ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բ. Սահակյանից շփման գիծը հատելու թույլտվություն են ստացել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 13, 2011 18:06

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային Ժողովի լիագումար նիստը: Օրակարգում ներառված էր նաեւ կառավարության հետ հարց ու պատասխան: Պատգամավոր Վլադիկ Կասյանը հարց ուղղեց ԼՂՀ արտաքին գործերի նախարարին` հետաքրքրվելով նախօրեին ԼՂՀ նախագահի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման եւ մասնավորապես` Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից նախատեսվող դաշտային առաքելության անցկացման վերաբերյալ:

Հարցին ի պատասխան` ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը նշեց, որ ապրիլի 12-ին ԼՂՀ նախագահի հետ կայացած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հանդիպման ժամանակ ղարաբաղյան կողմը կրկին խոսել է Ադրբեջանի զորքերի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքներում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից դաշտային առաքելության անցկացման կարեւորության մասին:

Գ. Պետրոսյանի խոսքով` հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խնդրանքով դիմել են ԼՂՀ նախագահին` թույլտվություն ստանալու` շփման գիծը հատելու եւ ավտոմոբիլային տրանսպորտով Բաքու ուղեւորվելու համար: «ԼՂՀ իշխանություններն ընդառաջել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խնդրանքին: Անցակետի հարցում հաշվի է առնվել երկու հանգամանք. նախ` այդ ճանապարհը անցնում է այն գյուղով. որտեղ, վերջերս ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվության համաձայն, իբրեւ հայ դիպուկահարի կողմից Աղդամի շրջանում երեխա է սպանվել:

Այսինքն` դա համանախագահներին հնարավորություն կտա այդ տեղեկատվության կեղծ լինելու հարցում համոզվելու, եւ երկրորդը` այդ ճանապարհը հարակից է այն շրջաններին, որոնք օկուպացված են Ադրբեջանի կողմից»,- ասաց Գ. Պետրոսյանը:

Դիտվել է 1195 անգամ:
Print Friendly

Leave a Reply