ընդդիմադիր ուժեր, որոնք կարող էին առաջնորդել: Տասնամյակներ շարունակ միանձնյա կառավարվող արաբական երկրներում, որտեղ մշտապես բոլոր ընդդիմադիր ուժերին մարգինալիզացնելու փորձեր են արվել, ընտրությունները ոչ մի էական դեր չեն ունեցել, և չէր կարող առաջ գալ լեգալ գործող լուրջ ընդդիմադիր ուժ:
Սակայն դրա փոխարեն գլոբալիզացիայի և տեղեկատվական ազատ հոսքերի, համացանցի հասանելիության պայմաններում արաբական երկրներում մեծանում է նոր սերունդ, որը, ակտիվ շփվելով դրսի աշխարհի հետ, այլևս չի ցանկանում ցեղային տրամաբանությամբ զուտ հպատակ լինել, այլ ցանկանում է քաղաքացի լինել: Ուզում է մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին, հասնել տնտեսական համակարգի վերաձևմանը, ինչը վերջ կդնի տնտեսական աճի խիստ բևեռային բաշխմանը հասարակության մեջ, ուզում է փոխել իր դերը երկրի ներսում:
Պատահական չէ, որ Թունիսում հեղափոխության դրոշակակիրներ էին բարձրագույն կրթությամբ, բայց աշխատատեղեր չունեցող երիտասարդները: Եգիպտոսում ևս փողոց դուրս եկողների մեջ լուրջ դեր ունեին երիտասարդները. անգամ բախումները նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցների ու նրա հրաժարականը պահանջող հեղափոխականների միջև արտայտում էին հին ու նոր սերնդի պատկերացումների տարբերությունը երկրի ապագայի վերաբերյալ: Այլ կերպ ասած` եկել է ժամանակը փոխելու արաբական հնացած ու իրենց սպառած քաղաքական ռեժիմները, ազատվելու 20-40 տարի կառավարող նախագահներից:
Շատ մասնագետներ մի երկրից մյուս երկիր թափանցող հեղափոխական այս ալիքը պայմանավորում են նրանով, որ տվյալ երկրի քաղաքացի լինելուց առաջ արաբների մեջ շատ ուժեղ է հենց արաբ լինելու հավաքական ինքնությունը, հետևաբար, մի երկրում տեղի ունեցող իրադարձություններն անմիջապես արձագանք են գտնում նաև արաբական մյուս երկրներում: Սակայն կա մի շատ հետաքրքիր օրինաչափություն. հեղափոխությունը հաջողվեց հենց այն արաբական երկրներում (Թունիս, Եգիպտոս, իսկ հիմա արդեն ստիպողական հեղափոխություն անելու փորձեր են արվում Լիբիայում), որոնք ընդգծված արևմտյան կողմնորոշում ունեին: Ընդ որում, մասնավորապես Եգիպտոսում նոր «դեմոկրատական» կարգերով ազատ ու թափանցիկ ընտրությունների արդյունքում կարող են իշխանության գալ իսլամիստները, Բահրեյնում հեղափոխական կոչերը վերածվեցին միջկրոնական բախման: Եվ, առհասարակ, նավթային ռեսուրսներով հարուստ արաբական երկրներում դեռևս հնարավոր են նոր, անսպասելի զարգացումներ, որոնք կարող են մի լավ խառնել արևմուտքի խաղաթղթերը:
Սակայն կա ևս մի հանգամանք, որի մասին, չգիտես ինչու, Հայաստանում չեն խոսում, չնայած հեղափոխությունները գնահատելիս առաջինը հենց դա պիտի հաշվի առնել. իսկ ի՞նչ է կատարվում Թունիսում, Եգիպտոսում հեղափոխությունից հետո, ինչո՞վ է Լիբիայի օրինակը ուսանելի մեզ համար:
