ՄԻԱՎ վարակի 1012 դեպք` Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 13, 2011 10:49

1988թվականից մինչեւ այս տարվա մարտի 31-ը Հայաստանում ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1012 դեպք, որից 148-ը` 2010թ-ի ընթացքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից, ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 727 մարդ, իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 285 դեպք:

ՄԻԱՎ վարակի 21 դեպք է արձանագրվել երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների 57,9%-ը 25-39 տարիքային խմբում է: Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը եւ թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը: Սրանցից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհներով, մորից երեխային եւ արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր: ՄԻԱՎ վարակով հիվանդներից 491-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում` 94-ի մոտ` 2010թ-ի ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 241 դեպք:

Մահացածների թվում կան 40 կին եւ 5 երեխա: Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել եւ, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակվել է ՌԴ-ում ու Ուկրաինայում: Բացի այդ, բոլոր ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով:

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաքում` 424 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 41,9%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է` 11,3%: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով` հանրապետությունում կա 1900 ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:

Դիտվել է 1200 անգամ:
Print Friendly

Leave a Reply