«Օրենսդրական նախաձեռնությունը նոր սահմանափակումներ է մտցնում օրենքում». Տիգրան Թորոսյան
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | Անի Գասպարյան | April 11, 2011 17:20
Այսօր խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրրոսյանի հարցին, թե ի՞նչ է պետք անել, որ մեր ոստիկանությունը եվրոպական երկրների ոստիկանության նման քաղաքակիրթ լինի, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանեց.
«Պետք է հուսալ, որ այս բարեփոխումները արդյունք կտան, և մենք առաջիկայում եվրոպական երկրների օրինակով կունենանք այն ոստիկանությունը, որից ոչ թե վախենում են, որից ոչ թե փախչում են, այլ դա այն ոստիկանությունն է, որն առաջին հերթին կոչված է պաշտպանելու մարդկանց իրավունքներն ու ազատությունները»,- ասաց նա:
Պատգամավորները նախարարին մի շարք հարցեր ուղղեցին՝ կապված հավաքների կազմակերպման, թույլտվության, վայրի ընտրության, հավաքների ազատությունների սահմանափակման մասին:
Անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը, սակայն այն կարծիքին է, թե այս օրենսդրական նախաձեռնությունը նոր սահմանափակումներ է մտցնում օրենքում: Նրա կարծիքով, հավաքների անցկացման արգելման վերաբերյալ փոփոխությունները ևս միտվաած են դեպի վատը:
«Սա վտանգավոր է և լուրջ խնդիրներ է առաջացնելու թե՛ խորհրդարանական և թե՛ նախագահական ընտրությունների ժամանակ»,-նշեց պատգամավորը:
ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի խոսքով, այս նախագիծն ավելի լայն քննարկմամ դաշտ պետք է տեղափոխել` թե՛ հանրության, թե՛ քաղաքական այլ ուժերի տեսանկյունը լսելու համար:
Մինասյանն ընդգծեց, որ հիմնական խնդիրն այս փուլում այնպիսի հնարավորությունների ստեղծումն է, որը թույլ չի տա վարչական մարմիններին կամայական վերաբերմունք դրսևորել: Նա նաև նշեց, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ողջ հոդվածը կարիք ունի լուրջ փոփոխությունների` մեղմացման և թեթևացման:
Մինասյանն առաջարկեց հետաձգել երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը:
Նշենք, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծով միմյանցից տարանջատվել են քաղաքական բնույթի հավաքները այլ՝ օրինակ մշակութային միջոցառումներից: Օրինագծով ներմուծվել է մի ինստիտուտ, որով, ինչպես նախորդ քառօրյայի ժամանակ նշել էր Արդարադատության նախարարը, հնարավոր է պահանջներ առաջադրել:
Այս օրենսդրական փաթեթում ներկայացվել է նաև մի նորամուծություն, ըստ որի իրազեկում ներկայացնողն ու լիազոր մարմինը կարող են բանակցել միջոցառման անցկացման վայրի, ժամի և այլ հարցերի վերաբերյալ:






Facebook
Tweet This
Email This Post
