Ֆրանկոֆոնիայի օրերը` Եղեգնաձորում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 14, 2011 11:46

Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Եղեգնաձոր քաղաքի մշակույթի տանը նախօրեին անցկացվեց միջոցառում, որը կազմակերպել էր 2-րդ միջնակարգ դպրոցը: Այն նպատակ ուներ ավելի մոտիկից ծանոթացնելու ֆրանկոֆոն երկրների մշակույթին, արվեստին, գրականությանը, պատմությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Եղեգնաձորից, միջոցառումն անցկացվեց հայերեն եւ ֆրանսերեն լեզուներով:

Յուրօրինակ փոքրիկ բեմականացումներում ներկայացվեցին մշակույթի, քաղաքականության, հասարակական եւ այլ նշանավոր գործիչները: Հնչեց նախ Հայաստանի, այնուհետեւ Ֆրանսիայի, իսկ վերջում ֆրանկոֆոնիայի հիմնը: «Սա կնպաստի ֆրանսերեն լեզվի խորը գիտելիքների ձեռքբերմանն ու ֆրանկոֆոնիայի հանդեպ հետաքրքրասիրության զարգացմանը, երկու տարբեր ժողովուրդների մերձեցման արդյունավետ ուղիներին ու դրանց բացահայտմանը, ինչպես նաեւ վաղեմի բարեկամական կապի է’լ ավելի ամրապնդմանը»,- նշեց Եղեգնաձորի թիվ 2 դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը:

Ֆրանկոֆոնիայի շրջանակում ՀՀ իշխանություններն իրականացրել են բազմալեզվության վրա հիմնած կրթական, քաղաքական, ինչպես նաեւ ֆրանսերենի դասավանդման առաջխաղացմանն ուղղված համապատասխան նախաձեռնություններ` կոչ անելով ֆրանկոֆոնիայի բոլոր դերակատարներին` թե պետական, եւ թե հասարակական կառույցներին, կրթական, տնտեսական ու մշակութային հաստատություններին լիարժեք ներգրավվածություն ցուցաբերելու ծրագրին` ի նպաստ տարվող գործողություններին:

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply