Ընտրությունների տեսաձայնագրումը չի կարող ոտնահարել գաղտնիության իրավունքը. իրավապաշտպաններ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 11, 2011 21:03
Ընտրական օրենսգրքի փոփոխություններին նվիրված այսօրվա քննարկմանը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը համոզմունք հայտնեց, որ ԸՕ բոլոր բարեփոխումներն անիմաստ կլինեն, եթե չլինեն տեսաձայնագրություններ, քանի որ, ըստ նրա, «իշխանությունները չունեն քաղաքական կամք փոփոխությունների գնալու»։
Նա պատմեց Մալաթիայի թիվ 0802 տեղամասում ընտրություններից մեկի ժամանակ իր արձանագրած կոպիտ խախտումների մասին։ Որպես դիտորդ ներկա լինելով այս տեղամասում քվեարկությանը՝ նա հաշվել է 612 ընտրողի, մինչդեռ ժամը 8-ին արդեն իսկ հաղորդվել է 1300-ից մեծ թիվ, իսկ անմտածված լցոնումներից հետո, երբ նորից են հաշվել քվեները, պարզվել է՝ թիվը գերազանցում է 1600-ը՝ այս տեղամասում, իբր, ընտրություններին մասնակցությունը կազմել էր 94%։ Նա պատմեց, որ բոլոր խախտումներն անելիս իրեն «լկտիաբար հարցնում էին»՝ դիտո՞րդ ես, և խախտումներն անում էին՝ իր աչքերի մեջ նայելով։
Ստրատեգիական դատավարության փորձագետ Արտակ Զեյնալյանն առաջարկեց. «Եթե ընտրական ցուցակները ընտրություններից հետո դրվում են դատական գործի նյութերում, ուրեմն ցուցակներն արդեն իսկ գաղտնի չեն, եթե կան մասնակի նկարահանումներ, ուրեմն դարձյալ նույն գաղտնիության իրավունքի մասին այլևս խոսելն անիմաստ է»։ Ընտրություններն անվավեր ճանաչելու մասին երկու հիմք կա. «Մեկն այն է, երբ խախտումը ազդել է ընտրությունների արդյունքների վրա, երկրորդը՝ երբ կարող էր ազդել»։ Արտակ Զեյնալնյանն այդպիսի «ունակ գործոն» է դիտարկում նաև քարոզչությունը։ Նա նշեց, որ դատարանի կողմից ապացուցված համարված խախտումների պարագայում անգամ չի կատարվել օրենքով պահանջվող վերահաշվարկը։
Ավետիք Իշխանյանն առաջարկեց մատյաններում անմիջապես ընտրությունների ավարտից հետո արձանագրել նշում արած քաղաքացիների թիվը, որ պետք է հավասար լինի ծրարների քանակին. «Եթե տարբերությունը գերազանցի 1%-ը, այդ տեղամասի ընտրությունները համարել անվավեր»,- առաջարկեց նա՝ համարելով, որ սա մեծ խոչընդոտ կլինի լցոնումների համար։






Facebook
Tweet This
Email This Post
