Ջրբաժանի օր

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 11, 2011 18:53

Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած ուրբաթ օրվան ցույցին Հայաստանի առաջին նախագահին արտասանած խոսքն առավելաբար կվերաբերեր ընդդիմադիր դաշտին: Տարաբնույթ հիմնավորումներով Տեր-Պետրոսյան կ՛ուզեր ընդգծել, որ բացառված է երրորդ բևեռի կայացումը Հայաստանի քաղաքական դաշտին մեջ:

Ուրբաթ օրվան հանրահավաքին արտասանված խոսքին հետևողը կրնա եզրակացնել, որ արմատական ընդդիմության անունով քաղաքական հրապարակ իջած ուժին համար ոչ թե իշխանությունն է թիրախը, այլ իրենցմե դուրս ընդդիմություն չընդունելու քարոզչության տարածումը: «Ինչպե՞ս կրնա ՀԱԿ-ը մենաշնորհել ընդդիմադիր դաշտը» հարցումին կը պատասխանե նույնինքն հարցումը բարձրաձայնողը` բացատրելով, որ ՀԱԿ-ը ո՛չ վարչական լծակներու, ո՛չ նյութական միջոցներու, ո՛չ զանգվածային լրատվամիջոցներու և այլ միջոցներու կը տիրապետե. հետևցնելու համար` եթե իշխանությունները այս բոլորը ունին մենաշնորհելու համար իշխանության դաշտը, ապա ՀԱԿ-ը այդ բոլոր միջոցներեն զուրկ է:
Այս տրամաբանությունը կը շարունակվի հաստատելու համար, որ երրորդ բևեռը, կամ ՀԱԿ-են դուրս այլ ընդդիմադիր շարժում ի վիճակի չէ կայանալու: Այս տեսություններու առաջքշման համար ներկայացված հիմնավորումները կսատարեն խաղի ներկա կանոնները պահելու և իշխանություն-ընդդիմություն մրցապայքարը ներկա ձևաչափին մեջ պահելու:
Պահ մը, սակայն, ընդունելով, որ ՀԱԿ-ի առաջադրանքները ներկայացված կետերն են (ՀԱԿ-ի կողմե պահանջված քաղաքական բանտարկյալներու ազատ արձակում, մարտ 1-ի սպանություններու բացահայտումներ և «Ազատություն» հրապարակին վրա հանրահավաքներ կազմակերպելու արտոնություն), պետք է նկատել, որ վարքագիծի, օգտագործված բառամթերքի և նույնիսկ պահանջներու հիմնական փոփոխություն արձանագրված է: Այստեղ արդեն նախագահի անմիջական հրաժարականի մասին խոսք անգամ չկայ. արտահերթ ընտրություններու ժամկետի հստակեցում չկա և տակավին ավազակապետություն կամ նման որակումներով պետական համակարգ կազմաքանդելու անմիջական խնդիր չի դրվիր:
Ընդհակառակը` երկխոսության մասին քանի մը առիթով շեշտումներ կամ իշխանություններուն հետ վերջնագրով չխոսելու հայտարարություններ, նույնիսկ օգտագործված ըսելաձևեր  կհիշեցնեն կառուցողական ընդդիմության որդեգրած վարքագիծը: Մոտեցումի հիմնական տաբերությունն այն է, որ այս պարագային այս վարքագիծը մենաշնորհելու որևէ մոտեցում ցույց չի տրվիր զայն առաջադրողներուն կողմե: Ընդհակառակը` կառուցողական շեշտադրումները տարածելու, ընդունելի դարձնելու պահանջն է, որ մնայուն պահանջված է երրորդ բևեռին ձգտող ուժին կողմե:
Խառն պատգամներ կան Տեր-Պետրոսյանի ճառին մեջ: Կամուրջները պահել իշխանություններուն հետ…. մինչև 28 ապրիլ: Մինչ այդ  իշխանությունները պետք է ազատ արձակեն քաղաքական բանտարկյալները, արտոնեն հանրահավաք կազմակերպել Ազատության հրապարակին վրա և հավաստիացնեն, որ 1 մարտի սպանությունները պիտի բացահայտվին: Ապրիլ 28-ը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ ալ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր:
ՀԱԿ-ի խոսնակ Լևոն Զուրաբյանն էր, որ կհստակեցներ  վերջնական ջրբաժանը` հայտարարելով, որ նախապատրաստական աշխատանքներ պիտի ծավալին ամբողջ հանրապետության տարածքին` քաղաքացիական անհնազանդության  շարժում սկսելու համար:
Մեկ կողմե վարքագիծի փոփոխության նշաններ ցույց տալով, մյուս կողմե զանգվածը պահելու համար ետդարձներ կատարելով` ՀԱԿ-ը դիրքեր կորսնցնելու և նվազներ արձանագրելու իրավիճակ կպարզե: Հավանաբար այս անհանգստութենեն մղված Դավիթ Շահնազարյան կխոսի ընդդիմադիր այլ ուժերու լուսանցքայնացման, իսկ առաջին նախագահն ալ` երրորդ բևեռի կայացումի բացառումին մասին:
Ջրբաժանի ճշտված օրը հավելյալ լույս կսփռե հետագա իրադարձություններուն վրայ: 28 ապրիլը շատ հեռու չէ:
Շահան Գանտահարյան
«
Ազդակի» գլխավոր խմբագիր

Դիտվել է 1100 անգամ:
Print Friendly

Leave a Reply