Հայաստանցիները կաշառք տալը բնական երևույթ են համարում, իսկ վերցնելը` արատավոր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 14, 2009 17:23

1111Հայաստանցիների միայն 10 տոկոսը կոռուպցիայի տարածվածության մասին գիտի անձնական փորձից, 52,8 տոկոսը` hարևանների, ծանոթների միջոցով և 32,9 տոկոսը` ԶԼՄ-ներից. այս մասին այսօր ասաց սոցիոլոգ Բագրատ Հարությունյանը Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի Հայաստանյան գրասենյակում կազմակերպված «Կոռուպցիան Հայաստանում. հանրային կարծիք, վարքագիծ և ակնկալիքներ» թեմայով քննարկման ժամանակ:

Քննարկման մասնակիցները ներկայացնում էին ՀՌԿԿ-ի «Հետազոտական դրամաշնորհների ծրագրի» շրջանակներում վերջին 2 ամսվա ընթացքում կատարված հետազոտությունները:

Հարությունյանն ասում է, որ հարցումներին մասնակցած մարդկանց միայն 6 տոկոսն է պատրաստ հակազդել կոռուպցիոն երևույթներին` համապատասխան ատյաններին բողոքելով, մինչդեռ 41,9 տոկոսը նշում է, որ ոչինչ չի ձեռնարկի կոռուպցիոն երևույթների բախվելիս:

Հայաստանում, ըստ Հարությունյանի, քչերը գիտեն, թե իրականում ինչ է կոռուպցիան, սակայն այդ մասին խոսում են բոլորը: «Կաշառք տվողն իրեն կոռուպցիային խթանող չի համարում և չի տեսնում մեղքի իր բաժինը»,-ասում է Հարությունյանը:

Քաղաքագետ Աննա Մարտիրոսյանն ասում է, որ կոռուպցիան պայմանավորված է քաղաքական, տնտեսական, մշակութային գործոններով:

«Կոռուպցիայի տարածվածության գործում մեծ նշանակություն ունի, թե արդյոք տվյալ ազգը եղել է օտարի լծի տակ երկար ժամանակով,- ասում է Մարտիրոսյանը,- կարևոր են նաև պատմականորեն ձևավորված ավանդույթները, կրոնը, կրթական մակարդակը»:

Ըստ Մարտիրոսյանի` Հայաստանում կոռուպցիայի 3 հիմնական աղբյուր պետք է տարանջատել` օրենքներ, չգրված օրենքներ և օրենքների կիրառման մեխանիզմներ: Հատկապես մեծ է չգրված օրենքների և օրենքների կիրառման մեխանիզմների բաժինը:

Քաղաքագետը նշում է, որ այս երևույթների դեմ կարելի է պայքարել հանրության տարբեր տարիքային խավերի մոտ պարբերաբար ուսուցողական սեմինարներ կազմակերպելով, որպեսզի տեղյակ լինեն օրենքներին և իրենց իրավունքներին ու տուրք չտան չգրված օրենքներին: Մարտիրոսյանն ասում է, որ հակակոռուպցիոն միջազգային չափանիշերին չի համապատասխանում նաև Հայաստանի քրեական օրենսգիրքը, պաշտոնյաներին տրվող վճարումները շատ դեպքերում չի արգելում և կաշառք չի համարում. «Ոչ պաշտոնական վճարումները Հայաստանում ամենուր են. ծննդյան պահից մինչև գերեզման»,-ասում է Մարտիրոսյանը:

Հարցումներին մասնակցած 1500-ից ավել մարդկանց 78 տոկոսը նշել է, որ երբևէ կաշառք չի վերցնի, մինչդեռ 45 տոկոսն ասել է, որ անհարժեշտության դեպքում կաշառք կտա: «Մարդիկ կաշառք տալն արատավոր երևույթ չեն համարում, այլ դիտարկում են որպես բնական երևույթ»,- ասում է Մարտիրոսյանը:

Դիտվել է 1278 անգամ:
Print Friendly

Leave a Reply