ՊԵԿ-Խոշոր հարկատու` հարաբերությունների նոր մակարդակ 2011թ. առաջին եռամսյակում կտրուկ աճել է խոշոր բիզնեսի վճարած հարկերի տեսակարար կշիռը` հասնելով 60.5 տոկոսի

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | April 12, 2011 21:00

Պետական եկամուտների կոմիտեի 2011թ-ի գործունեության հիմնական ուղղություններից է շարունակում մնալ Խոշոր հարկ վճարողների նկատմամբ  անհատական մոտեցումը, ինչն իր հերթին ենթադրում է վերահսկողության ուժեղացում, միաժամանակ սպասարկման որակի բարձրացում: Այդ նպատակով ՊԵկ խոշոր հարկ վճարողների հարկային  տեսչության նախաձեռնությամբ պարբերաբար հանդիպումներ  են կազմակերպվում հանրապետության խոշոր հարկ վճարողների  հետ:
«Հարկային վարչարարության բարեփոխումների հիմնական ուղղությունները» թեմայով ապրիլի 12-ին հերթական աշխատանքային խորհրդակցությունն էր կազմակերպվել: Խոշոր հարկատուների հետ հանդիպմանը ՊԵԿ ղեկավարության կողմից ներկայացվել է համակարգում իրականացված բարեփոխումները,  մասնավորապես հարկային վարչարարության հիմնական ուղղությունները:
ՊԵկ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Աշոտ Արզումանյանը նախ անդրադարձել է շուրջ 440 խոշոր հարկ վճարողների կողմից 2011թվականի առաջին եռամսյակում հավաքագրված ցուցանիշներին: Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ. առաջին եռամսյակում պետական բյուջե են հավաքագրվել 49,2 միլիարդ դրամի հարկեր և 10,2 միլիարդ դրամի սոցիալական վճարներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հավաքագրվել  էին 38,8 միլիարդ դրամի հարկեր և 8,3 դրամի սոցիալական վճարներ: Այսինք, 2011թ. առաջին եռամսյակում խոշոր հարկ վճարողների կողմից ապահովվել է պետական բյուջե մուտքերի աճ` հարկերի մասով 10,4 միլիարդ դրամի չափով (կամ 26,8 տոկոսով ), իսկ  սոցիալական վճարների մասով 1,9 միլիարդ դրամի չափով (կամ 22,8 տոկոսով ) :
Ըստ Աշոտ Արզումանյանի, ՊԵԿ կողմից հավաքագրված ընդհանուր հարկերում 2011թ առաջին եռամսյակում 4,4 տոկոսով  ավելացել է խոշոր բիզնեսից գանձված հարկերի տեսակարար կշիռը: Այսպես, 2010թ.-ի առաջին եռամսյակում հավաքագրված 56,1 տոկոսի դիմաց 2011թ. նույն ժամանակաշրջանում գանձվել է 60,5 տոկոս, որը թվային արտահայտությամբ կազմում է 38,6 միլիարդ դրամ` 2010թ.–ի 68,8 միլիարդից և 49.2 միլիարդ դրամ` 2011թ. 81,3 միլիարդից:

Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված բոլոր հարկ վճարողները, տեսչության պետի խոսքերով, հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնում են էլեկտրոնային եղանակով, իսկ նրանցից 82 տոկոսն արդեն էլեկտրոնային հարկային հաշիվներ է դուրս գրում:
Տեսչությունում հաշվառված հարկ վճարողների իրացման շրջանառությունը  ևս 2011թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում աճ է արձանագրել` կազմելով 325,2 մլրդ դրամ, կամ  2010 նույն ժամանակաշրջանի համեմատ 8 տոկոսով  ավելի:
2010թ. 4-րդ եռամսյակում վարձու աշխատողների միջին ամսական թվաքանակը կազմել է 134 հազար մարդ, նրանց հաշվարկված միջին ամսական աշխատավարձը կազմել է 161,6 հազար դրամ: 2009թ. համեմատ, աշխատողների թվաքանակը ևս ավելացել է 2104-ով, իսկ միջին աշխատավարձը` 10.9 հազար դրամով:
Էլեկտրոնային հարկային հաշվետվությունների ներկայացման գործընթացում 2011թ-ի հիմնական ուղղություններից մեկը հաշվետվություններում  արտացոլված ցուցանիշների  վերլուծությունն ու նախորդ հաշվետվությունների և երրորդ անձանցից ստացվող տեղեկությունների հետ  համադրումն է:
Հաջորդ քայլն, ըստ տեսչության ղեկավարի, խոշոր հարկ վճարողների հետ տարվող հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացումն է, որ իրականացվում է կանխարգելիչ և ընթացիկ բնույթի աշխատանքներով` նոր մեթոդներով և եղանակներով: 2011թվականից գործարկվել է ռիսկային չափանիշների վրա հիմնված հարկային ստուգումների համակարգը:
Կարևոր են նաև գերավճարների նվազեցմանն ուղղված միջոցառումները:  Այդ ուղղությամբ, դեռևս անցյալ տարվանից, ՊԵԿ  խոշոր հարկ վճարողների տեսչությունը  շոշափելի արդյունքներ է արձանագրել` ներկայացված հայտերը ժամանակին  բավարարելու և գերավճարները վերադարձնելու ուղղությամբ: 2011թ. առաջին եռամսյակում հարկ վճարողներին է վերադարձվել մոտ 3 միլիարդ դրամի գերավճար:

«Դժվարությունները միայն առաջին հայացքից էին, բայց, երբ մտանք պրոցեսի մեջ,      շատ ավելի  պարզ էր և հասկանալի»

Խոշոր բիզնեսի ներկայացուցիչները ոչ միայն ողջունում են իրականացվող բարեփոխումները, այլև արդեն իսկ ընդգծում գործարար միջավայրում դրանց ունեցած ազդեցությունը: «Արփա-Սևան» ԲԲԸ  գլխավոր տնօրեն Պարույր Հակոբյանը խոստովանում է, որ  դեռևս անցած տարվանից էլեկտրոնային հաշվետվությունների համակարգի  ներդրմանը թերահավատությամբ էր վերաբերվում, իսկ այսօր պատկերն այլ է. «Էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացումը շատ մեծ ազդեցություն ունեցավ հարկ վճարող-հարկային մարմին փոխհարաբերությունների վրա` բացառելով սուբյեկտիվ մոտեցումը հարկային մարմնի կողմից: Էլեկտրոնային հաշիվների դուրս գրումը  մեծ փոփոխություն է խոշոր հարկ վճարողների համար, որովհետև կրճատվեց և արագացավ փաստաթղթաշրջանառությունը: Ավելի հարմարավետ դարձավ նաև մատակարարների հետ աշխատելը: Քանի որ ընկերությունը տեղամասեր ունի  ամբողջ հանրապետությունում,  փաստաթղթերը գլխամաս հասցնելը խնդիրներ էր առաջացնում,  իսկ այսօր  կարողանում ենք անմիջապեսլ ստանալ մատակարարների կողմից դուրս գրված հաշիվները   և ֆինանսական ճիշտ հաշվառում կատարել»:
2011թ. նախատեսվում  է պետական բյուջեի մուտքերն ավելացնել 90 մլրդ  դրամով, որի հիմնական մասն, ըստ  տեսչության պետի, ակնկալվում է ապահովել հենց խոշոր հարկ վճարողներից  գանձվող  հարկերի հաշվին: Աշոտ Արզումանյանի խոսքերով,  այդ նպատակով, մի շարք միջոցառումներ  են նախատեսվում անցկացնել, մասնավորապես ընդլայնել վերլուծությունների և ռիսկերի գնահատման վրա հիմնված համակարգերի կիրառումը հարկային հսկողության միջոցառումներում, բացահայտել ստվերային շրջանառությունը, ներդնել իրավախախտումների կանխարգելիչ համակարգեր, կրճատել ընթացիկ ապառքները: Հարկ վճարողների սպասարկման ծառայությունների որակի էլ ավելի բաձրացումը շարունակում է մնալ տեսչության առաջնահերթություններից. «Մեր աշխատանքների կենտրոնում է գտնվում  բարեխիղճ գործարարների համար առավելագույն բարենպաստ միջավայրի ստեղծումը և հարկ վճարողների համար հարկային վարչարարության ուղղությամբ իրականացվող աշխատանքների հնարավոր թափանցիկության  ապահովումը», ընդգծել է Աշոտ Արզումանյանը:
Խոշոր բիզնեսը պետք է զգա իր նկատմամբ անհատական ու հասցեական մոտեցումը. պետբյուջեի  մուտքերի զգալի  մասն ապահովող  հարկ վճարղների հետ կառուցողական երկխոսության մեկնարկը տրված է, իսկ փոխհարաբերություններն առավել արդյունավետ  դարձնելուն նպատակաուղղված միջոցառումները խոշոր հարկ  վճարողների հարկային տեսչության օրակարգում են:

Դիտվել է 1959 անգամ:
Print Friendly

Leave a Reply