Թունիսում նախագահ Բեն Ալիին հեռացնելուց և իշխանությունն ուժայինների ձեռքն անցնելուց հետո էլ դեռ շարունակվում էին ցույցերը, և տեղեկություններ կան, որ ցույցերի նոր ալիք կարող է թափ առնել Թունիսում: Եգիպտոսում մարդկային մեծաթիվ զոհերի գնով տեղի ունեցած հեղափոխությունից հետո բռնության ալիք սկսվեց քրիստոնեություն դավանող փոքրամասնության` ղպտիների նկատմամբ: Կրկին բախումներ են տեղի ունենում շարքային եգիպտացիների և իշխանության գլուխ կանգնած ուժայինների միջև: Ապրիլի 9-ին Հոսնի Մուբարաքին դատարան հանձնելու և ռազմական ռեժիմին վերջն դնելու կոչերով փողոց դուրս եկած ցուցարարներին ցրելու ժամանակ կրկին մարդ է զոհվել, 71-ն էլ վիրավորվել են: Ըստ էության, Եգիպտոսն անցել է ռազմական խունտայի ձեռքը:
Իսկ Լիբիայում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ գերտերություններն ակնհայտորեն անցում են կատարում խնդիրները ուժային ճանապարհով լուծելու և պետության ներքին գործերին միջամտելու տխուր փորձին, և սկսված հեղափոխական ալիքն ուղղակի ծառայեց արևմուտքի շահերին: Այնպես որ, խոսել հաջողված հեղափոխությունների մասին, որոնցից կարելի է օրինակ վերցնել, և որոնք էապես անդրադառնալու են շարքային քաղաքացու բարեկեցության վրա, գոնե հիմա հնարավոր չէ: Առավել ևս, որ քաղաքական համակարգի և տնտեսական զարգացածության առումով համեմատության եզրերը շատ քիչ են:
Ի տարբերություն արաբական աշխարհի, որտեղ բնակչության քաղաքական ակտիվությունը երկար թմբիրի մեջ լինելուց հետո միանգամից պայթեց, Հայաստանում անկախության առաջին իսկ տարիներից քաղաքական գործընթացները շատ ակտիվ են: Լուրջ քաղաքական առճակատումներ և քաղաքական ինտրիգներ են լինում ամեն ընտրությունից հետո, որոնց ակտիվորեն խառնվում է բնակչությունը, որին փորձում են օգտագործել սեփական կեղտոտ խաղերի մեջ: Մեզ մոտ սա ավելի շատ դարձել է արատավոր քաղաքական համակարգի բնական բաղկացուցիչ:
Մյուս կողմից` եթե իրերն օբյեկտիվ դիտարկենք, տնտեսական և քաղաքական դժգոհությունները պարբերաբար արտահայտելու հնարավորությունը հանգեցնում է հեղափոխական պոտենցիալի նվազման. պիկը դարձավ 2008 թ. մարտի 1-ը, որը կարելի դիտարկել որպես չհաջողված հեղափոխական փորձ: Բացի այդ, չնայած Հայաստանում ընտրական կեղծիքներին, որոնք էապես պայմանավորում են ընտրությունների արդյունքները, և տեղի է ունենում իշխանության անթույլատրելի վերարտադրություն, այնուամենայնիվ, քաղաքական դերակատարները նախագահների մակարդակով փոխվում են, և սա էական նշանակություն ունի:
Նույն կերպ անընդհատ վերաձևվում է նաև ընդդիմադիր դաշտը. այս պահին դաշտում կա ինստիտուցիոնալիզացված, կայացած ընդդիմադիր խաղացող (ՀԱԿ), և բոլոր ընտրություններից առաջ փորձ է արվում ստեղծել ոչ թե իշխանական, այլ ավելի շատ ընդդիմադիր ուժին հակակշիռ երրորդ ուժ: Եվ այս համատեքստում ամենևին կարևոր չէ, թե ինչի կհանգեցնեն ընդդիմության դաշտ տեղափոխված քաղաքական ինտրիգները: Հարցն այն է, որ ընդդիմադիր խաղացողներն էլ առանձնապես չեն փորձում գնալ հեղափոխական ճանապարհով, այլ ընդդիմություն-ընդդիմություն առճակատումը, ընդդիմություն-իշխանություն հարաբերություններում լարվածության և անտագոնիզմի թուլացումը ավելի շատ նման են ընտրություններից առաջ քաղաքական շահաբաժիններ հավաքելու և սեփական դիրքերը ամրապնդելու փորձերի:
