ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը ներկայացրել է ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների կասեցման պատճառները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2011 11:00

Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների կասեցման իրական պատճառները:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ նա նշել է, թե 2005-ին ստեղծված ենթահանձնաժողովն իր գործունեության մի քանի ամիսների ընթացքում ապացուցել է իր անկարողությունը` հայ եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ փոխվստահության մթնոլորտ ստեղծելու առումով` մի կողմ դրած «Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ երկխոսության պահանջը»:

«Ենթահանձնաժողովի աշխատանքների կասեցումը պայմանավորված էր հենց այս ձախողմամբ, եւ ոչ թե Լորդ Ռասսել Ջոնսթոնի հանկարծահաս մահով: Փոխանակ արագացնելու այդ հանձնաժողովի վերակազմավորումը` վեհաժողովի նախագահի պարտավորությունը պետք է լիներ Բյուրոյին այս պատճառների, ինչպես նաեւ իր կողմից հայ եւ ադրբեջանցի պատգամավորական պատվիրակությունների հետ անցկացված խորհրդակցությունների մասին տեղեկացնելը», – ընդգծել է հայկական պատվիրակության ղեկավարը:

Նրա խոսքով` այդ իսկ պատճառով հայկական կողմը հարցականի տակ է դնում այս հատուկ ենթահանձնաժողովի վերակազմակերպման անկեղծ, անկողմնակալ եւ ազնիվ մղումները: Դ. Հարությունյանն ընդգծել է, որ հայ եւ ադրբեջանական երկու հասարակությունների հաշտեցմանն օգտակար լինելու առաջին նվազագույն քայլը կարող է լինել միայն երկու պատվիրակությունների միջեւ առկա լարվածությունը նվազեցնելուն միտված ձեռնարկները, ինչի առումով հայկական պատվիրակության կողմից նախկինում արված կոնկրետ առաջարկություններն առայժմ «մնում են ուժի մեջ»:

Նա մեղադրել է ԵԽԽՎ Բյուրոյի նախագահին` ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերագործարկման որոշման ժամանակ ՀՀ պատվիրակության ձայնն անտեսելու համար: «Բյուրոն խորհրդավորությամբ կորցրեց հայկական պատվիրակության նամակի հետքերը եւ աչք ծակող գործելաոճով անտեսեց ուղղակիորեն ներգրավված կողմի դիրքորոշումն ու առարկությունները: Չի կարելի լուրջ, դրական արդյունքներ ակնկալել ստիպողաբար առաջադրված գործընթացից», – հայտարարել է Դ. Հարությունյանը:

«Քանի որ Դուք որոշել եք հայկական պատվիրակության դիրքորոշումը Ձեր գորգի տակ պահել, ես բոլոր ներկայացուցիչների առջեւ կկրկնեմ մեր դիրքորոշումը»,- հավելել է նա: Ըստ նրա` ԵԽԽՎ Բյուրոյի անդամներին ուղղված այս տարվա հունվարի 25-ի նամակում, որը կորել էր պաշտոնական միջանցքներում, հայկական պատվիրակությունը կողմ էր հանդես եկել ադրբեջանական պատվիրակության հետ` երրորդ կողմի միջնորդությամբ, շարունակական հանդիպումներին, հույս հայտնելով, որ այդ հանդիպումները կստեղծեն փոխվստահության բավարար մթնոլորտ եւ «կթուլացնեն երկու պատվիրակությունների միջեւ առկա լարվածությունը»:

ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերագործարկման մասով հիշյալ նամակում, որի տակ ստորագրել էին հայկական պատվիրակության բոլոր անդամները, ասվում էր. «Նման հարցերի քննարկումն ավելի լայն ձեւաչափով` անկախ դրա անվանումից` ենթահանձնաժողով, թե այլ մարմին, եթե այն ներառելու է հանրային քննարկումներ ավելի լայն խմբերի մասնակցությամբ, հավասարազոր է երկուստեք մեղադրանքների եւ թունոտ հռետորության հավելյալ հարթակ ստեղծելուն:

Մենք չենք ցանկանում մասնակցել նման միջոցառմանը, քանի որ կարծում ենք, որ դա ապակառուցողական է»: Իր հերթին հայկական պատվիրակության անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ ստեղծված լարվածության եւ հակահայ քարոզչության պայմանները «նշանակում են, որ Հայաստանը չի կարող մասնակցել ենթահանձնաժողովի աշխատանքներին»: Դ. Հարությունյանն էլ հիշեցրել է, որ 2010թ. հուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հատուկ ընդգծել էր բանակցվող սկզբունքների եւ քայլերի տրոհման անցանկալիությունը եւ կոչ արել ընկալել դրանք` որպես «ինտեգրված ամբողջականություն»:

«Ակնհայտ է, որ բանակցային այս համապարփակ փաթեթի մեջ որեւէ տեղ չկա այլ մարմինների միջամտության համար, նույնիսկ եթե դրանք սոսկ մարդասիրական բնույթի են», – ընդգծել է նա: Դ. Հարությունյանը հաշվի առնելով, որ ադրբեջանական պետական քարոզչությունն անհիմն պնդումներ է տարածում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իբր ապակառուցողականության մասին, շեշտել է, որ ներկայում առկա անհանդուրժողության մթնոլորտում, «երբ վեհաժողովում տարածվում է այս միտումնավոր սադրիչ քարոզչությունը, այս ենթահանձնաժողովը բաց հրավեր է լուրջ վնաս հասցնելու բանակցային գործընթացին»:

«Հայկական պատվիրակությունը ոչ մի պայմանով չի կարող հանձն առնել նման անպատասխանատվություն»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ, հայկական պատվիրակությունը վերահաստատել է առաջ շարժվելու իր տեսլականը, որը, շարունակում է մնալ ուժի մեջ. «Մենք առաջարկում ենք մորատորիում հայտարարել ցանկացած փոխադարձ մեղադրական հայտարարության վրա` Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների եւ Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունների միջեւ` գալիք երկու նստաշրջանների ընթացքում:

Զուգահեռաբար, մենք առաջարկում ենք շարունակել երրորդ կողմերի միջնորդությամբ երկկողմ խորհրդակցությունները»: Միաժամանակ նշվել է, որ երրորդ կողմ չեն կարող հանդիսանալ ԵԽԽՎ նախագահը, Բյուրոյի եւ կամ ենթահանձնաժողովի նորընծա ղեկավարները: Դ.Հարությունյանը հույս է հայտնել, որ հայկական պատվիրակության այս անկեղծ ցանկությունը եւ պատրաստակամությունը կգտնի համախոհներ:

Դիտվել է 889 անգամ:
Print Friendly

Leave a Reply