«Այս օրինագծով կառավարությունն ուզում է մի երկուսին լավություն անել». Վարդան Բոստանջյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2011 15:26

Այսօր խորհրդարանում քննարկվեց «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրինագիծը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանի կարծիքով, այնքան էլ միանշանակ չեն այն օգուտները, որ սպասվում են այս նախագծից, քանի որ Եվրամիությունը հրաժարվում է ազատ տնտեսական գոտիներից` հասկանալով, որ միասնական տնտեսական հարաբերությունները շատ ավելի արդյունավետ են, քան առանձին տնտեսական օազիսների ստեղծումը:

«Եթե մի քանի տնտեսվարող աշխատելու են ազատ տնտեսական գոտում, ապա ի՞նչ գոտում են աշխատելու այլ տնտեսվարողները, որոնք չունենալով այդ բարյացակամությունը կառավարության կողմից, ստիպված են աշխատել ընդհանուր տնտեսական դաշտում` ընդհանուրւ հարկային և մաքսային պրեսինգի պայմաններում»,-ասաց նա:

Նռանյանի կարծիքով, այնպիսի փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է, հնարավոր է շռայլություն թույլ տալ և ամբողջ երկիրը նպաստավոր դարձնել գործարարությամբ զբաղվելու համար:

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ողջունեց օրինագիծն` ասելով, թե պետք չէ այն քննադատել, այլ պետք է ողջունել, օգնել և հարստացնել: Սակայն մեկ այլ ԲՀԿ-ական`  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանի կարծիքով, այս օրինագծով կառավարությունը ուզում է մի երկուսին լավություն անել.

«Սա տնտեսական ազատ գոտիների համար օրենք չէ,-ասաց նա,- օրինագիծը շատ ուղղորդված մեկ-երկու կազմակերպության համար է»:

Բոստանջյանի կարծիքով, այս օրինագծում զետեղված է անորոշությունների մի ամբողջ գամմա, որի պարագայում ցանկացած, մինչև անգամ մեծ համարձակություն ունեցող տնտեսվարող սուբյեկտը, կարող է չօգտվել արտոնություններից:

Ըստ կառավարության, «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրինագծի նպատակն է բարենպաստ իրավական դաշտ ստեղծել ազատ տնտեսական գոտիների գործունեության իրականացման համար:

Ենթադրվում է, որ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում, Գյումրի քաղաքում և «Մարս»ՓԲ ընկերության տարածքում ազատ տնտեսական գոտիների ստեղծման համար բարենպաստ օրենսդրական հիմքի ապահովմանը:

Դիտվել է 1139 անգամ:
Print Friendly

Leave a Reply