Երևանում մեկնարկել է հայ-չինական գործարար համաժողովը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2011 14:08
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի մշտական անդամ Լի Չանչունն այսօր մասնակցել են Երևանում մեկնարկած հայ-չինական գործարար համաժողովի բացմանը:
Ողջունելով հյուրերին` ՀՀ կառավարության ղեկավարը կարևորեց գործարար համաժողովի անցկացումը, որը կնպաստի Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական հարաբերությունների հետագա խորացմանը. «Հայաստանը շահագրգռված է Չինաստանի հետ, առանց բացառության, բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմամբ: Վերջին տարիների ակտիվ շփումները բացահայտել են համագործակցության մի շարք առաջնային ուղղություններ: Այդպիսիք են հանքարդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, որտեղ, ինչպես գիտեք, զգալի ձեռքբերումներ կան: Մենք հպարտանում ենք հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» ընկերությամբ, որը բացվել է անցած տարվա գարնանը` դառնալով համատեղ ծրագրերի իրականացման առաջամարտիկը: Առաջնային են համարվում տուրիզմը, ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները: Մենք նաև հետաքրքրված ենք կրթության և գիտության ոլորտներով և բաց ենք մշակութային լայն փոխգործակցության համար»:
ՉԺՀ ԿԿ կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի մշտական անդամ Լի Չանչունը նշեց, որ Հայաստանն ու Չինաստանը կարողացան դիմակայել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին և իրականացնել բոլոր ծրագրերը. «Հայաստանն ապացուցում է, որ ունի տնտեսական մեծ ներուժ արտահանման ծավալները մեծացնելու և նոր ծրագրեր իրականացնելու համար: Չինաստանն ունի մեծ շուկա, Հայաստանը` որակյալ արտադրանք: Չնայած դրան` Հայաստանից մեր երկիր արտահանման ծավալները շատ փոքր են: Երեկ ես համտեսեցի անկրկնելի համ ունեցող «Արարատ» կոնյակը, որը, ցավոք, Չինաստանում չկա: Հայ գործարարներին առաջարկում եմ պարբերաբար այցելել Չինաստան, գովազդել իրենց արտադրանքը, համագործակցել չին գործընկերների հետ և մուտք գործել չինական շուկա»:
Համաժողովի բացման արարողությունից հետո Տիգրան Սարգսյանն ու Լի Չանչունը մասնակցեցին հայկական «Իմպուլս» և Չինաստանի ազգային ռադիոկայանների համատեղ ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը:
Երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու Զարգացման հայկական գործակալության կողմից կազմակերպված համաժողովին մասնակցում են չինաստանյան 22 ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են բանկային, մեքենաշինության, հեռահաղորդակցության, սարքաշինության, էներգետիկայի, հանքահումքային արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներ: Նշենք, որ Հայաստանում գրանցված է չինական կապիտալի մասնակցությամբ 41 ընկերություն:
Դիտվել է 1851 անգամ:
Print Friendly

Leave a Reply