Հովհաննես Թամամյանի գործով հերթական բարձրաստիճան ոստիկանն է կալանավորվել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | April 11, 2011 22:15
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ տեղափոխեցին մի անձի:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր`ապրիլի 11-ին Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել էր նշված դատարանին, որ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառվի ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության մայոր Վահան Խանզադյանի նկատմամբ:
Ֆոտոլրագրողը հայտնեց նաեւ, որ Խանզադյանը որպես կասկածյալ անցնում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործով:
Խանզադյանը մեղադրվում է նաեւ մեկ այլ քրեական գործում կատարած չարաշահումների համար: Ինչպես հայտնեց ֆոտոլրագրողը, 2009թ. նոյեմբերի 5-ին Գավառ քաղաքում մի քաղաքացու նկատմամբ սպանության փորձ էր կատարվել: Արամ եւ Արթուր Մարտիրոսյան եղբայրները եւ Հրաչյա Պետրոսյանը ձեռք էին բերել ապօրինի հրազեններ եւ կատարել էին սպանության փորձը, իսկ նախաքննության ընթացքում ոստիկանության առանձին պաշտոնատար անձինք կատարել էին չարաշահումներ:
Խանզադյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է 2011թ. ապրիլի 11-ին` 308 հոդվածի 2-րդ մասի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որը առաջացրել է ծանր հետեւանքներ) հատկանիշներով:
Դռնփակ դատական նիստը վարում էր դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ով բավարարեց ՀՔԾ-ի միջնորդությունը: Ի դեպ, դատարանի բակում հավաքված էին մեծ թվով ոստիկանության համակարգի քննիչներ:
Դատարանի շենքը վերցվել էր ուժեղացված հսկողության տակ դատական կարգադրիչների ստորաբաժանման կողմից, որի աշխատանքները ղեկավարում էր Կենտրոնի դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար: Ոստիկանապետի հրամանով նա ազատվել էր պաշտոնից եւ ձերբակալվել:






Facebook
Tweet This
Email This Post
