4 հազար հայաստանցի կյանքի ուղեկից է փնտրում ամուսնական գործակալության միջոցով
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | Հայկուհի Բարսեղյան | April 13, 2011 15:45
Հայաստանում 3 հազար կին և հազար տղամարդ իր կյանքի կեսին է փնտրում ամուսնական գործակալության միջոցով. այսպիսին են «Հանդիպում» ընտանիքի և ամուսնության կենտրոնի այս տարվա տվյալները:
Կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանն ասում է, որ գնալով աճում է գործակալության միջոցով կյանքի ուղեկցին գնտելու տենդենցը. եթե 2009-ին գործակալությունն ուներ 1000 այցելու, ապա 2010-ին հաճախորդների թիվը կրկնապատկվեց` հասնելով 2 հազարի, իսկ 2011-ին` 4 հազարի:
«Փողոցում ծանոթանալու և շփվելու մեթոդն արդեն հնացել է: Հիմա սա է համարվում ծանոթանալու քաղաքակիրթ մեթոդ»,- ասում է Մարտոյանը` հավելելով, որ ամեն եռամսյակում գործակալության ջանքերով 20-22 զույգ է ամուսնանում: Իսկ ամուսնալուծությունները հազվադեպ են` անցած 8 տարիների ընթացքում մեկ զույգ է ամուսնալուծվել:
Գործակալություն դիմում են 17 մինչև 80-ն անց մարդիկ: Ամենատարեց այցելուն 82-ամյա տղամարդ է:
Այցելուների գերակշիռ մասը 25-35 տարեկան կանայք են և մինչև 50 տարեկան տղամարդիկ:
Եթե 17-25 տարեկան աղջիկները իրենց ցանկալի սիրեցյալին բնութագրելիս կարևորում են արտաքինը, կրթությունը և նյութական վիճակը, ապա 30-ից բարձր կանայք պարզապես ցանկանում են, որ իրենց կողքին լինի կայացած և վստահելի տղամարդ:
Մարտոյանը փոփոխություն է նկատում նաև տղամարդկանց պահանջներում: Եթե մի քանի տարի առաջ տղամարդ այցելուները իրենց սիրեցյալի համար պարտադիր պայման էին համարում կույս լինելը, ապա հիմա տվյալ գործոնն էլ չեն կարևորում: «Փնտրում են գործարար, կյանքի փորձով, երբեմն նաև երեխաներ ունեցող կանանց»,- ասում է Մարտոյանը:
Հատկապես երիտասարդները ուշադրություն են դարձնում նաև հորոսկոպային համատեղելիության հարցին:
Հոգեբան Մարիամ Մեհրաբյանն ասում է, որ ամուր ընտանիք կազմելու գործում կարևոր է նախաամուսնական փուլում համատեղելիության հարցում ճիշտ կողմնորոշվելը, որպեսզի զույգն հստակ իմանա, թե ում հետ է ամուսնանում: Գործակալության միջոցով ծանոթությունը նման հնարավորություն տալիս է, քանի որ այստեղ հանդիպում են միայն իրենց նախընտրած հատկանիշների տեր մարդկանց հետ:
Գործակալությունների միջոցով հիմնականում փորձում են ամուսնանալ զբաղված մարդիկ, կամ նրանք, ովքեր իրենց աշխատանքային միջավայրում ընտրության հնարավորություն չունեն:
Գործակալություն հաճախ են դիմում նաև օտարերկրացի տղամարդիկ, հիմնականում Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից: «Հայ տղամարդը այդքան չի գնահատում հայ կնոջը, որքան օտարերկրացիները»,- ասում է Մարտոյանը` հավելելով, որ եթե մի քանի տարի առաջ իրենց այցելուներից ամեն 3-րդ կինը պատրաստ էր ամուսնանալ օտարերկրացու հետ, ապա հիմա ամեն 20-րդն է պատրաստ նման քայլի:






Facebook
Tweet This
Email This Post
