Սելիմի լեռնանցքում ձյան շերտը 50 սմ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 13, 2011 11:46
Այս գիշերվա ընթացքում Գեղարքունիքի մարզում տեղացած ձյան պատճառով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել մարզի միջպետական, հանրապետական ու համայնքային նշանակության ճանապարհներին:
Ինչպես «Արմենպրես»-ի Գավառի թղթակցին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ձյան շերտը Սելիմի լեռնանցքում 50 սմ է, Ճամբարակում` 25, Վարդենիսում, Սեւանում, Գավառում եւ Մարտունիում` 10-15 սմ: Վաղ առավոտյան ցուրտ եղանակի հետեւանքով ճանապարհներին ձեւավորվել է մերկասառույց: Որոշ տեղերում, հատկապես` բարձրլեռնային գոտիների բնակավայրերում, դիտվել է քամու ուժգնացում, ինչի հետեւանքով ձնաբքերը փակել են որոշակի ճանապարհահատվածներ:
Սպասարկող կազմակերպությունները թեեւ մշակում են ճանապարհները եւ փորձում ապահովել դրանց անցանելիությունը, այդուհանդերձ, բուքը եւ դեռ չհալվող մերկասառույցը կրկին ավտոմեքենաների համար խոչընդոտներ են ստեղծում: Մարզի օդերեւութաբաններն առանց տեղումների եղանակ կանխատեսել են միայն ապրիլի 14-ին, որի դեպքում միայն կարելի է հուսալ ճանապարհների լրիվ եւ ապահով անցանելիություն: Ըստ Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության աջակցության կենտրոնի մասնագետների` տեղացած ձյունն առնվազն եւս մեկ շաբաթով ուշացրեց գարնանացանը:






Facebook
Tweet This
Email This Post
