Ֆրանսիական զորքերը ձերբակալել են Կոտ դ՛ Իվուարի ինքնահռչակ նախագահին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2011 21:59

Կոտ դ՛Իվուարում գտնվող ֆրանսիական հատուկ նշանակության զորքերն այսօր ձերբակալել են Կոտ դ՛ Իվուարի ինքնահռչակ նախագահ Լորան Գբագբոյին։ Reuters գործակալությունը, վկայակոչելով Գբագբոյի խորհրդականին, հայտնում է, որ ֆրանսիացիները Գբագբոյին արդեն հանձնել են ընդդիմության առաջնորդ, միջազգային հանրության կողմից երկրի նախագահ ճանաչված Ալասան Ուաթարային։ Գբագբոյին հաջողվել է ձերբակալել այն բանից հետո, երբ ֆրանսիական տանկերը ներխուժել են Կոտ դ՛Իվուարի մշակութային և ֆինանսական մայրաքաղաք Աբիջանում գտնվող նրա նստավայր։ Գբագբոյի ձերբակալման մասին տեղեկությունը հաստատել է նաև Կոտ դ՛Իվուարում Ֆրանսիայի դեսպանը։

Իսկ France Info ռադիոկայանի հաղորդմամբ՝ Գբագբոյի հետ ձերբակալվել են նաև նրա կինը և որդին։ Նրանք տեղափոխվել են Ալասան Ուաթարայի շտաբ գրասենյակ։

Այսօր ողջ օրվա ընթացքում Աբիջանում շարունակվել են դաժան մարտերը Ուաթարայի և Գբագբոյի կողմնակիցների միջև։ Այսօր ավելի վաղ ֆրանսիական ուղղաթիռները հերթական հարվածն էին հասցրել Գբագբոյի նստավայրին։

2010թ. նոյեմբերի վերջին Կոտ դ’Իվուարում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում քաղաքացիական պատերազմ սկսվեց։ Ընտրությունների արդյունքում հաղթող ճանաչվեց ընդդիմության ներկայացուցիչ Ալասան Ուաթարան։ Իսկ Լորան Գբագբոն, որ երկիրը ղեկավարում էր 2000 թվականից, հրաժարվեց լքել իր պաշտոնը։ Միջազգային հանրությունը երկրի նախագահ է ճանաչում Ուաթարային և բազմիցս Գբագբոյին կոչ է արել հրաժարական տալ։

Մարտից Գբագբոն սկսել էր իր հակառակորդների դեմ ծանր սպառազինություն օգտագործել։ Բախումների արդյունքում առնվազն մի քանի հարյուր մարդ է զոհվել։ Գբագբոյի և Ուաթարայի կողմնակիցների միջև վերջին օրերին դաժան մարտեր են տեղի ունենում Աբիջանում։

Մարտի 30–ից, խաղաղ բնակչության պաշտպանելու նպատակով, ՄԱԿ-ի խաղաղապաների օգնությամբ Կոտ դ՛Իվուարում ռազմական գործողողություններ էր սկսել Ֆրանսիան։

Դիտվել է 1808 անգամ:
Print Friendly

Leave a Reply