Եղանակային վերջին փոփոխությունները բացասական ազդեցություն չեն թողել գյուղատնտեսության վրա

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 11, 2011 17:56

Վերջին օրերին հանրապետությունում արձանագրված եղանակային փոփոխություններն առայժմ բացասական ազդեցություն չեն թողել գյուղատնտեսության վրա: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, անտառային տնտեսությունների եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը, վտանգավորն Արարատյան դաշտավայրում էր, որովհետեւ այնտեղ արդեն ծառերը ծաղկել են, սակայն վերջին օրերին այդ տարածքում զրոյից ցածր ջերմաստիճան չի արձանագրվել:

«Մինչեւ 0 ջերմաստիճանի նվազում սպասվում է ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը, սակայն այդ պարագայում ցրտահարություն չի կարող լինել: Ծառերի ծաղիկներն իրենց մեջ պարունակում են շաքարային նյութեր, որոնցով կարող են դիմանալ եւ չցրտահարվել: Ցրտահարությունը կլինի այն դեպքում, երբ -4-6 ջերմաստիճանը պահպանվի մի քանի ժամ»,-ասաց Գ. Մանուչարյանը` ավելացնելով, որ նման եղանակային կանխատեսում չկա:

Նրա խոսքով` փոքր-ինչ անհանգստանալու տեղիք են տալիս անձրեւները, որոնց պարբերաբար առկայության պարագայում կարող է փոշոտում տեղի չունենալ: «Եթե տեղումներն ընդհատումներով են, ապա անհանգստանալու կարիք չկա, այդ ընթացքում ծառերը կհասցնեն փոշոտվել: Այսօրվա դրությամբ` անհանգստանալու խնդիր չկա, գյուղատնտեսության վրա բացասական ազդեցություն չի եղել»,-ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, անտառային տնտեսությունների եւ բույսերի պաշտպանության վարչության պետը:

Դիտվել է 1644 անգամ:
Print Friendly

Leave a Reply