ՀԱԿ-ը փորձում է ամբողջությամբ կառավարելի դարձնել բնակչության օբյեկտիվ բողոքը (որը բարձրացել է նաև վերջին մի քանի ամիսներին բնակչության տարբեր սոցիալական խմբերին վերաբերող, սոցիալական լարվածությունը սրող որոշումների, տնտեսական ցուցանիշների զգալի վատթարացման, սոցիալական աճող բևեռացման պատճառով) և հետաձգել դրանց դրսևորումը նախընտրական ավելի թեժ պահի: Եվ, առհասարակ, Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ տեղեկատվական հոսքերի ազատ շրջանառման, քաղաքական դաշտ նոր թարմ ու երիտասարդ ուժերի մուտք գործելու անհնարինության պայմաններում բոլոր քաղաքական ուժերին ու նրանց նպատակներին բնակչությունը վաղուց ծանոթ է: «Այս պահին կարևորը ոչ թե անձն է, այլ փոփոխությունը» սկզբունքը հերթական ընտրություններում կարող է չգործել:
Քաղաքական դաշտում պայքարը իշխանական աթոռակռիվ է, որտեղ բնակչության բարեկեցության, սոցիալ-տնտեսական էական նշանակության խնդիրները լուծելը երկրորդական նշանակություն ունի, ինչը հասկանալով` շատ սոցիալական խմբեր դուրս էին եկել բողոքի` հույս չդնելով որևէ քաղաքական ուժի վրա, բացի այդ, Հայաստանում բողոքի արտահայտման տարբերակ է դարձել ուղղակի ճարահատյալ արտագաղթը, քանի որ դժգոհությունները տեղ չեն հասնում:
Ի տարբերություն արաբական երկրների` Հայաստանը նաև արտաքին քաղաքական կարևորագույն խնդիրներ ունի, որոնց նկատմամբ ճիշտ դիրքավորումն ուղղակի կենսական է հայության ապագայի համար, իսկ դրանց վերաբերյալ մոտեցումները քաղաքական դաշտի հիմնական ընդդիմադիր ու իշխանական խաղացողների մոտ առանձնապես չեն տարբերվում: Հետևաբար, Հայաստանում շրջադարձային փոփոխությունների տանող հեղափոխության մասին խոսելու համար նախ պետք է խոսել քաղաքական դաշտում գաղափարական հեղափոխության մասին, որը հնարավորություն կտա դուրս գալու քաղաքական փակ շղթայից, ունենալու նոր թարմ և Հայաստանի զարգացման վերաբերյալ հայանպաստ հեռանկարային ծրագրերով հանդես եկող երիտասարդ ուժերի մուտք: Այդ ուժերը պետք է դառնան ոչ թե օրորոցում վարկաբեկված և հիմնականում իշխանության կցորդ դարձող երրորդ ուժ, այլ քաղաքական հիմնական խաղացող: Հայաստանի երրորդ Հանրապետության քաղաքական համակարգն արդեն 20 տարեկան է: Սա բավարար ժամանակ էր քաղաքական համակարգը փորձարկելու համար: Եկել է ժամանակն այն իրապես վերաձևելու, կայունացնելու և հօգուտ ժողովրդի ինստիտուցիոնալացնելու համար, իսկ զուտ իշխանափոխությունը սրա համար բավարար չէ: Այս դեպքում իր դերը պետք է ունենա համառ ու մեծ պոտենցիալ ունեցող հայ երիտասարդը, որ պիտի հասնի քաղաքական սերնդափոխության` հաղթահարելով հայկական կուսակցությունների արատավոր ավանդույթները, իշխանությունը որպես սեփական գրպանը հարստացնելու գործիք օգտագործող քաղաքական ուժերի փորձերը:
Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
