Ապրիլի 20-ին եզդիները կնշեն ամանորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 13, 2011 10:52
Յուրաքանչյուր տարի ապրիլի 13-ից հետո առաջին չորեքշաբթի օրը եզդիները նշում են իրենց ամանորը. տոնը հենց այդպես էլ կոչվում է` «Տարեմուտի չորեքշաբթի օր»: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը` այս տարի ամանորը կամ Մալաքե թաուսի (Տաուս հրեշտակ) տոնը նշվելու է ապրիլի 20-ին:
ՀՀ վաստակավոր լրագրող, հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդումների ավագ խմբագիր Հասան Թամոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ լույսը բացվելուց հետո տան գլխավորը (իսկ եթե տան գլխավորը բացակայում է` տան ավագ տղան), որոշակի անուններով՝ արորի ակոս, ընտանիքի հովանավոր, նախրապահ Զարզան, հովիվ Մամե, ընտանիքի անդամների թվով կտրում է սեղանի կարեւոր բաղադրիչ տոնական գաթան` կլոճը:
Տարեմուտի գաթայի մեջ, մինչեւ թխվելը, դրվում է ուլունք. ում բաժնում այն գտնվեց, նրա հետ կապում են տարվա հաջողությունը: Գաթան բաժանվում է միայն ընտանիքի գիտակից անդամների միջեւ. գիտակից ասելով` նկատի ունեն ոչ թե չափահասներին, այլ նրանց, ովքեր կարողանում են տարբերել չարն ու բարին: Մյուս երեխաները, սակայն, առանց գաթայի չեն մնում. նրանց համար թխվում են փոքրիկ գաթաներ: Ձմեռ պապի գաղափարը եզդիների շրջանում բացակայում է. տարվա հաջողության խորհրդանիշ ուլունքը դառնում է նրանց համար մեծագույն ուրախությունը:
Այնուհետեւ եզդիներն այցելում են գերեզմանոց` իրենց հանգուցյալներին վերհիշելու: Եզդիներն Ամանորի տոնի հետ կապված ասում են հետեւյալ արտահայտությունը` «Չարշամա սարե սալե, Մըրի հատընա դարե մալե»: Հայերեն թարգմանաբար այն նշանակում է «Տարեգլխի չորեքշաբթին Մահացածները եկան տան դռան մոտ»: Ամանորին սեղանին դրվում են միս, խմիչք, օշարակ, ալկոհոլ եւ այլն: Տոնական սեղանին, սովորականի պես, արգելված է դնել խոզի միս, կաղամբ եւ կանեփ: Գերեզմանոցում խմում են նաեւ հանգուցյալների կենացը, միմյանց շնորհավորում: Հոգեւորականներն աղոթք են անում: Այդ օրը եզդիների մոտ ընդունված չէ միմյանց այցելել:
«Գուցե տարօրինակ թվա, սակայն դա ժամանակով մեզ ավանդված սովորույթ է»,- ասաց Ա. Թամոյանը` հավելելով, որ իրենք շնորհավորում են նախ հանգուցյալների տոնը, ապա` ողջերինը:






Facebook
Tweet This
Email This Post
