ՀՀ նախագահը գլխավորել է ամենաճանաչված քաղաքական գործիչների ցուցակը. Mediagid

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 12, 2011 12:58

Mediagid վարկածով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գլխավորել է հայկական ԶԼՄ-ներում 2011 թվականի մարտին քաղաքական գործիչների մեջբերման ինդեքսը:
«All Media» ընկերությունը 2010 թվականի նոյեմբերի 30-ից գործարկել է նոր ինտերնետ-նախագիծ՝ Հայաստանում www.mediagid.am լրատվական առաջին ագրեգատորը։
Հանրաճանաչության ցուցիչը ձևավորվում է ագրեգատորի կողմից գործընկեր կայքերից ստացված լրատվական այն հաղորդագրությունների ինդեքսավորման հիման վրա, որոնցում հիշատակվում են հայ քաղաքական գործիչների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների, մարզիկների անունները, ինչպես նաև ընկերությունների անվանումները։

«Մեջբերման ինդեքսը ցույց տվեց, որ մարտին հայկական ԶԼՄ-ներում հիշատակումների թվով քաղաքական գործիչների թվում առավել ճանաչված է եղել նախագահ Սերժ Սարգսյանը, ով զբաղեցնում է վարկանիշի առաջին հորիզոնականը (607 հիշատակում) և վերջին չորս ամիսների ընթացքում պահպանում է առաջատարի դիրքը ամենամեջբերվող քաղաքական գործիչների շրջանում»,- ասաց www.mediagid.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։
Թեև ՀՀ նախագահը պահպանում է առաջատարի դիրքը, մարտի ընթացքում մեջբերվող քաղաքական գործիչների հնգյակում փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն առաջ է անցել վերջին երեք ամիսների ընթացքում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից՝ նրան տեղափոխելով վարկանիշի չորրորդ հորիզոնական:

Mediagid.am վարկածով, մարտին առավել մեջբերվող քաղաքական գործիչների հնգյակում են նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Առաջատար հնգյակից դուրս են մնացել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Ընկերություններից առավել մեջբերվողների թվում առաջատար է VivaCell-MTS բջջային օպերատորը (67 հիշատակում), NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսան, «ԱրմենՏել» ՓԲԸ հեռահաղորդակցային ընկերությունը, HSBC Հայաստան Բանկը և Ամերիաբանկը:
Հայկական լրատվամիջոցներում շոու-բիզնեսի ներկայացուցիչներից առավել հիշատակվողների հնգյակը մնացել է գրեթե անփոփոխ՝ բացառությամբ այն փաստի, որ հնգյակում ընդգրկվել է նաև երգչուհի Էմմին, ով կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ-2011 երգի մրցույթում: Արդյունքում շոու-բիզնեսի առավել մեջբերվողների հնգյակը մարտին ունի հետևյալ տեսքը՝ Անդրե (106 հիշատակում), երգչուհի Էմմի, հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուր, երգիչներ Արամե և Արամո:
Մարտին առավել մեջբերվող մարզիկների թվում են շախմատիստ Լևոն Արոնյանը (114 հիշատակում), շախմատիտուհի Էլինա Դանիելյանը, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը, շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը, թենիսիստ Դավիթ Նալբանդյանը:
Մարտին Mediagid.am լրատվական ագրեգատորում դիտումների թվով առավել ճանաչված բաժինների թվում է «Քաղաքականություն» բաժինը, որի դիտումների թիվն ամսվա ընթացքում կազմել է գրեթե 118 հազար (72 հազար՝ փետրվարին)։

Նույն հնգյակում են նաև «Սոցիում» բաժինը, որտեղ մարտին արձանագրվել է 82,5 հազար դիտում (49 հազար՝ փետրվարին), «Համաշխարհային նորություններ»՝ 78,8 հազար դիտում (31,5 հազար փետրվարին), «Տնտեսություն և բիզնես»՝ ավելի քան 69 հազար դիտում (մոտ 47 հազար փետրվարին) և «Տեխնոլոգիաներ և կապ»՝ 38,7 հազար (մոտ 20 հազար դիտում փետրվարին)։ -0-

Դիտվել է 1466 անգամ:
Print Friendly

Leave a Reply