Սամվել Կարապետյան. «Ադրբեջանը թշնամի է քաղաքակրթությանը»

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 13, 2011 18:01

Ադրբեջանը թշնամի է քաղաքակրթությանը, քաղաքակրթության պատուհաս է. նրանք թե’ քանդում են մեր հուշարձանները, թե’ նախահարձակ լինում: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը` ավելացնելով, որ հայկական հուշարձանների նկատմամբ ոչ բարեհաճ կեցվածքը, որպես պետական մոտեցում, Ադրբեջանում ակնառու էր դեռեւս խորհրդային տարիներին, երբ վարագուրում էին հայկական հուշարձանների պիտակները, զբաղվում դրանց ոչնչացմամբ:

Ներկայացնելով «Վարձք» պարբերականի երրորդ համարը, որում ներկայացված է Ադրբեջանի տարածքի հայկական հուշարձանների վիճակը, Ս. Կարապետյանը նկատեց, որ վտանգված են հատկապես այն հուշարձանները, որոնցում շեշտված է հայկականությունը. դրանք են մատուռները, եկեղեցիները, խաչքարերով գերեզմանոցները եւ այլն: Մյուս հուշարձանները պահպանվում են հիմնականում, սակայն դրանց վրայից հանվում են արձանագրությունները: Ադրբեջանի հայկական հուշարձանների լուսանկարները ոչ հայերի հեղինակությամբ է եղել, օրինակ` բելգիացի լուսանկարիչ Ֆրեդերիկ Բերլեմոնի, նաեւ հսկայական գումարների դիմաց հայերին համաձայնում են լուսանկարներ տրամադրել հենց իրենք` ադրբեջանցիները:

Հուշարձանագետը տեղեկացրեց, որ Ադրբեջանի տարածքի հայկական հուշարձանները ոչնչացվել են ե’ւ ազատամարտի շրջանում, ե’ւ դրանից հետո, ընդ որում` ռազմական գործողություններից բավականին հեռու տարածքներում, ուստի ռազմական գործողությունները չեն կարող ընդունվել որպես պատճառաբանություն: «Այս ժողովուրդը, ավելի շուտ` ցեղը, հանդգնում է ձեռք բարձրացնել հուշարձանների վրա, որոնք իրենց ազգի պատմությունից 10-20 տարով հին պատմություն ունեն»,- նշեց հուշարձանագետը` շեշտելով, որ դա մեր կորուստն է, բայց նաեւ քաղաքակիրթ աշխարհինը:

Առաջիկայում Ս. Կարապետյանը նախատեսում է «Ադրբեջանը` քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդես կազմակերպել եւ հրավիրել տարբեր երկրների դեսպանների` «իրականությունը աշխարհի ականջին հասցնելու համար»: Ըստ Ս. Կարապետյանի` կարելի է ենթադրել, որ շատ հուշարձաններ արդեն կիսել են ներկայացվածների ճակատագիրը: Հայկական հուշարձանների ամբողջական պատկեր չունենք. Կուրի ձախափնյա շրջանում կա 3 հազար, հյուսիսային Արցախում` 6 հազար, ներկայիս Արցախի Հանրապետության տարածքում, քանի որ այն 2 անգամ մեծ է, կրկնակի պիտի լինի:

«Պետք է կպչել Ադրբեջանի գրպանին, որ կարողանանք խելքին հասցնել»,- համոզմունք հայտնեց Ս. Կարապետյանը` կարեւորելով դատական գործի հարուցման անհրաժեշտությունը:

Դիտվել է 1539 անգամ:
Print Friendly

Leave a Reply