Ավելի քան 120 երիտասարդ այսօր դարձավ արյան դոնոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 14, 2011 11:59
Երեւանի Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում այսօր Հայաստանի երիտասարադական հիմնադրամի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվեց արյունատվություն:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Արյուսակ Պողոսյանը, «Իմ արյունը քո արյունն է» խորագրով նախաձեռնությանը մասնակցում են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ավելի քան 120 ուսանողներ, ինչպես նաեւ այլ կազմակերպություններից երիտասարդներ: Նրա խոսքով` արյունատվության նման զանգվածային ակցիաներն առաջին անգամ չեն իրականացվում: Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր մասնակցությունն է ունենում նման ակցիաներին:
«Արյունատվության այսօրվա միջոցառումը կարեւորվում է կրկնակի, քանի որ Հայաստանում դոնորային արյան շատ մեծ անհրաժեշտություն կա»,- ասաց Ա. Պողոսյանը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը հավաստիացրեց, որ երիտասարդ կուսակցականների մասնակցությունը հսկայական նշանակություն ունի, եւ Հանրապետականի երիտասարդական թեւն ամեն տարի ուշադրությամբ հետեւում է Հայաստանում դոնորային արյան անհրաժեշտությանը:
«Անհրաժեշտ է, որ միշտ ուշադրության կենտրոնում լինեն երիտասարդ դոնորները, որոնք կարող են մեծ ներդրում ունենալ` հանձնելով արյուն ու կոչ անելով երիտասարդությանը` դառնալ արյան դոնոր: Այս ակցիան ուղղված է հենց այս նպատակի իրագործմանը»,- հավելեց Կ. Ավագյանը: Նշենք, որ Արյան դոնորի միջազգային օրը նշվում է հունիսի 14-ին






Facebook
Tweet This
Email This Post
