ԱԺ-ն վավերացրեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ արձանագրությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2011 14:34

Հայաստանի Ազգային ժողովն այսօր 80 կողմ, մեկ դեմ եւ մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց 1995 թվականի մարտի 16-ին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված` ՀՀ-ում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման վերաբերյալ պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը ստորագրվել էր 2010-ի օգոստոսի 20-ին Երեւանում` երկու երկրների նախագահներ` Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ:

Արձանագրությունը հավանության էր արժանացել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից, նաեւ Սահմանադրական դատարանի որոշմամբ` այն չի հակասել մեր երկրի Սահմանադրությանը: Ինչպես երեկ ԱԺ-ում նշել էր Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը` արձանագրությամբ սահմանվում է, որ ՀՀ-ում գտնվելու ընթացքում ռուսական ռազմակայանը, բացի ՌԴ-ի շահերի պաշտպանության գործառույթներից, մեր երկրի Զինված ուժերի հետ համատեղ ապահովելու է նաեւ Հայաստանի անվտանգությունը:

Նախկին պայմանագրում առկա ձեւակերպման համաձայն` ռուսական ռազմակայանը մասնակցում էր նախկին ԽՍՀՄ անդամ Հայաստանի տարածքով անցնող արտաքին սահմանի պաշտպանությանը: «Նախատեսվող ձեւակերպմամբ` որեւէ տարանջատում չի մտցվում Հայաստանի` հարեւան երկրների միջեւ սահմաններում ռուսական ռազմաբազայի գործառույթերի միջեւ` դրանով վերացնելով գործող ձեւակերպումից բխող այն եզրակացությունը, թե ռազմաբազայի առաջնահերթությունը Թուրքիայի եւ Իրանի հետ սահմաններում անվտանգության ապահովումն է:

Այսինքն` նախատեսվող ձեւակերպումն իր մեջ ներառում է ողջ Հայաստանի անվտանգության ապահովումը»,- ընդգծել էր Արա Նազարյանը: Արձանագրության համապատասախան դրույթով նաեւ սահմանվում է, որ ՀՀ-ի անվտանգության նպատակով ռուսական կողմը մեր երկրին աջակցելու է ժամանակակից սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայի ապահովմամբ: Բացի այդ, արձանագրության համաձայն` ՀՀ-ում ռուսաստանյան ռազմակայանի գտնվելու ժամկետը 25-ից երկարաձգվելու է 49 տարով:

Դիտվել է 1092 անգամ:
Print Friendly

Leave a Reply